«Փաշինյանն ինքն է՞լ էր նախկին իշխանությունների կողմից նշանակված ընդդիմություն ու նրանց էլ քննադատում էր՝ ըստ համապատասխան հանձնարարականների»
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն ինքն է՞լ էր նախկին իշխանությունների կողմից նշանակված ընդդիմություն ու նրանց էլ քննադատում էր՝ ըստ համապատասխան հանձնարարականների»

Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին սովորականի պես իր ակտիվ մասնակցությունը բերած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ սովորական հայտարարությունների, կատարել է ևս մեկ ուշագրավ բարձրաձայնում։

Համենայն դեպս, այդ է փաստում երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի ռեպորտաժը։ Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախընտրական ելույթում հայտարարել է, որ քարոզարշավի սրությունը հենց նրանով է պայմանավորված, որ քաղաքական դաշտը նախապես չի բաժանվել, իշխանությունը ընդդիմություն չի նշանակել, ոչ մի քաղաքական ուժ թատրոն չի խաղում…

Նա մասնավորապես նշել է. «Այժմ չկա այնպիսի բան, որ երկրի ղեկավարը ասում է՝ դե գիտես ի՞նչ, դու եղիր ընդդիմություն։ Դու կլինես ընդդիմություն, կասես… սենց, ու կգնաս ինձ կքննադատես, ես էլ կասեմ սենց, հետո դու կասես սենց, ես էլ կասեմ սենց…»։

Միգուցե կարելի էր ասվածի հետ համաձայնել, կարելի էր ընդունել կամ չընդունել, կարելի էր անգամ ընդհանրապես ուշադրություն չդարձնել այս հայտարարությանը, եթե այն չհնչեր երկրի վարչապետի շուրթերից, ով ոչ վաղ անցյալում ամենաընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկն էր ու ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը։

Անհասկանալի է, թե ինչ պիտի մտածի միջին վիճակագրական, մտածելու ունակություն ունեցող ընտրողը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է՞լ էր նախկին իշխանությունների կողմից նշանակված ընդդիմություն ու նախկին իշխանություններին էլ քննադատում էր՝ ըստ համապատասխան հանձնարարականների, թեպետ իր հետագա խոսքում ավելացնում է. «Ուրախ եմ, որ դուք համոզվեցիք, որ առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կար…»։

Սրանից էլ ակնհայտ է դառնում, որ վերևում ասվածն այնքա՞ն էլ այդպես չէ։ Մի խոսքով, իսկական խառնաշփոթ, բայց դեռ էֆեկտիվ։

Ի դեպ, ժամանակին Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի մասին համառորեն լուրեր էին տարածվում (ընդ որում, այդ խոսակցությունները վերջնականապես դեռ չեն էլ դադարել), որ Փաշինյանը հեռահար նպատակով «գծված« իշխանական «պրոյեկտ» է, որին թույլատրվում է իշխանություններին դաժանաբար քննադատության ենթարկել։  Թավշյա հեղափոխության օրերին տարածված վարկածներից մեկի համաձայն՝ նախկին իշխանությունների մի «թևի» հետ համագործակցող Փաշինյանը, պայմանավորվածության համաձայն՝ վերջին պահին խախտել է «պատվիրատուների» հետ ունեցած պայմանավորվածությունը։ Ըստ ներիշխանական կուլիսներում և որոշ գերտերություններում վաղօրոք գծված այդ նախագծի՝ Փաշինյանը, գեներացնելով հասարակության կրքերը և մոբիլիզացնելով փողոց դուրս բերված/եկած զանգվածներին, պետք է հասներ Սերժ Սարգսյանի հրաժարականին («Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո), ապա հենց ինքն էլ հանգստացնելով շիկացած կրքերը (Սարգսյանի հրաժարականին հասնելուց հետո)՝ դուրս գար խաղից։ Նա, սակայն, շատ արագ կողմնորոշվեց՝ ինչո՞ւ իշխանությունը տամ ուրիշին, եթե կարող եմ ինքս վերցնել…

Հակված չենք, իհարկե, հավատալ ասվածի՝ վերին ատյանի ճշմարտություն լինելուն, սակայն, երբ քաղաքային իշխանությունների նախընտրական քարոզարշավը որևէ կապ չի ունենում քաղաքային խնդիրների վերհանման ու դրանց լուծման ուղիների առաջարկի և ծրագրային դրույթների քննարկման հետ, երբ այսրոպեական էֆեկտ ապահովելու համար պոպուլիզմը հատում է հնարավորինի ու անհնարինի սահմանները, կարող են ի հայտ գալ նաև այսպիսի եզրահանգումներ։

Այնպես որ, թյուրըմբռնումներից խուսափելու համար երևի թե արժե հիշել, թե այս անգամ ինչ առիթով ենք հավաքվել, ու խոսել Երևանի խնդիրներից։

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Հույս ունենք, որ իշխանափոխություն-հեղափոխությունից առաջ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն առնվազն կվիրավորվեն Փաշինյանի այս արտահայտություններից և պարզաբանում կպահանջեն, որի արդյունքում նրանք դառնում են Բաղրամյան 26-ի հաճախորդ, «իշխանական պրոյեկտ»։



Նման նյութեր