Կեսարյան հատում` ամենատարածված ու քննարկված թեման
Advertisement 1000 x 90

Կեսարյան հատում` ամենատարածված ու քննարկված թեման

Կեսարյան հատումը ծննդաբերության վիրաբուժական մեթոդ է: Տարեկան ծննդաբերությունների մոտ 1/3-ը իրականացվում է կեսարյան հատման միջոցով:

Հատումը հիմնականում իրականացվում է հղիության 39-րդ շաբաթից հետո, երբ երեխան լիովին զարգացած է և կենսունակ: Երբեմն հարկ է լինում ծննդօգնության նման տարբերակի գնալ ավելի վաղ շրջանում՝ ելնելով առողջական ցուցումներից:

Ի՞նչի համար են դիմում կեսարյան հատման

Երբ բնական ծննդաբերական ուղիներով երեխայի ծնունդը վտանգված է կամ կան խոչընդոտներ, ծննդօգնության միջոց է ընտրվում Կեսարյան հատումը:

Երբեմն կեսարյան հատումը պլանավորվում է հղիության ավելի վաղ փուլերում, սակայն հիմնականում որոշումը կայացվում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են բարդություններ:

Կեսարյան հատման ցուցումներն են՝

  • Երեխայի զարգացման խնդիրները
  • Մոր ծննդաբերական ուղիների և երեխայի գլխի չափսերի անհամապատասխանությունը
  • Երեխայի հետույքային առաջադրությունը: Ծննդաբերական ուղիներով անցնելիս երեխան պետք է անցնի գլխով առաջ՝ բացելով ճանապարհ մարմնի համար: Հետույքային կամ ոտքերը դեպի առաջ դիրքի դեպքում առաջանում են մեծ դժվարություներ:
  • Հղիության վաղ բարդությունները
  • Մոր առողջական վիճակը (բարձր զարկերակային ճնշում, սիրտ-անոթային հիվանդություններ)
  • Մոր մոտ գենիտալ հերպեսի առկայություն սուր փուլում կամ այլ սեռավարակների հայտնաբերում (ինչը մեծ հավանականությամբ կարող է փախանցվել երեխային): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում հաշվի են առնում օրգանիզմի վիրուսային ծանրաբերռնվածությունը:
  • Նախկին հղիությունների ժամանակ իրականացված կեսարյան հատումը
  • Պլացենտային հետ կապված բարդությունները (առաջադիր պլացենտա)
  • Պորտալարի հետ կապված խնդիրները
  • Ծննդաբերության ընթացքում երեխայի մոտ զարգացող թթվածնաքաղցը

Կեսարյան հատման ռիսկերը

Գնալով` Կեսարյան հատումը դառնում է ծննդօգնության ավելի ու ավելի տարածված մեթոդ, սակայն այն այնուամենայնվ վիրաբուժական միջքամտություն է, ինչը կրում է որոշակի ռիսկեր թե՛ մոր, թե՛ երեխայի համար: Բնական ճանապարհով ծննդաբերությունը մնում է ամենանախընտրելի տարբերակը՝ բարդությունների բացակայության դեպքում:

  • Արյունահոսություն
  • Երեխայի շնչառական խնդիրներ, հատկապես մինչև 39-րդ շաբաթը իրականացնելու դեպքում
  • Հաջորդող հղիությունների ռիսկ
  • Վիրահատության ընթացքում երեխայի վնասվածք հասցնելու հավանականություն
  • Ավելի երկար վերականգնողական շրջան (ծննդուղիներով ծննդաբերության հետ համեմատ)
  • Վիրահատության ընթացքում միզասեռական օրգաների վնասվածքի հավանականություն
  • Հետվիրահատական բարդությունների առաջացում՝ կպումներ, ճողվածքներ և այլն

Անզգայացման մեթոդները

Վիրահատությանը պետք է նախապատրաստվել: Անզգայացման առաջարկվող մեթոդներից ընտրում են հետևյալ երեքից մեկը՝

  • Սպինալ: Անզգայացնող նյութը ներարկվում է ողնուղեղի շրջապատող թաղանթներց ներս, ինչը նպաստում է մարմնի ստորին հատվածի զգացողության ժամանակավոր վերացմանը: Գիտակցույթունը պահպանվում է:
  • Էպիդուրալ: Անզգայացնող նյութը ներարկվում է ողնուղեղը ծածկող թաղանթներից դուրս (ընդ որում անզգայացման այս մեթոդը կիրառում են նաև բնական ծննդաբերությունների համար՝ ցավերը մեղմելու նպատակով): Գիտակցությունը պահպանվում է:
  • Ընդհանուր անզգայացում: Անզգայացնող նյութը ներարկվում է ներերակային և ապահովում է ամբողջ մարմնի անզգայացում և գիտակցության ժամանակավոր անջատում:

Ինչպե՞ս է իրականացվում կեսարյան հատումը

Բուն վիրահատության ընթացքում բժիշկը լայնական, հորիզոնական հատում է որովայնի ստորին հատվածը, ցայլային մազածածկույթից փոքր-ինչ վերև: Հազվադեպ, հիմնականում շտապ դեպքերում արվում է ուղղահայաց կտրվածք: Որովայնը հատելուց հետո երևում է արգանդը, ինչը նույնպես հատվում է բժշկի կողմից: Երեխան դուրս է բերվում արգանդի խոռոչից:

Բժիշկները ստուգում են երեխայի վերին շնչուղիները և մաքրում դրանք հնարավոր կուտակված հեղուկից: Դրանից հետո հատում են պորտալարը և երեխային հանձնում են մանկաբույժներին: Կենսունակաությունը գնահատելուց հետո, բժիշկները երեխային հանձնում են մորը: Մինչ մանկաբույժները զբաղվում են նորածնի վիճակի գնահատմամբ, գինեկոլոգները ավարտում են վիրահատությունը՝ կարեր դնելով արգանդին և որովայնի պատին:

Հետվիրահատական շրջան

Վիրահատությունից հետո ծննդկանը մնում է ծննդատանը սովորաբար մոտ երեք օր և բարդությունների բացակայության դեպքում երեխայի հետ դուրս է գրվում: Կեսարյան հատումից հետո հետվիրահատական խնամքը պետք է շարունակել նաև տնային պայմաններում:

  • Խուսափել ֆիզիկական աշխատանքից, հատկապես հետվիրահատական առաջին շաբաթվա ընթացքում
  • Խմել շատ քանակով հեղուկներ, վիրահատության ընթացքում կորցրածը վերականգնելու համար
  • Խուսափել սեռական հարաբերությունից 4-6 շաբաթների ընթացքում
  • Խմել ցավազրկողներ անհրաժեշտության դեպքում` բժշկի նշանակումով
  • Դիմել հոգեբանի օգնությանը հետծննդաբերական դեպրեսիայի կամ տրամադրության այլ շեղումների դեպքում

Հետվիրահատական շրջանը կեսարյան հատումից հետո  անցնում է առանց բարդությունների, սակայն որոշ դեպքերում հնարավոր են խնդիրների առաջացում: Հետևյալ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին՝

  • Ցավեր կրծքերի շրջանում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • Առատ և տհաճ հոտով արտադրություն, ինչպես նաև արյունահոսություն հեշտոցից
  • Ցավեր միզարձակման ընթցքում
  • Հետվիրահատական կարի բորբոքում՝ ջերմության բարձրացում, կարի այտուցվածություն, կարմրություն, արտադրություն:

Ներկայում կանայք նախընտրում են կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եթե չկան հակացուցումներ, կանանց հորդորում է նախընտրել բնական ծննդաբերությունը:

mymed.am