Առավոտյան թեթև գայթակղություն կար «մի վսե ումրյոմ» ոճի բան գրելու, բայց չէ… Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

Առավոտյան թեթև գայթակղություն կար «մի վսե ումրյոմ» ոճի բան գրելու, բայց չէ… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանի հրապարակումը.

Առավոտյան թեթև գայթակղություն կար «մի վսե ումրյոմ» ոճի բան գրելու, բայց չէ… Ասել եմ ու կասեմ. եթե ընդդիմություն, ապա միայն ու միայն կառուցողական, ապակառուցողականից մինչև կոկորդներս կուշտ ենք։ Ըստ այդմ՝ փորձեմ լինել ինչքան կարողանամ անկողմնակալ։

Նախ արձանագրենք. Հայաստանի նախորդ ԲՈԼՈՐ իշխանությունները կարողացել են ստեղծել աշխատող պետություն։ Անհամար թերություններով, շատ տեղերում անբավարար արդյունավետությամբ, բայց մե´կ է՝ աշխատող։ Ստեղծել են պետական համակարգ, որը ապրիլ-մայիսի շատ լուրջ ցնցումներից չկործանվեց ու շարունակեց գործել մեկ, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ երկու ամիս առանց ղեկավարության, միայն միջին և ստորին օղակների աշխատանքի հաշվին։

Ստեղծել են բանակ, որը (մեկ միջադեպից զատ) կարողացավ զերծ մնալ քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և այս խառը փուլում պաշտպանել երկիրն արտաքին վտանգներից։

Երկրորդը՝ Հայաստանում ձևավորվել էր (չգիտեմ ինչ հրաշքով) քիչ թե շատ հասուն քաղաքական համակարգ (գիտեմ, հիմա շատերը չեն համաձայնվի, բայց…)։ Դրա շնորհիվ է, որ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես սխալ էի, իսկ Նիկոլը ճիշտ», դրա շնորհիվ է, որ իշխանափոխությունը եղավ գրեթե անարյուն, դրա շնորհիվ է, որ օրինականության ճգնաժամ դեռ չկա (ու հուսանք՝ չի էլ լինի) և այլն, և այլն։

* * *

Ինչը չկարողացան անել նախորդ իշխանությունները. ստեղծել հայաստանակենտրոն, Հայաստանի շահերը սպասարկող գիտակրթական համակարգ, ինչի էլ հետևանքն է քաղաքացիական գիտակցության շատ ցածր մակարդակը, միջին վիճակագրական քաղաքացու քաղաքական տհասությունը։

Կարծում եմ, որ սա ամենակարևորն է և այդ հարցում լիովին համաձայն եմ Artur Danielianի այսօրվա գրածի հետ (ու համաձայն չեմ «Հայաստանը սուվերեն չէ» իր գնահատականի հետ)։

* * *

Չնայած շատերիդ հակառակն է թվում, բայց պետք է ասեմ. ես ապրիլ-մայիսյան իշխանափոխությունը չեմ համարում միանշանակ վատ երևույթ։ Նիկոլը և Co-ն ունեին (գուցե և հիմա էլ դեռ ունեն) եզակի շանս հին համակարգի բազմաթիվ դեֆեկտներից ազատվելու, շատ բաներ նոր էջից սկսելու։ Ընդհանրապես ճգնաժամից ցանկացած համակարգ կարող է դուրս գալ ավելի ուժեղ, քան մինչ այդ էր, հարցը ճգնաժամային ճիշտ կառավարումն է ու եղած սուղ ռեսուրսներն առավել ճիշտ օգտագործելը։

Ամենամեծ վտանգը, որ այսօր տեսնում եմ՝ Նիկոլի եսակենտրոնությունն է և անհագուրդ հավակնոտությունը։ Նա մի կողմից ոչ ոքի չի վստահում, մյուս կողմից ուզում է ամեն ինչ միանձնյա որոշել։ Նա վերցնում է իր վրա բոլոր գործերը՝ պիառից սկսած, Երևանը կառավարելով վերջացրած (ու հենց այդ պատճառով էլ առաջ է մղում Հայկոյի պես թույլ խաղացողի, որն առանց Նիկոլի 10 րոպե էլ չի մնա քաղաքապետի աթոռին)։

Այս մոտեցումը թե´ նվազեցնում է ներկա վարչակարգի կենսունակությունն ու արդյունավետությունը, թե´ լուրջ վտանգներ է ստեղծում պետության համար, քանի որ Հայաստանը Խաղաղ օվկիանոսի կենտրոնում աշխարհից կտրված կղզի չէ։

* * *

Եզրափակելով՝ կրկնեմ նախկինում ասածս. անկախության ամրապնդման համար մեկ խնդիրը կրթական համակարգի կայացումն է։

Շնորհավոր անկախության տոնը, պայծառ ապագա մեր երկրին՝ ուժեղ պետություն, խոհեմ իշխանություն, կառուցողական ընդդիմություն։



Նման նյութեր