«Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ պատմական այս փուլում նրանք իրավասու են իրացնել միայն համաժողովրդական նպատակներ». Հրանտ Տէր-Աբրահամեան
Advertisement 1000 x 90

«Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ պատմական այս փուլում նրանք իրավասու են իրացնել միայն համաժողովրդական նպատակներ». Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը.

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքի իմ ընկերներին՝ վստահ լինելով, որ նրանք շատ լավ գիտակցում են, որ «միլիոն տոկոսը նաև միլիոն պատասխանատվություն է»:

Նրանք հիմա պատասխանատու են 80 տոկոս ժողովրդի առաջ, իսկ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ պատմական այս փուլում նրանք իրավասու են իրացնել միայն համաժողովրդական նպատակներ, միայն այնպիսի ծրագրեր, որոնք համապատասխանում են հայ ժողովորդի մեծամասնության պահանջներին, պատկերացումներին և աշխարհայացքին:

Որևէ մասնավոր շահ, առանձին գաղափարախոսություն, հատվածային պատկերացում, կուսակցականություն հակասում է 80 տոկոսանոց մանդատին:

Կուսակցությունը չի կարող ստանալ 80 տոկոս, այլ միայն համաժողովրդական շարժումը: Կուսակցական ծրագրերը չեն կարող հաղթել 80 տոկոսով, այլ միայն համաժողովրդական ակնկալիքները:

Եթե այս իրողությունը խորապես գիտակցվի, այս 80 տոկոսը երբեք չի վերածվի իրենց հակառակի, ինչպես հաճախ եղել է պատմության մեջ այլ ուժերի հետ:

Նաև պետք է հիշել, որ չնայած փայլուն հաղթանակն ընտրություններում վկայում է ժողովրդական աջակցության մասին, սակայն, ի տարբերություն ժողովորդի, որը կազմակերպված ուժ չէ այս պահին, էլիտաները, որոնք գնալով ավելի ու ավելի են միավորվելու ձեր դեմ, ինչպես նաև արտաքին ուժերը կազմակերպված միավորներ են: Որոշակի շոկից հետո նրանք շարունակելու են պայքարը նոր իշխանության դեմ նոր թափով ու եռանդով, նույնիսկ ավելի ծայրահեղացված դիրքերից:

Նրանց ձեռքում են շարունակում մնալ ռեսուրսները:

Նրանցն է ԶԼՄ դաշտը, փողը, որոշ չափի արտաքին կապեր, կազմակերպվածությունը և այլն: Այս ամենը չի կարելի անտեսել, որովհետև կազմակերպված փոքրամասնությունները հաջողությամբ կարող են դիմադրել անկազմակերպ մեծամասնություններին:

Վերջապես պետք չէ վախենալ «ավտորիտարիզմի» հեռանկարից: Իբր 80 տոկոսը վախենալու է, քաղաքական մենաշնորհի նշան է և այլն:

Պետք է հստակ գիտակցել, որ մեծ նպատակները կարող են ձևակերպվել և լուծվել միայն միասնության վրա հիմնված վճռական քաղաքական կամքով:

Բազմակուսակցական համակարգերը, որոնց հիմնական նպատակն ու իմաստն էլիտար տարբեր խմբերի միջև կոմպրոմիսներն են, մեծ նպատակների լուծման կամ համաժողովրդական պահանջների ի կատար ածման գործիք չեն: Դրանք արդյունավետ են լրիվ այլ քաղաքական իրավիճակներում»:



Նման նյութեր