Վահան Իշխանյանի հրապարակումը.
Ուղեղների մեծ լվացքի երկրորդ հանգրվանը
2008-ի մարտի մեկին հազվագյուտ լրատվամիջոցներ էին անկողմնակալ լուրեր հաղորդում, բազմաթիվ անկախ կոչվող լրատվամիջոցներ դարձել էին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի խոսափողները։ Նրանք ներկայացնում էին միայն ոստիկանության բռնությունները ու լռում կամ թաքցնում ցուցարաների բռնությունները։ Դրանցից մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանն էր որ միակողմանի միայն ԼՏՊ-ի թիմին հաճելի լուրեր էր հաղորդում։ Այն աստիճան կողմնակալ էր որ նույնիսկ մի քանի լրագրողներ չկարողանալով համակերպվել լրագրողական մասնագիտությունը ու էթիկան խախտող իրավիճակին, որ դուրս եկան աշխատանքից։ Եթե հաշվի առնենք, թե աղքատ երկրում ինչ բարձր աշխատավարձեր են տալիս «Ազատություն»-ում, ապա աշխատավարձի և լրագրողական մասնագիտության մեջ նրանց ընտրությունը երկրորդի օգտին, համարձակ քայլ էր։ Տեղեկություն ստացվեց, որ նույնիսկ Ազատություն ռադիոկայանի ղեկավարության քննարկման առարկա է դարձել հայկական ծառայության կողմնակալ աշխատանքը։
10 տարի անց, այժմ, երբ մարտի 1-ի թեման թեժացել է, «Ազատություն»-ը ակտիվորեն կրկին միակողմանի պրոպագանդա է անում, ընտրողաբար խոսացնում է ինչ որ ականտեսների, որոնք պատմում են միայն ոստիկանության դաժանությունների մասին, ավելին՝ դարձել է ՀՔԾ-ի խոսափողը։
«Ազատության» քարոզչությունը 10 տարի առաջ ոչ բոլորին էր կարողանում մոլորեցնել, բայց այսօր այն շատ ավելի արդյունավետ է աշխատում, քանի որ նույնիսկ շատերը ովքեր ավելին գիտեն մարտի 1-ի մասին, այժմ հաճույքով տրվում են խաբեությանը, քանի որ իրենց աչքում փրկիչ հանդիսացող վարչապետն է գործը կրկին բացել՝ Փաշինյանը ով ցուցարաների առաջնորդներից էր, և չեն ուզում նրա քայլերի մեջ հանկարծ սխալ նկատվի։
Այս առիթով. 2008 մարտին Armenianow-ն պարբերաբար հրապարակում էր մարտի 1-ի ականատեսների վկայություններ, դրանցից մեկը ոստիկանինն է:
Ստորև նյութը, որը հեչ մոդայիկ չի, այս օրերին։ Հղումը այստեղ
«Ի՜նչ ատելություն». ոստիկանի պատմածը
«Զինվորները` մահակներով ու վահաններով, լրիվ փողոցը փակեցին, սկսեցինք առաջ գնալ, սեղմել ժողովրդին դեպի դեսպանատուն: Կարծում էինք` զինվորների գալու շուխուրից կցրվեն։ Գնացինք մի 20 մետր, հանգստացանք, անգամ սիգարետ կպցրի, հո չեն դիմադրի: Հետո առաջին պայթյունը լսեցի, ուղիղ զինվորների դիմաց: Մեր մասնագետ տղերքից մեկն ասաց` էս հաստատ գրանատ ա»,- պատմում է մարտի 1-ի իրադարձություններին մասնակից ոստիկանության զորքերի մի սպա, որ չցանկացավ իր անունը հրապարակել։
Նա մասնակցել է ոստիկանության գործողություններին առավոտվանից, միայն օպերայի հրապարակի նստացույցը ցրելիս ներկա չի եղել։ Պատմում է, որ կեսօրից անց իրենց զորամիավորումը տեղակայվել է Մյասնիկյանի արձանի դիմաց, իսկ այն բանից հետո, երբ ընդդիմության ակտիվիստ, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը կոչ է արել ժողովրդին գնալ Մատենադարանի մոտ հանրահավաքի, իրենք տեղափոխվել են Օպերայի մոտ, սակայն երեկոյան կրկին հետ են եկել:
«Տեղեկություն բերեցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հրահանգ է տվել ցուցարարներին չշարժվել, թե այդտեղ ամենահարմար տեղն է, թե իբր եթե շարժվեն դեպի Մատենադարան, իրենց ծուղակի մեջ կգցեն։ Հետ գնացինք, արդեն սկսվել էին անկարգությունները»։
Սպան ասում է, որ նռնակի պայթյունը խուճապ առաջացրեց զինվորների մեջ. նրանք պատրաստ չէին, որ իրենց դեմ հրազեն կօգտագործվի: «Աջ թևում տեսա` մեր հրամանատարին դուրս են բերել, մեկը ժգուտը բռնել է, որ ոտը կապի, էս ոտը ձգում է, էն ոտն էլ է արյունոտված, ժգուտ գցողի գլուխն էր բացված, մեկ էլ մի զինվորի ոտքերը թուլացած քաշեցին էս կողմ, արդեն մի խուճապ սկսեց մեր մեջ, հետո զինվորներից մեկն էլ գնդակի վնասվածք ստացավ, վիզը ծակել-անցել էր»։
«Մերոնք սկսեցին նահանջել, նահանջել-վրա տալ, նահանջել-վրա տալ, բայց սրանք արդեն կատաղել էին: Էն ի՜նչ պայթյուններ էին։ Սեղմելով, սեղմելով` եկանք հասանք Լեոյի փողոց, մեկ էլ հետևից` Պարոնյանի կողմից, սկսեցին քարեր շպրտել»։
Սպան ասում է, որ կռվի ամենաթեժ պահին գալիս է ոստիկանության հատուկ ջոկատը և սկսում օդ կրակել լուսածրային փամփուշտներով։ «Հատուկ տռասիռույուշչիով էին կրակում, որ երևա կրակոցների ուղղությունը, որ տեսնեն` օդ են կրակում։ Բայց կրակոցները չեն հանգստացնում, ժողովուրդը գազազած վրա է տալիս։
«Գազազած մասսա` տենց բան չեմ տեսել, մի ոհմակ, էդ ի՜նչ ատելություն, աշխարհի վրի քֆուրները տալիս են՝ թուրքեր, գնացեք ձեր Ղարաբաղ։ Ասեմ, որ սուտ են ասում, թե Ղարաբաղից զորք ա եղել, միայն եղել է ոստիկանության սպեցնազն ու ոստիկանության զորքերը։ Միայն արտակարգ դրությունից հետո է բանակ երևացել»։
Նա պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները ժողովրդի կողմը ոչ մի փամփուշտ չեն կրակել, թեև զինվորները իրենց մեղադրում էին, որ զենք չեն տվել պաշտպանվելու համար. «Ասում էին` զենք տվեք, խի՞ զենք չեն տվել: Նայեք, Մխոյին խփեցին, մյուսին խփեցին»։
Իսկ ցուցարարների միջից կրակոց լսել է. «Անընդհատ գրոհում էին, գիտեին, որ մենք չենք կրակելու, մոտենում` լոմեր, քարեր էին գցում, հետո ինչ-որ բան էին գցում, ծուխը կապում ա, ու կրակում են: Ուզում ես տեսնես` որտեղից էր, ծուխը փակում ա դեմդ, էլ ոչինչ չես տեսնում։ Վիճակներս ծանր էր, զանգում ասում էին` մի քիչ էլ դիմացեք, հիմա նախագահը հրամանագիրը կստորագրի»։
Տեսել է, թե ինչպես ցուցարարները զինվորներ բերած մի ավտոբուս են վառել` վարորդը մեջը. «Զինվորներին իջեցրել է, հենց խոդ ա տվել, լարվել են ավտոբուսի հետևից: Էկավ` Լեոյով ֆռաց, արդեն մեջը բոց էր: Ես տեսա վարորդին, ինչ-որ բան էր փնտրում շուրջը: Գոռում եմ` իջի փախի, մեկ էլ ծուխ գոյացավ, ու ավտոբուսը փակվեց: Ծուխը ցրվեց, վարորդը չկար, չիմացանք` ի՞նչ եղավ, ավտոբուսը էնպես էր վառվել, որ համարները նույնիսկ մոխրացել էին»։