Կլեոպատրա
Advertisement 1000 x 90

Կլեոպատրա

Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը Կլեոպատրայի մասին:

Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա Է Ֆիլոպատորը ծնվել է մթա 69 թվականին: Նա Պտղոմեոս ԺԲ Ավլետես թագավորի, ով, ի դեպ, գահ բարձրացավ Տիգրան Մեծի զինական աջակցությամբ, ավագ դուստրն էր: Բացի Կլեոպատրան՝ Պտղոմեոսն ուներ ևս երկու որդի և երեք դուստր: Պտղոմեոս ԺԲ որդիներն իրենից հետո գահ բարձրացան որպես Պտղոմեոս ԺԳ և Պտղոմեոս ԺԴ՝ իրենց գահակից ունենալով քրոջը՝ Կլեոպատրային: Կլեոպատրան սիրում էր հորը, այդ իսկ պատճառով ընտրել էր Ֆիլոպատոր մականունը, ինչը նշանակում է Հայրասեր:

Եգիպտոսում տարածված էր ՙսրբազան ամուսնության՚ սովորույթը, և Կլեոպատրան ամուսնացավ իր եղբայրների հետ: Սովորույթի նպատակն այն էր, որ արքայական դինաստիային այլ արյուն չխառնվի և գահի թեկնածուներ ուրիշ տոհմերից չհայտնվեն:

Պտղոմեոս ԺԲ լինելով կիրթ գահակալ՝ իր պալատ էր հրավիրել ժամանակի ուսյալ շատ այրերի, ովքեր զբողվեցին նաև արքայազունների կրթությամբ: Կլեոպատրան հռոմեացի պատմիչների հավաստմամբ՝ ժամանակի ամենաուսյալ անձանցից էր. Բացի լատիներենին և հունարենին՝ նա տիրապետում էր նաև ասորերեն, եբրայերեն, արաբերեն, մարերեն, պարսկերեն, հաբեշերեն, ղպտերեն լեզուներին: Նա նաև հմուտ էր մաթեմատիկայի և քիմիայի ասպարեզներում: Մի անգամ թագուհին հայտարարեց, որ կարող է ճաշի ժամանակ ուտել ահռելի գումարի` մեկ միլիոն սեստերցիումի ուտեստ: Վերցնելով այդ արժեքի մարգարիտներ` ճաշից առաջ գցեց խնձորի քացախով լի  գավաթի մեջ: Մարգարիտները շուտով լուծվեցին և նա խմելով քացախը` կատարեց խոստումը:

Կլեոպատրայի առաջին ամուսինը ավագ եղբայրն էր՝ իննամյա Պտղոմեոս ԺԳ: Նրա մահից հետո թագուհին ամուսնացավ մյուս եղբոր՝ Պտղոմեոս ԺԴ թագավորի հետ և լույս աշխարհ բերեց իր առաջնեկին:

Հետագայում թագուհին ևս չորս զավակ լույս աշխարհ բերեց՝ Կեսարիոնը՝ Հուլիոս Կեսարից, ապա երկու որդի և մեկ դուստր՝ Կլեոպատրա Սելենա և Պտղոմեոս՝ Անտոնիոսից: Անտոնիոսի և Կլեոպատրայի մյուս՝ վեցամյա որդին՝ Ալեքսանդր Հելիոսը, հայոց գահի հավակնորդներից էր…

Մթա 51 թվականին մահանում է Պտղոմեոս ԺԲ և գահն անցնում է Պտղոմեոս ԺԳ–ին և Կլեոպատրային: Սակայն երիտասարդ ամուսինները չեն կարողանում հաշտ գահակալել, Կլեոպատրան սկսում է դավել եղբորը, ով երկու տարի անց մայրաքաղաքից արտաքսում է Կլեոպատրային: Կլեոպատրան հեռանում է Ալեքսանդրիայից և զորք հավաքում՝ գահին բռնությամբ տիրելու համար: Սակայն բախումը կանխվեց Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից, ով Եգիպտոս գալով՝ փորձեց հաշտեցնել գահակալներին:

Կեսարը մայրաքաղաք հրավիրեց Կլեոպատրային: Վերջինս չկարողանալով խարդավանքներով և բռնությամբ գահակալության խնդիրը լուծել իր օգտին՝ որպես զենք օգտագործեց իր հմայքը՝ դառնալով Կեսարի սիրուհին: Նա, ինչպես հաղորդում է Պլուտարքոսը, հրամայեց իրեն փաթաթել սավանների մեջ, ամուր կապել պարաններով և ներկայացնել Կեսարին… որպես գերի… այսպիսով թագուհին նախ շարժեց Կեսարի գթասրտությունը, ապա՝ գերեց նրան իր հմայքով: Կլեոպատրայի խորհրդով Կեսարը սպանեց ոչ միայն Պտղոմեոս ԺԳ-ին, այլև նրա թիմակիցներին:

Եգիպտական գահ բարձրացավ Կլեոպատրա Է թագուհին՝ կողքին ձևական գահակից և ամուսին ունենալով կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս ԺԴ-ին:

Դառնալով Կեսարի սիրուհին՝ Եգիպտոսի թագուհին մթա 47 թվականին նրան որդի պարգևեց՝ Կեսարիոնին: Նա անգամ Հռոմ այցելեց, ուր, շատ ուսումնասիրողների կարծիքով, Հուլիոս Կեսարն ու Կլեոպատրան անգամ ամուսնացել են:

Կլեոպատրան հույս ուներ, թե Կեսարիոնը կդառնա Հուլիոս Կեսարի ժառանգորդը հռոմեական գահին: Սակայն, չնայած, որ Կեսարը չէր թաքցնում Կեսարիոնի նկատմամբ իր գորովանքն ու հայրությունը, նա որդեգրեց իր քրոջ թոռանը՝ Օկտավիանոսին, և նրան նշանակեց իր ժառանգորդ:

Մթա 44 թվականին Հռոմում սպանվեց Հուլիոս Կեսարը: Կլեոպատրան վտանգ զգալով՝ վերադարձավ Եգիպտոս:

Մի քանի տարի անց, Մարկոս Անտոնիոսը դառնալով Հռոմի եռապետ և կառավարման ոլորտ ընտրելով Արևելքը՝ ժամանեց Ալեքսանդրիա: Անտոնիոսը մեծամիտ, գոռոզ տիրակալ էր, ով ձգտում էր հասնել Ալեքսանդր Մակեդոնացու փառքին և նվաճել ողջ Արևելքը: Նրա փառասիրությանը իր հմայքով ու ոգեշնչմամբ հագուրդ տվեց Կլեոպատրան, ով իր դիրքերն ամրապնդելու համար առանց վարանանքի Անտոնիոսի սիրուհին դարձավ, իսկ մթա 37 թվականին, նրանք նաև ամուսնացան:  Անտոնիոսին թագուհին դիմավորեց հատուկ այդ նպատակով կառուցած կարմիր մահուդե առագաստներով մի նավով, որ ամբողջովին ծածկված էր վարդի թերթիկներով…

Մթա 36 թվականին Անտոնիոսը մեծ արշավանք սկսեց Պարթևստանի դեմ: Հայոց Արտավազդ Բ արքան չկամեցավ մասնակցել այդ արկածախնդրությանն ու չմիացավ Անտոնիոսին: Վերջինս խայտառակ պարտություն կրեց պարթևներից և զորքի մնացորդներով ճողոպրեց Հայաստան: Հայոց արքան ընդունեց հռոմեացիներին՝ փրկելով նրանց վերջնական կործանումից: Հեռանալով Եգիպտոս՝ Անտոնիոսն ու Կլեոպատրան միտք հղացան և իրենց խայտառակությունը կոծկելու համար դավաճանության մեջ մեղադրեցին հայոց արքային:

Նրանք ծուղակ պատրաստեցին Արտավազդի դեմ: Նախ խնամախոսություն ուղարկեցին Արտաշատ՝ առաջարկելով, որ Արտավազդի 11-ամյա դուստրը ամուսնանա Անտոնիոսի և Կլեոպատրայի 6-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ: Հայոց արքան մերժեց:

Անտոնիոսը մեծ բանակով մոտեցավ Հայաստանի սահմաններին: Արտավազդ Բ նրա ճամբար գնաց՝ բանակցելու: Այդժամ ուխտադուրժ ու նենգ հռոմեացին կալանեց հայոց արքային և իր հետ Ալեքսանդրիա տարավ:

Հռոմեացի պատմիչները Անտոնիոսի այդ արարքի մասին ամոթանքով են գրում: Նրանք վկայում են, որ ոսկյա շղթաներով կալանված հայոց արքան Ալեքսանդրիայի շքահանդեսին անցավ հպարտ՝ գլուխը բարձր…

Անտոնիոսը կյանք խոստացավ Արտավազդ արքային, եթե վերջինս համաձայնվեր գլուխ խոնարհեր Կլեոպատրայի առջև: Հայոց հպարտ ինքնակալը հրաժարվեց խոնարհվել եգիպտական հարճի առջև և գլխատվեց Կլեոպատրայի հրամանով: Հույն ժամանակակից պատմիչը գրում է. «Հայերը ցույց տվեցին իրենց ոգու արիությունը և դրանով փառավոր անուն վաստակեցին»:

Անտոնիոսի արևելյան քաղաքականությունը մեծ դժգոհություն առաջացրեց Հռոմում: Նա նաև փորձեց Հռոմում միանձնյա կայսերական իշխանության հասնել: Բախումը Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև անխուսափելի դարձավ: Հանգուցալուծումը եղավ Հունաստանի մոտ՝ Ակտիումի ճակատամարտում:

Այս ճակատամարտում՝ մթա 31 թվականի սեպտեմբերի 2-ին, Անտոնիոսի և Կլեոպատրայի զորքը թվային առավելություն ուներ Օկտավիանոսի նկատմամբ. Անտոնիոսի  հրամանատարության տակ էին 120.000 լեգիոնական, 12.000 հեծյալ, 470 նավ: Օկտավիանոսն ուներ ընդամենը 80.000 լեգիոնական, 15.000 հեծյալ և 260 նավ:

Սակայն  ճակատամարտում Անտոնիոսի զորքը խորտակիչ հարված ստացավ:

Ճակատամարտի ավարտից հետո Անտոնիոսն ու Կլեոպատրան փախան  Ալեքսանդրիա: Ստանալով Օկտավիանոսի բանակի մոտենալու լուրը՝ Անտոնիոսն ինքնասպան եղավ՝ նետվելով իր սրի վրա:

Կլեոպատրան դարձյալ դիմեց իր կանացի հմայքին՝ փորձելով գերել Օկտավիանոսին: Սակայն վերջինս թագուհու բանբերին հստակ պատասխանեց, որ Կլեոպատրան կզարդարի Հռոմում կայանալիք Օկտավիանոսի հաղթահանդեսը:

Դա մահից վատ էր փառատենչ ու գոռոզ եգիպտուհու համար: Եվ Կլեոպատրան վերջ տվեց իր կյանքին՝ ձեռքը մտցնելով սրվակը, ուր պահվում էր աշխարհի ամենաթունավոր օձերից մեկը՝ աֆրիկյան Նայան…

Մինչ ինքնասպանությունը նա հանգամանորեն նախապատրաստվում էր մահվան. Ուսումնասիրում էր հանդերձյալ աշխարհը՝ անգամ իր ձեռքով դիահերձումներ կատարում, խնջույքներ կազմակերպում ննջեցյալների շիրիմներին…

Կլեոպատրան որոնում էր մահվան լավագույն տարբերակը. Իր ծառաների, դատապարտյալների վրա փորձեր կատարում. Ի վերջո՝ կանգ առավ օձի թույնի վրա:

Ինքնասպանության օրը նա արթնացավ զվարթ ու կայտառ: Լոգանք ընդունեց էշի կաթով ու մեղրաջրով լցված ավազանում, մարմինն օծեց անուշահոտ յուղերով ու բալզամով, գնաց իր ննջարան, ուր իրեն սպասում էր մահաբեր օձը… Դա մթա 30 թվականի օգոստոսի 12-ն էր…

Իսկ մահից օրեր առաջ Կլեոպատրան գրեց նաև իր պատգամը, որում մասնավորապես, անդրադարձել էր.

ՙԻմ հանգուցյալ թագուհի մորը նույնպես Կլեոպատրա էին կոչում, և ես հպարտությամբ եմ կրում նրա անունը, բայց ես իմ անվամբ հպարտանում եմ բոլոր դեպքերում, քանի որ այն գալիս է մեծն Ալեքսանդրի քրոջ անունից, անունս նշանակում է «Փառք նրա նախնիներին»: Ես ապրել և գահակալել եմ այդ պատգամին հավատարիմ մնալով, իմ կատարած բոլոր գործերը եղել են հանուն Եգիպտոսի և հանուն նախնիներիս ժառանգության պահպանման՚:

Իսկ հաղթանակած Օկտավիանոսը մտնելով Ալեքսանդրիա՝ չխնայեց անգամ Կլեոպատրայի մանկահասակ զավակին՝ Կեսարիոնին, ով կարող էր Հռոմի կայսերական գահի հավակնորդ հանդիսանալ: Օկտավիանոսի հրամանով սպանվեց Կեսարի և Կլեոպատրայի զավակը:

Առհասարակ, Կլեոպատրան պատմությանը հայտնի առաջին խոշորագույն կին գործիչն էր:

Նա աշխարհին հայտնի է նաև իր վավաշոտությամբ, տղամարդկանց նկատմամբ անսանձ հակումներով: Ուսումնասիրողները տնտղելով Կլեոպատրայի կյանքի մութ կողմերը՝ հետաքրքիր բացահայտումներ են կատարել: Նրա կողքով  չէր կարող անտարբեր անցնել ամեն տղամարդ: Եվ Կլեոպատրան պատրաստ էր գիշեր անցկացնել կամեցողների հետ՝ պայմանով, որ առավոտյան մահ է նվիրելու նրան: Եվ տարօրինակ է՝ գտնվում էին ցանկացողներ…



Նման նյութեր