Մենք այսօր գրել էինք, որ ԱԳՆ-ն հետ է վերցրել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։
Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մոտ մեկուկես-երկու ամիս առաջ են չեղյալ համարել դիվանագիտական անձնագրիրը։ Խոսքն այն մասին է, որ նախկին պաշտոնյաները, նախկին պատգամավորները եւ այլ անձինք, որոնք նախկին իշխանությունների օրոք նման անձնագրեր են ունեցել, զրկվել են այդ անձնագրերից։ Նոր օրենքով հստակ կա այն անձանց ցանկը, ովքեր ի պաշտոնե տիրապետում են նման անձնագրեր, եւ կան մարդիկ, որոնց վարչապետի որոշմամբ տրամադրվում են դիվանագիտական անձնագրեր՝ նպատակահարմարությունից, ելումուտի կարեւորությունից, անձի պետությունում ունեցած դերակատարումից ելնելով։ Ենթադրվում էր, որ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անձինք, օրինակ՝ Տիգրան Մանսուրյանը, Հենրիխ Մխիթարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հասմիկ Պապյանը եւ այլն, պետք է ունենան նման անձնագրեր։
«Ուղղակի ինքը էդ դիվանագիտական անձնագրով, երբ որ իր թիմը՝ «Արսենալ» ակումբը ճամփորդում էր և ինքը վիզայի խնդիր էր ունենում, գոնե դիվանագիտական անձնագիրը ինչ-որ մի բանով օգնում էր, որ ինքը էդ վիզայի պրոցեսները չանցնի, գիտեք՝ թղթային պրոցեսներ են, փաստաթղթեր են, որոնք շատ ժամանակ էին խլում իրենից և ժամանակ չէր լինում վիզան ստանալու։ Կամ, ասենք, թե, ինքը խաղ էր ունենում և գիշերը պետք է մեկներ, որ գար հավաքականին միանար,Դուք գիտեք՝ երկրներ կան, որտեղ «պասպորտ կոնտրոլում» շատ մեծ հերթեր են լինում, և դա իրեն օգնում էր, որ դիվանագիտական անձնագրով արագ անցներ։ Բայց էդ դիվանագիտական անձնագիրը վերցրել են շատ վաղուց»,-ասաց տիկին Թաշչյանը։
–Իսկ ձեզ պատճառը հայտնե՞լ են, թե ինչու են վերցրել։
-Չէ, մենք գիտենք, որ բոլորից են վերցրել, Հենրիխն էլ խելոք ուղարկել է։ Անգլիայում մեր դեսպանությունը դիմել է, մենք ուղարկել ենք, խնդիր չենք տեսել դրա մեջ։ Եթե գտնում են՝ դա է ճիշտը, թող էդպես անեն։
–Իսկ ինքը՝ Հենրիխը ծա՞նր է տանում, ինչպե՞ս է վերաբերվում այս փաստին։
-Չէ, շատ նորմալ, ծանր չի տանում։ Ուղղակի վերաբերմունքի հարց է էստեղ, որ այսօր Հենրիխի նման մի քանի հոգի ունենք, որ երկիրն են ներկայացնում, որ մարդիկ ճանաչում են մեր երկիրը, Հայաստանը, հետաքրքրվում են երկրով, դա է ուղղակի։ Շատ դիվանագետներ ունենք, որ անձնագիր ունեն, բայց իրենցից բան չեն ներկայացնում․․․ չգիտեմ, դա արդեն չգիտեմ, երևի գտնում են, որ իրենք ավելի արժանի են, քան Հենրիխը։
–Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմել կառավարությանը՝ վերականգնելու դիվանագիտական անձնագիրը։
-Ոչ, ոչ մի դեպքում, ինչի՞ պետք է դիմենք, կառավարությունը չգիտի՞ էդքան բանը, մե՞նք պետք է դիմենք։
–Ամեն դեպքում ձեզ համար սպասելի՞ էր կառավարության այս քայլը՞, թե՞ զարմացած եք այս փաստից։
-Ճիշտն ասած՝ բոլորս զարմացանք, Հենրիխն էլ, ես էլ, բոլոր ընտանիքի անդամները, բայց ոչ կռիվ տվեցինք, ոչ ինչ-որ դժգոհեցինք, շատ խելոք անձնագիրը ուղարկեցինք։ Հիմա, եթե կգտնեն, որ Հենրիխն արժանի է, թող տան, եթե չէ՝ մենք ասելիք չունենք։
–Վիրավորվածություն կա՞ ձեր մեջ այս հարցով։
-Չէ, ընդամենը վերաբերմունք է։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ