Վիկտոր Իսրայելյանը մասնագիտությամբ բժիշկ էր, հաղթական 1945 թվականին նա մեկ տարի դասավանդել է ԵՊՀ–ում։ Հավանաբար, արդեն այն ժամանակ 26-ամյա մասնագետին նկատեցին են ԱԳՆ–ում։ Երևանից նա հետ գնաց Մոսկվա` Դիվանագիտական ակադեմիա, այն գերազանց ավարտեց, ապա նրան ուղարկեցին Վաշինգտոն` Խորհրդային Միության դեսպանատանը խորհրդական աշխատելու համար։
Այդ ժամանակից ի վեր, կարճ դադարներով, նրա աշխատանքը կապված էր ԱՄՆ–ի հետ` ԽՍՀՄ–ի դեսպանատանը, ՄԱԿ–ին կից տարբեր առաքելություններում։ Իսրայելյանը շարունակեց ապրել Ամերիկայում նաև 1990 թվականին, երբ ԽՍՀՄ–ը դադարել էր գոյություն ունենալ։
ՄԱԿ–ի բոլոր գլխավոր քարտուղարներին, ինչպես նաև ԱՄՆ այն տարիների նախագահներից շատերին և, իհարկե, խորհրդային քաղաքական բարձրագույն էլիտայի ներկայացուցիչներին մոտիկից ճանաչող Իսրայելյանն աննկատ և ոչ հաճախ հիշատակվող անձնավորություն էր, թեև մասնակցում էր կարևորագույն իրադարձություններին։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի մի շարք նստաշրջաններում ԽՍՀՄ պատվիրակությունների անդամ էր, ՄԱԿ–ի տարբեր մարմիններում` երկրի ներկայացուցիչ։ Իսկ 1973 թվականին նա ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին կից հատուկ կոմիտեի անդամ դարձավ։ Կոմիտեի, որը զբաղվում էր Դատաստանի օրվա պատերազմի հարցերով (Արաբա-իսրայելական պատերազմ, Ահեղ դատաստանի պատերազմ կամ Յոմ Կիպուրի պատերազմ)։
Վերջին հարցազրույցում Իսրայելյանը պատմել է 1984 թվականի ամերիկացիների հետ կապերի մասին, երբ գլխավոր քարտուղարը Կոնստանտին Չերնենկոն էր. հենց նրան է փոխարինել Գորբաչովը։ Վերջինն, ի դեպ, այն ժամանակ աննկատ կերպար էր և գյուղատնտեսությամբ էր զբաղվում։
1984 թվականին Իսրայելյանը զինաթափմանը վերաբերող Ժնևյան գիտաժողովում ԽՍՀՄ ներկայացուցիչ էր և նրա ամերիկացի գործընկերը` դեսպան Լյուիս Ֆիլդսը, նրան նուրբ մի խնդրանքով դիմեց, ընդ որում «չեզոք միջավայրում», քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում։
Ժնև պետք է ժամաներ Ջորջ Բուշը, և Իսրայելյանը ենթադրում էր, որ գաղտնի զրույցն այդ թեմային է վերաբերվելու, սակայն Ֆիլդսն անսպասելի բան ասաց. «Վաշինգտոնում ուզում են լուրջ գործնական կապ հաստատել Կրեմլի ղեկավարության հետ։ Փոխնախագահ Բուշը պատրաստ է Ժնևում հանդիպել խորհրդային նոր առաջնորդներից մեկի հետ։ Միայն թե հանդիպումն այդ պետք է խիստ գաղտնի բնույթ կրի»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am