
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, երաժշտության միջազգային օրը 94 տարեկան հասկանում կյանքից հեռացավ աշխարհում ամենաճանաչված հայը՝ լեգենդ Շառլ Ազնավուրը: Մարդ, ում շնորհիվ աշխարհը ճանաչեց հայերին ու Հայաստանը, մարդ, ում շնորհիվ տասնյակ տարիներ դեռ շատերը կճանաչեն հայերին ու Հայաստանը: Շառլ Ազնավուրը հայերիս ուժն էր, վստահությունը, հպարտությունը, ու նրա կորուստը համայն հայության համար մեծ ցավ ու ողբերգություն է:
Մեծն հայի մասին Life.panorama.am-ը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ:
«Սա իմ կյանքի ամենաերկար ու տհաճ գիշերն էր, կարծում եմ՝ նույնը զգացել են բոլոր նրանք, ովքեր գիտակցում են Շառլ Ազնավուրի մահվան ծանրությունը: Սա հայ ժողովրդի համար մեծ կորուստ է, Շ. Ազնավուրը եղել է մեր անձնագիրն ամբողջ աշխարհում, որին մատնանշել ենք ու ասել՝ մենք հայ ենք ու Ազնավուրն էլ է հայ: Ինչ-որ իմաստով մենք որբացանք, վստահ եմ՝ Շառլի կորստով բոլորս էլ մեր մեջ ինչ-որ չափով զգում ենք այդ որբությունը: Ազնավուրը մեր սրտերում ապրելու է ընդմիշտ, ամբողջ աշխարհում է նա մնալու որպես հանրահայտ Շառլ Ազնավուր»,- ընդգծեց Ա. Իսպիրյանը:
Խոսելով իր կյանքում Շառլ Ազնավուրի դերի մասին՝ մեր զրուցակիցը նշեց.
«Ես նրա երգերով եմ մեծացել, ունեմ նրա բոլոր հավաքածուները, և մի հետաքրքիր կանխազգացմամբ՝ վերջերս շատ հաճախ էի նրան անդրադառնում ու անդադար երանի էի տալիս, որ հանկարծ ոչինչ նրան չպատահի: Ես հիշում եմ 1973-ին, երբ Շառլ Ազնավուրը համերգ էր տալիս Օպերայի դահլիճում, և տոմսերի սղության պատճառով՝ հիմնականում բարձրաստիճան մարդիկ էին ներկա, իսկ սովորական մարդիկ հավաքվել էին Օպերայի շենքի բակում՝ ձեռքներին պահելով մեծ աֆիշաներ՝ «Տոմսերը ձեզ, Շառլը՝ մեզ» գրությամբ»,- նշեց Արթուր Իսպիրյանն ու պատմեց, որ հոկտեմբերի 10-ին մեծ համերգ էր նախատեսվում Երևանում՝ Շառլ Աազնավուրի մասնակցությամբ.
«Ընդամենը մի քանի օր հետո մեծ համերգ էր նախատեսվում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում, որի կազմակերպիչներից մեկը ես էի: Նա պետք է ներկա լիներ այդ օրը, և անգամ միասին դուետ պետք է ներկայացնեինք: Այդ համերգին պետք է հրավիրվեին նաև ՀՀ նախագահն ու վարչապետը: Գիտեք, ցավալին այն է, որ Շառլ Ազնավուրը երկար էր սպասել, որ տեսներ նոր Հայաստանը, նա երազում էր տեսնել իր պատկերացրած Հայաստանը, որն այսօր ունենք, և ցավոք, հեղափոխությունից հետո չհասցրեց լինել այստեղ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Արթուր Իսպիրյանը պատմեց, որ Շառլ Ազնավուրի հետ ծանոթացել է ԱՄՆ-ում, բայց առավել լավ ծանոթ է նրա դստեր՝ Սեդայի հետ, ով անձամբ դեռ տարիներ առաջ Ա. Իսպիրյանին իր ստորագրությամբ նվիրել է իր ձայնասկավառակը, որը մեր զրուցակիցը սիրով ու հպարտությամբ պահում է իր մոտ:
«Այսօր մեր ու Ֆրանսիայի համար սուգ է: Նրանք մտածում են ֆրանսիացի կորցրին, մենք մտածում ենք, որ հայ կորցրինք: Բայց մի բան հաստատ է՝ աշխարհը կորցրեց Շառլ Ազնավուր լեգենդին և պետք է հպարտ լինենք, որ մենք նրա հետ նույն ժամանակահատվածում ենք ապրել»,- ավարտեց Արթուր Իսպիրյան: