«Կամուսնանաս՝ կանցնի», թե դիմել գինեկոլոգին
Advertisement 1000 x 90

«Կամուսնանաս՝ կանցնի», թե դիմել գինեկոլոգին

«Կամուսնանաս կանցնի», թե դիմել գինեկոլոգին: Այնուամենայնիվ, դիմել գինեկոլոգին: Թե ինչո՞ւ` ներկայացնում է «Բլադ Սելս» ախտորոշիչ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Նարինե Ասիլբեկյանը:

Հաճախ աղջիկները գանգատվում են անցանկալի մազերից և կոսմետոլոգիական միջոցներով դրանց հեռացմանան անէֆեկտիվությունից: Երբ այդ հարցով դիմում են մայրիկներին ու տատիկներին, երբեմն լսում են նման արտահայտություն. «ԿԱՄՈՒՍՆԱՆԱՍ՝ կանցնի»:
Արդյո՞ք ամուսնությունը, սեռական կյանքը կամ երեխայի ծնունդը կնոջ կյանքում բերում են նմանատիպ փոփոխություններ: Իսկ գուցե հակառակը՝ կինը չկարողանա հղիանալ և որոշ դեպքերում նույնիսկ չկարողանա ապրել սեռական կյանքով:
Ցավոք, սպասել, որ սեռական կյանք սկսելուց հետո, հորմոնալ համակարգով պայմանավորված ախտաբանական մազակալումը ինքնուրույն կվերանա` սխալ է:

Դիմել բժշկի, թե կոսմետոլոգի:

Յուրաքանչյուր դեպքում, երբ տղամարդկանց համար բնորոշ մարմնի հատվածներում (դեմք, կրծքեր, մեջք, պորտի շրջան) կնոջ մոտ առաջանում են սև, հաստ ցողունով մազեր, պետք է դիմել բժիշկի: Անհրաժեշտ է դիմել նաև, եթե մազակալման հետ կա ցիկլի խանգարում, ակնե, մարմնի վրա մանուշակագույն բծեր, պիգմենտացիա, գլխացավեր, տեսողության խանգարում, աճի դանդաղում, անպտղություն, սեռական օրգանների ոչ տիպիկ կառուցվածք:

Ի՞նչ հետազոտություններ կատարել:

Մազակալումը կարող է առաջանալ տարբեր օրգանների թերի աշխատանքի հետևանքով, և մեղավորը միշտ չէ, որ ՁՎԱՐԱՆՆԵՐՆ են: Կարող է խնդիրը լինել մակուղեղում կամ մակերիկամներում,և նույնիսկ մարդու ենթամաշկային ճարպաբջջանքը կարող է դեր խաղալ ախտաբանական գործընթացում:
Հասկանալու համար, թե որ օղակում է խնդիրը, պետք է որոշել մի քանի հորմոնների մակարդակը արյան մեջ: Սակայն դրանք անհրաժեշտ է որոշել դաշտանի որոշակի օրերին և որոշակի ժամերին, սովորաբար՝ անոթի:
Խորհուրդ չի տրվում ինքնուրույն որոշմամբ հանձնել անալիզներ, քանի որ դա կարող է վնասել Ձեր գրպանին: Լսելով Ձեր գանգատները՝ գրագետ բժիշկը կկողմնորոշվի առկա բազմաթիվ հորմոններից որոնք պետք է հետազոտել:
Երբեմն անհրաժեշտություն է լինում գործիքային հետազոտություններ կատարել, ինչպես օրինակ՝ փոքր կոնքի սոնոգրաֆիա, որովայնի սոնոգրաֆիա կամ գլխուղեղի ՄՌՏ, որովայնի ՀՇ:

Ի՞նչ ակընկալել բուժումից:

Սովորաբար, եթե կինն ունենում է հորմոնալ խնդիր, լինի դա հիպերպրոլակտինեմիա, թե պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, նշանակում է, որ նա պետք է հսկվի և անհրաժեշտության դեպքում ստանա բուժում ողջ կյանքի ընթացքում: Բայց սա թող չհնչի որպես դատավճիռ: Հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանիշների, և կինը կարող է երկար տարիներ չբուժվել, սակայն պետք է իմանա իր ախտորոշումը, հիվանդության ախտանիշները, որպեսզի հարկ եղած ժամանակ դիմի բժիշկին:

doctors.am