Հարգարժա՛ն ՀՀ վարչապետ
Ահազանգիչ կոչով դիմում եմ Ձեզ՝ հրաժարվել թավշյա հեղափոխությունը վարկաբեկող եւ ազգային դավաճանության բնույթ կրող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի եւ նրա հովանավորների գիտաավերիչ ծառայություններից, որոնք տարիներ շարունակ տգիտությամբ կամ մեր երկրին ոչ բարեկամ արտաքին ուժերի թելադրանքով հանրապետության գիտահամալսարանական համակարգը հասցրել են ներկայիս հոգեվարքային վիճակին՝ վտանգելով երկրի քաղաքակիրթ ապագան եւ անդառնալի ու ցավալի մեծ վնաս պատճառելով մեր գիտապաշտպանական համակարգին:
Հանրությանը քաջ հայտնի են ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեության մասին երկրի նախկին վերահսկիչ ծառայությունների հայտարարությունները, բազմաթիվ կոռուպցիոն աղաղակող հրապարակումները, իսկ նրա ներկայիս գիտաավերիչ գործունեության մասին ես համառոտակի անդրադարձել եմ «Սամվելը նույն Մանվելն է գիտավարչական համակարգում» հոդվածում: Մինչդեռ ԳՊԿ-ի հանցավոր գործունեության վերաբերյալ առկա են հրապարակման ոչ ենթակա բազմաթիվ նյութեր, որոնք եւս սպասում են բացահայտման:
Սակայն զարմանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարող նոր իշխանությունը, անտեսելով ԳՊԿ-ի վերը նշված եւ չնշված անօրինականությունների շարքը, որի պատճառով պատերազմող երկրից հեռացել են բազմաթիվ կարող գիտնականներ, եւ ոչնչացվել են պաշտպանական նշանակության գիտական խմբեր, ԳՊԿ-ի նախագահին, փոխանակ բանտ ուղարկելու, վերանշանակել է իր նախկին պաշտոնին: Այս ամենից հետո ԳՊԿ-ի նախագահն իր մակարդակի չկայացած գիտնականների փոքր խմբի հետ «փորձագիտության» անվան տակ ավելի անբարոյական ձեւով իրականացնում է գիտության պետական միջոցների խմբակային նոր բաշխում: Ակնհայտ է, որ նման գիտաավերիչին ԳՊԿ-ի նախագահի պաշտոնին վերանշանակելը դատապարտելի կերպով վարկաբեկում է թավշյա հեղափոխությունը, քանզի նորից ժառանգվում է նախկին իշխանությունների արատավոր աշխատաոճը, երբ պետական շահը ստորադասվում է խմբակային շահին:
Խնդրում եմ այս նամակն ընդունել որպես գիտապաշտպանական հարցերին առնչվող ուսումնասիրություններով զբաղվող հայ գիտնականի ահազանգ, որի գիտական աշխատանքները տարիներ շարունակ գտնվել են նախկին Խորհրդային Միության, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի գիտապաշտպանական համակարգերի հատուկ ուշադրության եւ ֆինանսական հովանավորության ներքո, եւ որը Հայաստանի ու սփյուռքի բազմաթիվ առաջատար գիտնականների հետ երեք տասնամյակ շարունակ պայքարում է հանրապետությունում տարվող տգետ ու ազգակործանիչ գիտահամալսարանական քաղաքականության դեմ:
Ուստի, հանրապետության գիտահամալսարանական բնագավառի շուտափույթ բարեփոխման հրամայականից ելնելով՝ դիմում եմ Ձեզ կոչով՝ վեր կանգնել խմբակային շահերից եւ համարժեք ուշադրության ու քննարկման առարկա դարձնել բնագավառի բարեփոխման վերաբերյալ հիմնադրույթները, որոնք շարադրված են նախկինում Ձեզ ուղարկված իմ նամակում, քանզի դրանք մշակվել են միջազգային փորձին քաջատեղյակ մի շարք հայ առաջատար գիտնականների կողմից:
Ձեր ուշադրությունը կցանկանայի հրավիրել հատկապես այն ակնհայտ փաստին, որ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրում միայն ազգային ներուժի օգտագործմամբ անհնար է պատրաստել ժամանակակից մակարդակին համապատասխան գիտության առաջնորդներ եւ պահպանել ազգային գիտական ներուժը: Ուստի անհրաժեշտ է կազմակերպել 4-5 մասնագիտական հետբուհական կրթության կենտրոններ, որոնց օգնությամբ միայն կարելի է հրաժարվել խոտան գիտնականներ արտադրող ԲՈԿ-ական համակարգից, ձերբազատվել բնագավառում տիրող համատարած կոռուպցիայից եւ արտերկրից ֆինանսական ներհոսքի հաշվին բնագավառը սպառողականից դարձնել շահութաբեր:
Այդ առաջարկության համար խոսուն օրինակ կարող է ծառայել նման մի կենտրոնի կազմակերպումը կենսաբանության բնագավառում, ինչպիսին է Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնը (ԲԿՄՀՈՒԿ), որի գործառույթների լիարժեք իրականացումը, հասկանալի պատճառով, տարիներ շարունակ խոչընդոտվում է ԿԳ նախարարության կոռուպցիոն մոլուցքով տարված՝ գիտության եւ հետբուհական կրթությունը սպասարկող ստորաբաժանումների կողմից: Սակայն, հաշվի առնելով ԲԿՄՀՈՒԿ-ի միջազգային գիտական հեղինակությունը՝ վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատվեց ԲԿՄՀՈՒԿ-ի հեղինակած «Կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա եւ միջավայրի առողջապահական անվտանգություն մասնագիտություններով հետբուհական միջտարածաշրջանային ՅՈՒՆԵՍԿՕ/ՅՈՒՆԻԹՎԻՆ ցանցը»՝ տարբեր երկրների 9 առաջատար համալսարանների մասնակցությամբ, որում հայաստանյան կենտրոնին տրված է համակարգողի պատվավոր դերը:
Ակնկալվում է, որ ՀՀ կառավարությունը, գիտակցելով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, հատկապես մեր գիտապաշտպանական համակարգի ամրապնդման համար խիստ ռազմավարական նշանակություն ունեցող գիտական ուղղություններով միջազգային մակարդակի մասնագետների պատրաստման անհրաժեշտությունն ու երկրի միջազգային հեղինակության համար նշված ցանցի քաղաքական նշանակությունը, իր հովանավորության տակ կվերցնի ցանցի գործունեությունը՝ ազատելով ԳՊԿ-ի նախագահի՝ միջազգային հետբուհական կրթական ցանցի գործունեության խոչընդոտմանն ուղղված ֆինանսատնտեսական տեռորից, որով նա ինքնաբացահայտում է իր գործելաոճի ակնհայտ պետական վնասարարության բնույթը: Հետեւաբար, միայն այդ փաստը բավական է, որպեսզի առիթ հանդիսանա ԱԱԾ-ի համար՝ ուսումնասիրելու ԳՊԿ-ի գիտաավերիչ գործունեության դրդապատճառները եւ դրանով իսկ վերացնի թավշյա հեղափոխության խիստ վարկաբեկիչ ու ամոթալի ԳՊԿ-ի գործոնը:
Խորին հարգանքով՝ պրոֆեսոր
Սիներիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ