Գյումրին սգում է Ազնավուրի մահը, կամ ինչպես Շառլը «հանվեց» ժողովրդի առաջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գյումրին սգում է Ազնավուրի մահը, կամ ինչպես Շառլը «հանվեց» ժողովրդի առաջ. armeniasputnik.am

Գյումրեցիներն առանձնահատուկ երախտիքով ու հուզմունքով են լրացնում սգո մատյանը։ Շառլ Ազնավուրին ուղղված գրառումների հեղինակները տարիք ու պաշտոն չեն հարցնում, գրում է և՛ դպրոցականը, և՛ պաշտոնյան, և՛ տնային տնտեսուհին, և՛ արվեստագետը…

Գյումրու քաղաքապետարանի մուտքում տեղադրված է Շառլ Ազնավուրի նկարը, դիմացը` թարմ ծաղիկներ, իսկ սեղանին` սգո մատյան. գյումրեցիներն անցած օրերի ընթացքում և այսօր իրենց հուզմունք ու երախտագիտությունը հանձնում են թղթին ՝ սգալով մեծ հայրենասերի մահը:

Այն, ինչ Շառլ Ազնավուրն արեց գյումրեցիների համար 1988 թվականի երկրաշարժից հետո, անմոռանալի է: Սպիտակի երկրաշարժի մասին լսելուն պես Ազնավուրը դադարեցրեց իր համերգային շրջագայությունը և շտապեց Հայաստան: Նրա այցն աղետի գոտի ավելին էր, քան աշխարհին այդ արհավիրքի մասին ներկայացնելը. դա հույս ու հավատ էր գյումրեցիների համար:

Չնայած վշտին, այդ օրերին շատերը շտապեցին Գյումրու Սուրբ Յոթվերքի բակ` տեսնելու ու լսելու այն հային, որն ավելի ուշ պիտի գրեր «Քեզ համար, Հայաստան» երգը, և որի կատարման համար պիտի համախմբվեին աշխարհում հայտնի 90 երգիչներ: Երգը օգնության ու կարեկցանքի կոչ դարձավ ու շատ երկրներ շտապեցին օգնել աղետյալ բնակիչներին: Եվ սա ամենը չէ։ Ստեղծվեց նաև «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ֆինանսական միջոցներն ուղղվում էին աղետի գոտու վերականգնմանը:

«Ամբողջ Գյումրին սգում է հայ ազգի մեծագույն զավակի կորուստը: Աշխարհահռչակ շանսոնյե. Դարի մեծ մարդ։ Դուք միշտ մնալու եք գյումրեցիների հիշողություններում Ձեր արվեստով և կատարած աշխատանքներով…»: Սա սգո մատյանի առաջին գրառումն է, որն արել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մատյանում գրառումները շատ են` դպրոցականից մինչև պաշտոնյա, տնային տնտեսուհուց մինչև արվեստագետ:

«Դուք հավերժ մեր սրտերում եք»,- գրել է բազմազավակ մայր Իրինան, իսկ թոշակառու Սվետլանա Ենգոյանը ավելացրել է. «Մեծագույն մարդու՝ Շառլ Ազնավուրի զարմանահրաշ արվեստը, աստվածատուր տաղանդը մի հրաշք գանձարան է,որ պետք հարատևի դարեդար»:

Գրառումներից ամենահուզիչը 11-ամյա Լուսինե Սարգսյանինն է. «Հուզվում եմ, երբ երգում եմ նրա երգացանկից: Հպարտ եմ, պարտավորվում եմ նմանվել մեծ երգչին և լինել Մեծ հայ»:

Գյումրեցիներն առաջին էին, որ շանսոնյեի կենդանության օրոք տեղադրեցին մեծ հայրենասերի արձանը՝ 2001 թվականի սեպտեմբերի 22-ին՝ տվյալ հրապարակը կոչելով ի պատիվ Ազնավուրի: Արվեստագետն անձամբ ներկա էր այդ արարողությանը: Հուզված էր, որ իր կենդանության օրոք արդեն արձան ունի, և երբ արձանի վրայից հանեցին սպիտակ կտորը, և արձանը բացվեց, Շառլը կատակեց. «Չգիտեի, որ ժողովրդի առաջ պետք է հանվեի։ Հետո ավելացրեց. «Արձանի առաջ ես շատ փոքր եմ: Կյանքում չէի մտածի, որ իմ արձանը կտեսնեմ այսպիսի հրապարակում: Հուզված եմ։ Իմ արձանը հայկական հողի վրա է, որտեղ իմ արմատներն են»:

Արդեն 6-րդ օրն է` Գյումրիում խոնարհման ու հիշատակի միջոցառումներ են անցկացվում։

armeniasputnik.am