Life.panorama.am-ը օրերս զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ:
«Սա համաշխարհային կորուստ է, որովհետև Շառլ Ազնավուրի նման մարդիկ, և նամանավանդ այդ սերունդից, համարյա թե ոչ մեկ չի մնացել, իսկ Շառլը լույսի, փարոսի պես փայլատակում էր: Եթե աշխարհում կային և կան մարդիկ, որոնք երբևէ չեն լսել Հայաստանի և հայերի մասին, ապա Շառլ Ազնավուրով մենք անմիջապես ճանաչելի ենք դառնում, և դա միայն նրա մեծահոգության ու հայրենասիրության մասին է խոսում: Իսկ եթե խոսենք արվեստի մասին, ապա շանսոն արվեստի և առհասարակ երգարվեսի ու պոեզիայի մեջ մեծ կորուստ եղավ Շառլի մահով, որովհետև Շառլի յուրաքանչյուր երգ եղել է իմաստավորված, քանի որ նրա համար առաջնայինը պոեզիան էր, հետո նոր երաժշտույունը: Իր տարօրինակ ձայնը, որը կարելի է համարել երգեցողությանը հակաձայն, դարձավ ամենաձայնավորը»,- նշեց մեր զրուցակիցը:
Հ. Թոխատյանը նկատեց, որ Շառլ Ազնավուրի մահվան լուրը շատ ծանր է տարել, այսօր էլ մեզ հետ զրույցի ընթացքում նա գտնվում էր Գյումրիում, որտեղ կանգնեցված է Շառլ Ազնավուրի արձանը:
«Այսօր ասես ողջ Գյումրին գալիս էր Շառլի արձանի մոտ՝ մատուցելով իրենց հարգանքի տուրքը: Մարդկանց աչքերին արցունքներ էին, որոնք լիովին արդարացված էին: Շառլ Ազնավուրը ապրեց 94 տարի և ապրեց փառքի մեջ՝ տեսնելով աշխարհի լավագույն բեմերը, ունենալով իր փառքի աստղերը ինչպես Ֆրանսիայում ու Հայաստանում, այնպես էլ Հոլիվուդում: Շառլը ամեն ինչ ուներ, բայց գոնե իմ ընկալմամբ՝ նա ներսում միայնակ էր, ես դա զգում եմ իր պոեզիայում: Նա իր հետ տարավ մեծ սեր, ու հիմա կարելի է ասել, որ նա ունեցավ երջանիկ մահ՝ առանց երկար տանջվելու, առանց երկար ամիսներ անողնում գամվելու ու փառքի մեջ՝ չլինելով որևէ կերպ փառասեր»,- ընդգծեց Հրանտ Թոխատյանը:
Երեկ Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում կատարվեց աշխարհահռչակ շանսոնյեի վերջին հրաժեշտի արարողությունը: Հրանտ Թոխատյանը նկատեց, որ միայն հրաժեշտի արարողության կազմակերպման լրջությունը բավական էր՝ հասկանալու, թե ով էր Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի համար:
«Փարիզը սիրո քաղաք է համարվել ու համարվում, ու երեկ իր այդ ամբողջ գեղեցկությունը Փարիզն արտահայտեց այդ արարողության մեջ: Անգամ Ֆրանսիայի նախագահի խոսքն էր տարբեվող՝ պոետիկ ու սիրով լի, իսկ նախագահներն ու պաշտոնյաները սովորաբար ավելի չոր ու պաշտոնական խոսք են ունենում: Ֆրանսիան աշխարհին ոչինչ չուներ հաստատելու, համոզելու, կամ իր վարկանիշը բարձրացնելու, այդ արարողությունը պարզապես տուրքն էր ու պատասխանը Շառլին, այն ամենաքիչն էր, որ Ֆրանսիան կարող էր անել իր երգչի համար. Շառլը ապրեց որպես պոետ ու որպես պոետ էլ գնաց: Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահին ու ժողովրդին, որ իրենք իրենց քաղաքացուն վերջին հրաժեշտը տալուց ուղեկցեցին հայկական դրոշի գույներով պատրաստված ծաղկեպսակով, հայկական դուդուկի ներքո, ու շատ գեղեցիկ հայկական երգով: Նկատելի էր, որ այդ ամբողջ արարողության մեջ չկար շատ ծանր սուգ, կար ցավ, բայց նաև լուսավորություն: Շատ զգալի էր նաև այն մեծ հուզմունքը, որ կար ՀՀ վարչապետի քայլվածքի, հայացքի ու խոսքի մեջ: Երեկ կատարվեց պատմական իրադարձություն, չնայած ամեն ինչ կազմակերպված էր կառավարական ձևով, բայց երեկ իսկապես հրաժեշտ էր պոետին»,- նշեց նա ու հավելեց.
«Շառլ Ազնավուրն այլևս ֆիզիկապես չկա, բայց նա միշտ շարունակելու է մեզ համար լինել այցեքարտ՝ ողջ աշխարհում: Մենք մեր դեսպանն աշխարհում ունեցել ենք, ունենք ու ունենալու ենք»: