«Ես համարում եմ, որ 20-րդ դարի ամենամեծ փիլիսոփաները Չարլի Չապլինն է ու Շառլ Ազնավուրը։ Շառլի ձայնը բնատուր, ունիկալ պարգև էր այս աշխարհին, բայց ամենամեծ փիլիսոփայությունը նրա երգերի տեքստերն են, նրա խորը ընկալումն այս իրականությանը»,- աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:
Դերասանը հիշեց, որ երբ ընդունվում էր Թատերական ինստիտուտ, այդ ժամանակ կարդացել է Շառլ Ազնավուրի պոեզիայից, և նույնիսկ այդ տարիքում տպավորվել նրա էությամբ։
«Բախտ եմ ունեցել նրա առջև երգել, նրա ձեռքը սեղմել»,- հպարտությամբ նկատեց Միքայել Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հանճարները միշտ հասարակ են լինում, և Շառլը հասարակ էր.
«Նա եզակի գործիչներից է, որ չունի տեսահոլովակ, որովհետև նա դրա կարիքը չուներ: Նա մարդ թատրոն էր, նա միայնակ բեմի վրա խաղում էր ներկայացում։ Նորություն չէ, որ նման մարդիկ հարյուրամյակը մեկ անգամ են աշխարհ գալիս, բայց նրա ամենակարևոր առաքելությունն այն էր, որ հայ էր և ամբողջ իր ներաշխարհը, խառնվածքը հայի էր, իսկ հայրենասիրությունը՝ շատ զուսպ»։
Միքայել Պողոսյանին հուզել է այն պատմությունը, որ երբ Ազնավուրը հոսպիտալացվել է Պրահայում, հետաքրքրվել է՝ հիվանդանոցում հայ բժիշկ կա՞, խնդրել է իր մոտ գալ և տեսնելով նրան՝ գրկախառնվել են ու արտասվել։
«Հայի ճակատագիրն այդ պատմության մեջ է։ Ինչ խոսք, նա մեր ազգի խիղճն էր, նա իր մեջ պարփակել էր մի ողջ ազգի խիղճը, նա դրա կրողն էր, մեծությունը»,- ասաց Մ. Պողոսյանը՝ ավելացնելով, որ ազգը կշարունակի գոյատևել, բայց մի մեծ երանգ, մեծ նրբություն, մի մեծ թիկունք պակասեց մեզնից։