«Լրատվամիջոցները խուզում են հիմնականում այն, ինչն ինքնատիպ է». media.am
Advertisement 1000 x 90

«Լրատվամիջոցները խուզում են հիմնականում այն, ինչն ինքնատիպ է». media.am

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը վստահ է, որ կոմիտեն պիտի լինի բոլոր այն ոլորտներում, որտեղ դրսևորվում է լեզուն: Այսինքն, ամենուրեք:

Եվ բոլոր հնարավորությունները օգտագործի վերացնելու համար գրական ու խոսակցական լեզուների միջև առաջացած անջրպետը՝ նուրբ միջամտություններով ու սատարումով, այլ ոչ թե պատժամիջոցներով:

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ անգամ սովորական լուրի տեքստում պետք է երևա լրագրողի աշխարհը, այլապես, եթե մի կայքը մյուսից արտագրի բառերը, առաջմղում չի լինի: Այդ թվում նաև՝ լեզվի:

– Հանրային տեքստերի ու ելույթների լեզուն փոխվել է, դարձել է ավելի մարդամոտ, նաև հախուռն: Դա լա՞վ է:

– Տարիներ շարունակ մարդն իր մտքինը լրիվ չէր ասում, որովհետև կաշկանդվում էր, վախենում: Որքան էլ հայտարարվում էր, որ կա խոսքի ազատություն, ամեն դեպքում մարդն ինքը վերահսկում և սահմանափակում էր իր ասելիքը:

Օդի մեջ, մթնոլորտում կար մտահոգություն, թե ինչպես կընկալեն, կմեկնաբանեն իր ասածը, արդյոք դա կազդի իր հետագա գործունեության վրա: Պաշտոնյայի համար կարևոր էր նաև, որ հանկարծ չսասանվի իր աթոռը:

– Հռետորաբանությունը փոխվեց, երբ նորաձև դարձավ ոչ թե մտքերը թաքցնելը, այլ առավելապես բաց լինելը, ներքուստ չխմբագրվելը: Այստեղ վտանգ տեսնու՞մ եք: Հակադարձ էֆեկտ չի՞ լինի:

– Մի պահ թվաց, որ կար վնասակար արդյունք, բայց ընդհանուր առմամբ այդ ազատությունը մի շատ կարևոր կարծրատիպ քանդեց: Երբ օրինակ, լսում ենք պետավտոտեսուչների կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, մենք անհատի չենք տեսնում, նույնիսկ երբ նրանք տարբեր քաղաքներում ու միջավայրում են խոսում:

Կարծես նույն մարդը լինի, որովհետև խոսում է կաղապարներով՝ չասելով ավելին:

– Փաստորեն, հեղափոխություն էր պետք:

– Այո, սա հենց հեղափոխության ազդեցությունն ու հետևանքն է: Շատ լավ է, որ լեզվի այս երկու դրսևորումների միջև վիհը քիչ-քիչ վերանում է: Այլ խնդիր է, թե որ կողմն է ճնշում, իշխում ու գնում զիջումների:

Գրական հայերենը համարյա նմանվել էր օտար լեզվի, քանի որ ինքնաբուխ, ինքնահոս չէր: Օրինակներից մեկը հեռուստատեսային լեզուն է:

Մի կողմում խիստ մաքրամոլներն էին, որոնք ամեն ինչ անում էին լեզվի կանոնի համաձայն, բայց նրանց խոսքը վանում էր: Իսկ մյուս կողմում փողոցի լեզուն էր՝ հագեցած գռեհկաբանություններով ու օտարաբանություններով, որը բերվում էր հեռուսատեսություն ու վարակի նման եթերից լցվում հանրության գլխին:

Եվ թող չթվա, թե հեռուստացույցը կարող է անհետևանք մնալ: Պատանիներն ու դեռահասները ընդօրինակում էին լեզվի այդ մերժելի ձևերը ու ստացվում էր, որ զանգվածային լրատվամիջոցը վատ դեր էր կատարում:

– Նկատի ունե՞ք սերիալները: Սերիալները հորինվածք լինելով, թերևս ավելի մոտ էին իրականությանը, քան լրահոսը, որը երկար տարիներ կտրված էր կյանքից:

– Ավելի վատ բան եմ նկատել. սերիալները չէին ներկայացնում իրական կյանքը, դրանք ցածր լեզվական որակն ավելի էին ցածրացնում, միտումնավոր հորինում էին արտահայտություններ, կապակցություններ, բառեր, որոնք իրական կյանքում չկային:

Փաստորեն, ընդհանուր խոսակցական-ժողովրդական լեզվի փոխարեն ներկայացվում էր փողոցային լեզվի ամենացածր մակարդակի հորինված տեսակը:

Լեզվի կոմիտեն թե՛ նախկինում, թե՛ հիմա հետևում է սերիալների լեզվին: Հիմնականում նշվում է, թե որն է կանոնական և որը՝ ոչ, բայց իրականում լեզվի վերլուծությունը պիտի կատարվի այսպես. ուսումնասիրվի, թե հեռուստահաղորդումների ու ֆիլմերի որ տարրերն են դրական ազդում, իսկ որոնք մերժելի և խոտելի են:

Պարզապես վերլուծություն կատարողը պետք է բավականին լայնախոհ մեկը լինի ու հասկանա, որ հայերենն ունի հասարակական, սեռային, տարիքային տարբերակումներ, մասնագիտական զանազանություններ և այլն:

Բայց մեր սերիալներ ստեղծողները կարծես հայեր չլինեն ու անտեղյակ լինեն հայերենից:

– Տպավորություն է, որ սերիալները փոխվում են:

– Մի պահ դրանք ուղղակի հասան վայրենի, բարբարոս մակարդակի թե՛ գաղափարի, թե՛ լեզվական դրսևորման տեսակետից: Մարտնչող, հարձակողական, գռեհիկ, հակամարդկային հնչերանգը իշխող էր, և որքան զգում եմ, շեշտադրումները փոխվել են:

Անշուշտ, դա նաև հասարակական պահանջ էր:

– Լեզվի կոմիտեն սկսեց ուսումնասիրել նաև լրատվական ծրագրերը: Ի՞նչ արդյունք եղավ:

– Մենք մշտադիտարկեցինք մի քանի ալիքների երեքական լրատվական հաղորդում: Իհարկե, պարզ է, որ լրատվության լեզուն սերիալի լեզու չէ, բայց մենք վերլուծություն արեցինք ու ուղարկեցինք այն հեռուստաընկերություններ:

Դրանք հիմնականում խորհուրդներ էին՝ տրամաբանական շեշտերի, բառերի տարբեր գործածության վերաբերյալ:

Երևի բոլորին թվում էր, որ լրատվական հաղորդումները լեզվական տեսանկյունից անխոցելի ու անթերի են:

Այդ թվացյալ կանոնավոր մաքուր հայերենի մեջ շատ հետաքրքիր բացահայտումներ արեցինք: Ուզում էինք բարձրացնել գրական հայերենի որակը, որը նաև հասարակության և պետության խնդիր է ճիշտ այնպես, ինչպես սերիալների գռեհիկ լեզվի փոփոխությունը:

Մեր նպատակը հայերենի առաջմղումն է, որպեսզի այն համապատասխանի 21–րդ դարի հայ հասարակության իրական լեզվական վիճակին ու ակնկալիքներին: Լեզվի փոփոխությունը չպիտի լինի ճնշող, վարժապետական դիրքորոշմամբ, այլ աջակցելով, բացատրելով, ուղիներ նշելով և այլն:

– Լեզվի կոմիտեի ֆունկցիան բավականին մշուշոտ է: Այդ կառույցի մասին սովորաբար հիշում էինք, երբ քննարկվում էին ոչ հայերեն ցուցակները: Փոխվելու՞ է այդ ընկալումը:

– Լեզվի տեսչությունը կարծես դարձել էր լեզվի ոստիկանություն: Ինձ թվում է պայքարը (գնալ այս կամ այն ցուցանակի հետևից, չափել տառերը և այլն) դարձել էր գրեթե ինքնանպատակ: Սա տխուր փաստ է:

Կուզեի, որ այդ նեղմիտ դիրքորոշումը ավարտվեր, և ցուցանակները չհամարվեին առաջնային խնդիր հայերենի համար:

Թվային աշխարհում հայերենը հանդես է գալիս բոլորովին այլ դաշտերում, և ինքն է դառնում թվային գործիք: Մինչդեռ աղմկարար մարդկանց մի շրջանակ դեռ խոսում է ցուցանակների համար տուգանելու, դատական գործեր վարելու ու մարդկանց պատժելու մասին:

Փորձում եմ բացատրել, որ պետությունը հեղափոխությունից հետո նույնիսկ զիջել է ճանապարհային խախտումների համար տուգանքները: Տույժ-տուգանքը նվազել, ներվել ու ձևափոխվել է:

Ինձ համար շատ ավելի կարևոր է հայերեն տառի, գրության առկայությունը համացանցում, քան մի քանի փողոցային ցուցանակները:

Փորձում ենք անել այնպես, որ որոնման համակարգ մտնի հայատառ բառը ու բոլոր պետական մարմինները, դպրոցները և այլն ինտերնետում ունենան նաև հայերեն հասցե և .am-ի հետ կիրառվի նաև .հայ-ը:

Նունե Հախվերդյան

Ամբողջությամբ՝ media.am



Նման նյութեր