Ալավերդու պնձաձուլական գործարանի շուրջ 630 աշխատակիցներ սպասում են երկուշաբթի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև կայանալիք հանդիպմանը՝ հասկանալու համար, թե ինչ է լինում գործարանի ճակատագիրը։
NEWS.am-ի հետ զրույցում «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը պատմեց, որ նախօրեին բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցների հետ հանդիպել է Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու խոստացել, որ Կառավարությունը փորձում է լուծում տալ խնդրին։ Նշենք, որ գործարանի ղեկավարությունն օրեր առաջ, առանց նախապես աշխատողների զգուշացնելու, հայտարարել է՝ գործարանը տեխնիկապես չի աշխատում։
«Աշխատակիցները լիարժեք տեղեկացված չեն՝ ինչն է խնդիրը։ Երկու խնդիր կա՝ բնապահպանական եւ ֆինանսական, այսինքն որ գործարանն անցնում է ՎՏԲ բանկին։ Թե հիմա որ խնդրի պատճառով է գործարանը դադարեցրել աշխատանքները, պարզ չէ։ Գործատուներն էլ տեղում հստակ չեն ասում»,- ասաց նա։
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ սեպտեմբերին աշխատակիցները լսել էին, որ կան բնապահպանական խնդիրներ, սակայն, ոչ ոք իրենց չի ասել, թե գործարանը չի աշխատելու. «Հոկտեմբերի 1-ին հանրային լսման ժամանակ ես հարց եմ ուղղել գործարանի սեփականատերերին, թե արդյոք հնարավոր է գործարանն անցնի ՎՏԲ բանկին, իրենք բացասական պատասխան են տվել։ Հոկտեմբերի 8-ին արդեն վտանգ կար, որ ՎՏԲ–ին է անցնելու գործարանը։ Այսինքն, աշխատողները մի քանի օր առաջ են իմացել, որ գործարանը չի աշխատելու»։
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:
Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:
Գործարանի փակվելու դեպքում 630 մարդ կմնա առանց աշխատանքի: