15-ամյա Արման Բարսեղյանը ներկայացրել է վիրտուալ իրականությամբ աշխատող հավելված, որը նպատակ ունի խթանել ընթերցանությունը: Հավելվածը թողարկվել է «Անտարես» հրատարակչության հետ և կոչվում է Ar Antares:
«Պրոդուկտն իրենից ներկայացնում է մի հավելված, որի միջոցով կարելի է կենդանացնել «Անտարեսի» կողմից տպագրված «Փոքրիկ Իշխանը» և Սթիվ Ջոբսի գիրքը: Հավելվածը նախատեսված է բոլորի համար, այն այս պահին հասանելի է Play Store-ում, և կարելի է փորձել: Ուզում ենք սրա միջոցով զարգացնել և խթանել ընթերցանությունը: Ես վաղուց մտածել եմ, որ երեխաներին կարելի է «ստիպել» կարդալ մի դեպքում, երբ շոշափելի գրքերը և նորագույն տեխնոլոգիաները համատեղվեն միմյանց հետ»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Արմանը:
Արմանի ստեղծած հավելվածի միջոցով գրքերի հերոսները կենդանանում են և խոսում:
Այժմ հասանելի են երկու գրքեր, սակայն առաջիկա 15 օրերի ընթացքում հավելվածով հնարավոր կլինի կարդալ նաև Հովհաննես Թումանյանի գրած 9 հեքիաթ:
«Հավելվածի վրա աշխատել եմ միայնակ, գաղափարը նախկինում ունեցել եմ, բայց չեմ իրագործել, քանի որ չի եղել նման առաջարկ որևէ հրատարակչության կողմից, բայց սկսեցի համագործակցել «Անտարեսի» հետ, և հիմա ունենք այս հրաշալի և «կախարդական» հավելվածը: Համագործակցությունը լինելու է երկարատև»:
Հիշեցնենք, որ սա Թալինի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան Արման Բարսեղյանի կողմից ներկայացված առաջին պրոդուկտը չէ: Ավելի վաղ նա ներկայացրել էր Հայաստանում արդեն իսկ ճանաչում ձեռք բերած Zoomar հավելվածը: Zoomar-ը լրացված իրականության (AR) հավելված է, որը թույլ է տալիս սքանավորել պատկերներ ու դիտել դրանք եռաչափ տարբերակով:
Սիրարփի Աղաբաբյան