Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ի հետ խոսել ավելի գլոբալ համագործակցության մասին. լավ կլինի, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնա իսկական գործոն. Ռ. Շուգարյանը՝ Ջ. Բոլթոնի այցի մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ի հետ խոսել ավելի գլոբալ համագործակցության մասին. լավ կլինի, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար դառնա իսկական գործոն. Ռ. Շուգարյանը՝ Ջ. Բոլթոնի այցի մասին. tert.am

Tert.am-ը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստան այցի վերաբերյալ սպասումների մասին խոսել է 1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին դեսպան, Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում առկա առաջնահերթ խնդիրներին:

-Պարո՛ն Շուգարյան, նախատեսվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Ձեր կարծիքով՝ այցի հիմնական նպատակը, «ուղերձը» ո՞րն է:

-Իհարկե, դժվար է ինձ համար կանխատեսումներ անելն այս պարագայում: Մենք կարող ենք պարզապես նայել այցի աշխարհագրությանը․գալիս է Ռուսաստան, հետո Հարավային Կովկաս: Բացի այդ, մի յուրահատուկ հանգամանքի վրա էլ պետք է ուշադրություն դարձնել․ընդհանրապես այդպիսի պաշտոնյաները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, քիչ են ճանապարհորդում, եթե նման բան էլ անում են, ապա դա դառնում է իրադարձություն: Պետք է նաև հաշվի առնենք, որ սա վերլուծական մարմին է, որն առավել շատ խորացված է ազգային անվտանգության հարցերի մեջ, քան արտաքին քաղաքականության:

Ինչ վերաբերում է Բոլթոնին, ապա պետք է նկատել, որ նա շատ հայտնի գործիչ է՝ հետաքրքիր կենսագրությամբ: Ընդհանրապես ամերիկյան համակարգի մեջ ազգային անվտանգության հարցերով  խորհրդականները տարբեր վարչակազմերի ժամանակ տարբեր դերեր են խաղացել: Միացյալ Նահանգներն ունեցել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ, ինչպես օրինակ, Հենրի Քիսինջերն է, Զբիգնև Բզեժինսկին, Էնթոնի Լեյքը, բայց եղել են խորհրդականներ, որոնց անունը նույնիսկ դժվարությամբ կարող ենք հիշատակել:

Բոլթոնը չափազանց խարիզմատիկ գործիչ է, չափազանց հետաքրքիր կենսագրություն ունեցող մեկն է: Հեռու չգնանք՝ 2001, 2002 թվականները, երբ նա Բուշ Կրտսերի վարչակազմում եղել է պետքարտուղարի տեղակալ: Այդ ժամանակ նա արդեն բավականին խորացել էր նախկին Խորհրդային միության  հանրապետությունների զարգացումների՝ Հարավային Կովկասի և հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ, որովհետև այն ժամանակ դեռ գոյություն ուներ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հանձնաժողով, անգամ անվանումներ ունեին դրանք: Այդ ժամանակ էր, որ կար Բոլթոն-Մամեդով հանձնաժողովը: Ազգությամբ ադրբեջանցի Մամեդովը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր, և նրանք մշտապես խորհրդակցությունների մեջ էին: Լինում էին հարցեր, որ այդ երկու երկրներից անմիջական արձագանքներ էին պահանջվում և՛ տեռորիզմի դեմ պայքարի, և՛ Մերձավոր Արևելքում զարգացումների վերաբերյալ:

Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ Թրամփի վարչակազմը փորձում է հստակեցումներ մտցնել Ռուսաստանի, հատկապես նախկին Խորհրդային Միության և մասնավորապես Հարավային Կովկասի նկատմամբ իր քաղաքականության մեջ:

-Բոլթոնի այցը Թրամփի վարչակազմի կողմից այդ քաղաքականության ուղղությամբ արվող առաջի՞ն քայլն է, թե՞ արդեն կա դրա նախապատմությունը:

-Շատ ճշգրիտ տեղեկատվություն չունեմ, որովհետև դրա մեծ մասը փակ է: Այն, ինչ գիտեմ,  ոչ պաշտոնական է: Թրամփի թիմի մեջ ընդգրկված է Ֆիոնա Հիլը, որը Հարավային Կովկասի լավագույն մասնագետներից է: Նա հիմա Սպիտակ տանն է՝ Անվտանգության խորհրդում, բայց մինչ այդ նա աշխատել է «Բրուքինգս»-ում, որը շատ հայտնի Think Tank է: Նրան գիտենք նաև որպես մի անձնավորության, որը խորությամբ տիրապետում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության թեմային, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Նա ընդգրկված է Ջոն Բոլթոնի՝այստեղ եկող պատվիրակության մեջ: Այս համատեքստում նաև պետք է նկատել, որ այս օրերին Հայաստանում է եղել նաև Թրամփի մեկ այլ խորհրդականը՝ Ռուդի Ջուլիանին:

-Այո՛, Ջուլիանին Հայաստանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումի շրջանակներում: Նրա այցը անձնական է, մասնավոր, աշխատանքային չէ:

-Այո, բայց ես նկատում եմ, որ միշտ նման անձնական այցերը համընկնում են ինչ-որ հետաքրքիր նախաձեռնությունների հետ: Նա մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆորումին, իսկ այդ դեպքում այցն անձնական չի կարելի համարել: Լինելու են շփումներ: Եվ վստահ եմ, որ շփումներ կլինեն ոչ միայն հայկական կողմի հետ, այլ նաև ռուսական: Հայաստանն այսօր փաստորեն ինչ-որ տեղ դառնում է հարթակ որոշ հետաքրքիր զարգացումների, քննարկումների համար:

-Եթե վերադառնանք Բոլթոնի՝ մասնավորապես Հայաստան այցին, ի՞նչ կասեք․  որո՞նք են այն առաջնային խնդիրները, որոնց մասին պետք է Հայաստանն ԱՄՆ-ի մոտ բարձրաձայնի: Ի՞նչ առաջնահերթություններ կան հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում:

-Պետք է նաև նկատել, որ առաջին անգամ չէ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը գալիս է Հայաստան․1997 թ․ տարածաշրջանային այցով Երևան, Բաքու, Թբիլիսի էր ժամանել Սամուել Բերգերը: Նա Քլինթոնի խորհրդականն էր: Այդ այցը կապված էր և՛ տարածաշրջանային հարցերի, և՛ այնպիսի հարցերի հետ, որոնք վերաբերում էին կոնֆլիկտների լուծմանը: Այս պահին, ես չեմ կարծում, որ կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները և ԱՄՆ-ի դերը այդ հարաբերություններում: Գոնե պաշտոնական դիվանագիտության մեջ այդ հարցի հետ կապված որևէ հետաքրքրություն և փոփոխություն չկա:

Նաև պետք է այստեղ դիտարկենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում: Այնտեղ էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ոչ մի պարբերություն չկա: Կային պարբերություններ միայն Ղարաբաղի մասին:

Ի՞նչ հարցեր մենք կարող են բարձրացնել Բոլթոնի այցի ժամանակ: Ես կարծում եմ, որ եթե վերցնենք Ղարաբաղյան հիմնախնդիրը, մենք կարող ենք նպատակաուղղված կրկնել այն կետը, որը կար ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում Ղարաբաղի վերաբերյալ: Այստեղ պետք է նորից խոսեմ անկախություն կամ անջատում՝ փրկության համար (Remedial secession) մոտեցման մասին:  2016թ․ չորսօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադրությունը փոխվել է: Վարչապետը դրա մասին խոսել է, նա ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի համար զուտ տարածքների հարց է, իսկ մեզ համար բնակչության անվտանգության հարց է: Նա նշել է, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում, հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Այդ կետը պետք է դարձնել մեր քաղաքականության հիմնական կետը և հատկապես հիմա, երբ տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև օրեցօր դառնում է   ավելի մեծ: Մենք շատ տարբեր հարթությունների մեջ ենք արդեն, և եթե այդպես է, մենք ստանում ենք առավելություն:

Այդ մոտեցումն արտահայտվում էր նաև 2017թ․ՄԱԿ-ում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում: Հիմա ավելի հստակ, կոնկրետ ձևով է ձևակերպում ստանում: Խնդիրն ամերիկյան մեր գործընկերներին պետք է ներկայացնել որպես Հայաստանի շարունակվող քաղաքականության կարևոր ասպեկտներից մեկը․ Հայաստանը, իրոք, անվտանգության և ֆիզիկական անվտանգության երաշխիքն է Ղարաբաղի համար․ դա պետք է ամրագրվի ամերիկյան կողմի համար:

Բոլթոնի հետ հայ-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթային հարցերը քննարկելիս նաև պետք է հաշվի առնել, որ չի կարող այնպես լինել, որ միայն մեկ կողմն է ստացողը, մյուս կողմը՝ տրամադրողը: Մենք պետք է ներկայացնենք, որ չենք խաղում հակասությունների վրա: Մենք փորձում ենք մաքսիմալ օգտակարություն ունենալ և մեզ համար օգտակարություն ստանալ: Մենք չենք կարող լինել միջնորդ, բայց կարող ենք լինել օժանդակող:

-Պարո՛ն Շուգարյան, կարծիք կար, որ Բոլթոնի այցի թիրախում հիմնականում Ադրբեջանն է, որովհետև հիմա Հարավային Կովկասում այդ երկրի հետ են զարգանում Միացյալ Նահանգների հարաբերությունները․ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվում, հանդիպումներ են եղել կողմերի միջև:  Չպետք է մոռանանք, որ այնուամենայնիվ այստեղ ԱՄՆ-ի ամենավստահելի գործընկերը Վրաստանն է: Ձեր կարծիքով՝ Հայաստանն ի՞նչ հնարավորություններ ունի այս պարագայում, նաև երբ հաշվի ենք առնում նրա ունեցած լավ հարաբերություններն Իրանի հետ:

-Ես միանգամից ասեմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք չեն իջնի ինչ-որ մակարդակի, իսկ այդ մակարդակը բավականին բարձր է: Դա սկսվել է 1992 թվականից, և դրա մեջ չափազանց մեծ գործոն և նշանակություն ունի ամերիկահայերի դերակատարությունը:

Դրան գումարած՝ շատ հետաքրքիր գործոններ կան արդեն Հայաստանում: 25-26 տարիների ընթացքում մեծ փորձ և տեղեկատվություն է հավաքվել ԱՄՆ-ի մոտ, թե անկախ նրանից, թե Հայաստանում ինչ գործընթացներ են գնում, ինչ հետընթացներ և առաջընթացներ կան, այստեղ կա բավականին հստակ գիծ՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հետ կապված:

Ես հետևում եմ հայաստանյան փորձագիտական դաշտի դիտարկումներին, և հետաքրքիր մի միտք հանդիպել եմ Դավիթ Շահնազարյանի մոտ: Հայտնի միտք կա, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ մեզ մոտ հակառակն է․ ներքինն է դառնում արտաքին քաղաքականության շարունակություն: Ինձ թվում է, որ մեզ մոտ հիմա շատ հետաքրքիր և շատ հավասարակշիռ վիճակ է: Մենք այս 25 տարիների ընթացքում անելով տարբեր քայլեր արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտներում՝ շրջադարձային փոփոխություններ չենք արել: Սա կայունություն է, շարունակականություն է, որը շատ բարձր է գնահատվում մեծ պետությունների կողմից, բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք լուրջ փոփոխությունների, ռեֆորմների, շահերի համընկնման և այլն:

Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ն զարգացնում է իր հարաբերությունները, բայց պետք է ասեմ, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունները երբեք չեն կարող բարձրանալ․ այնտեղ համատարած կոռուպցիա է, մարդու իրավունքների համատարած խախտումներ և այլն, և այլն: Դրանք թույլ չեն տա ամերիկյան վարչակազմին ավելի խորացված հարաբերություններ ունենալ, որքան էլ այնտեղ նավթ և այլ հանգամանքներ լինեն: Դրա համար միշտ անհրաժեշտ է պահել հավասարակշռությունը: Իսկ ինչպե՞ս պահել այն․խորացնելով հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք դա տեսել ենք 25 տարվա ընթացքում, այդպես են զարգացել հայ-ամերիկյան հարաբերությունները:

Պարզապես մեկ խնդիր կա, որ այդպես էլ մնաց չլուծված: Չեմ համարում, որ այդ խնդիրն արդեն պետք է լուծված լիներ: Դա այն էր, որ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ սիստեմիկ  (ոչ թե սիստեմատիկ-Ռ․ Շ․), չդարձան: Այսինքն՝ հիմա հայ-ամերիկյան համարաբերություններում մի սխեմա է, որտեղ Հայաստանը ստանում է մարդասիրական, տեխնիկական զարգացման օգնություն, Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունենան տարբեր ֆորմատներ՝ երկխոսելու համար՝անվտանգության,  ստրատեգիական երկխոսության և տնտեսական ոլորտներում: Դա ԱՄՆ-ի և նոր անկախ Հայաստանի հարաբերություններին է բնորոշ, որը ոչ թե որակով, այլ քանակով է հիմնականում տարբերվում, օրինակ՝ ԱՄՆ-Մոլդովա հարաբերություններից:

Մենք պետք է կարողանանք ԱՄՆ-ի հետ խոսել ավելի գլոբալ համագործակցության, ընդհանուր շահերի մասին, լավ կլինի, որ Հայաստանը դառնա իսկական գործոն ԱՄՆ-ի համար: Դա դեռ չի կայացել:

-Դրա կայացումն ինչի՞ց և ումի՞ց է կախված լինելու՝ մեզնի՞ց, ԱՄՆ-ի՞ց, թե՞ տարածաշրջանային զարգացումներից:

– Մեզնից ավելի է կախված: Բայց ձեզ ասեմ, որ 2001 թ․սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանը, ինչպես Վրաստանն ահաբեկչության դեմ պայքարում իր դերը խաղացել է:

Նաև մի հանգամանքի վրա էլ եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Երբ խոսում ենք Միացյալ Նահանգների՝ տարբեր երկրներում ունեցած իր շահերի մասին, ուշադրություն ենք դարձնում այդ երկրի դեսպանության չափին, այնտեղ աշխատող աշխատակիցների թվին: ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում շատ մեծ է, այդպիսի ներկայություն այստեղ չէին ունենա, եթե չունենային ստրատեգիական շահեր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր