Մաշկի գեղեցկությունը կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից: Ամռանը հանգստացած ու թարմացած դեմքի մաշկը կօգնեն պահպանել աշնանային դիմակները: Նախ պետք է դիմակներ օգտագործելու ճիշտ հաճախականություն իմանալ: Այն օգտակար է, եթե օգտագործում եք շաբաթվա մեջ 1 անգամ: Եթե դիմակը ճիշտ ու խնամքով է պատրաստված, դրա ազդեցությունը կարող է տևել 3-4 օր: Եվ նաև դիմակն օգտագործելուց առաջ պետք է լավ խառնել: Մինչ դիմակ օգտագործելը պետք է մաքրել դեմքը փոշուց ու քրտինքից և կարելի է թեթև պիլինգ անել: Դիմակը պետք է դեմքի վրա մնա մինչև դրա չորանալը, բայց ոչ 20 րոպեից ավելի:
– Իսպանական դիմակ. Թարմ լոբու հատիկները լցնել եռացրած ջրի մեջ ու թողնել մի քանի ժամ, հետո եփել այնքան, որ լոբու հատիկները փափկեն: Հետո եփած հատիկներն անցկացնել ալրամաղով ու ստացված զանգվածին ավելացնել կես կիտրոնից քամված հյութը: Հետո ավելացնել զեյթունի ձեթ, այնքան, մինչև ստացված զանգվածը նման կլինի թթվասերի: Այս դիմակը դեմքին քսում են գոլ վիճակում: Այն սնուցող և մաշկը հարթեցնող ազդեցություն ունի և խորհուրդ է տրվում չոր, նուրբ մաշկ ունեցողներին: 20 րոպե հետո լվանալ դեմքը տաք ջրով:
– Իսկ յուղոտ մաշկի համար շատ լավ է հապալասենու պտուղներից պատրաստված դիմակը, քանի որ այն ամրացնում է անոթներն ու չորացնում մաշկի ծակոտիները: Բայց պետք է հաշվի առնել, որ հապալասի հետքերն այնքան էլ հեշտ չեն անցնում, այդ պատճառով կարելի է այն օգտագործել հանգստյան օրերին: 1 թեյի գդալ հապալասն ու նույնքան գետնամորի տրորել իրար հետ, ավելացնել 2 գդալ ոչ յուղոտ թթվասեր ու մի քանի կաթիլ կիտրոնի հյութ: Լավ խառնել ու քսել դեմքին: Պահել 20 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: