«Ձեզ մոտ փլավը ո՞նց են սարքում»։
Ստամբուլում իր թուրք հարևանուհուց այս տարօրինակ թվացող հարցը լսելիս Վարդուհի Բալյանը չզարմացավ:
«Ասում եմ, թե նույն կերպ ենք եփում, տարբերություն չկա։ Չեն պատկերացնում, որ մեր մշակույթներն այդքան նման են, որովհետև որտե՞ղ են հայի հանդիպել։ Ոչ թե կարծրատիպ ուներ այդ տատիկը, այլ իսկապես չգիտեր ու դրա համար իրեն հետաքրքիր էր հասկանալ, թե ոնց եմ ճաշ եփում»,- բացատրում է Բալյանը։
Շատ հայեր չեն ճամփորդում Թուրքիա, նույնիսկ հանգստի նպատակով, ուր մնաց այնտեղ տեղափոխվել ապրելու՝ լինի դա վախից, թե 1915 թվականի Ցեղասպանության արդյունքում առաջացած ատելությունից։ Չնայած Թուրքիան ընդունում է` տեղի են ունեցել վայրագություններ, բայց դրանք վերագրում է Առաջին համաշխարհային պատերազմին ու կտրականապես դրժում քրիստոնյա հայերին բնաջնջելու կանխամտածված փորձի փաստը։
Երկու երկրներում էլ ազգայնական դիսկուրսները մեկուսացրել են մարդկանց իրարից և հավերժացրել անհաշտ թշնամության պատկերացումը։ Օտարումը ամրապնդվում է դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։ Թուրքիան խզեց հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում։ Այդ ժամանակվանից մինչ այսօր երկու երկրների միջև սահմանը փակ է։
Այսօր Թուրքիայում հանդիպող հայերը կամ պոլսահայերն են, որոնք այնտեղ են ապրում սերնդեսերունդ և իրենց սփյուռքահայ չեն համարում, քանի-որ Թուրքիան իրենց հայրենիքն է, կամ հայաստանցիներ են, որոնք ճամփորդում են Թուրքիա` առևտրի և աշխատանքի նպատակով։
Վարդուհի Բալյանը ժամանեց Ստամբուլ 2013 թվականին՝ ԹՕԳ համայնքային կամավորական հիմնադրամի և Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրերում կամավորություն անելու համար՝ նպատակ ունենալով մնալու միայն մեկ տարի։ Բայց շուտով նա չդիմացավ Ստամբուլի հմայքին։ Որոշեց ընդունվել Ստամբուլի Բիլգի համալսարան` ուսանելու Սոցիալական ծրագրեր և ՀԿ-ների կառավարման մագիստրական ծրագիրը։ Բալյանը հավատում է, որ Թուրքիա տեղափոխվելու իր որոշումը մարտահրավեր է շատերի ունեցած կարծրատիպերին ու անվստահությանը:
Վարդուհի Բալյանն աշխատանքի գնալու ճանապարհին Շիշլի թաղամասում անցնում է պատուհանից կախված թուրքական դրոշի կողքով
Ամբողջությամբ՝ chai-khana.org