Հասարակության բոլոր խմբերում թիվ մեկ խնդիրը հայերենի պետական լեզվի կարգավիճակի գիտակցումն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն՝ ավելացնելով, որ տնտեսավարողները, կարծես, դա լիարժեք չեն ըմբռնում:
«Մարդը մի փոքրիկ խցիկ է բացում, վրան դնում է օտար տառերով, օտար անուն: Դա զբոսաշրջիկի համար չէ, դա տվյալ մարդու մեջ նստած օտարամոլության, հայերեն տառերը չսիրելու, հայերեն խոսքը չգնահատելու, չկարևորելու հետևանք է: Այստեղ պետությունը պետք է ոչ միայն խոսի պատժի մասին, այլև իր վերաբերմունքը ցույց տա»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Խոսելով գովազդային ցուցանակներին ու վահանակներին՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ իրազեկիչ նամակներ ուղարկում են տնտեսվարողներին, սակայն կոմիտեն իր կանոնադրության մեջ տուգանելու մասին կետ չունի, դա իր գործառույթը չէ: Այստեղ զուտ լեզվի շահից ելնելով, ըստ Դավիթ Գյուրջինյանի, պետք է ակտիվ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսվարողների հետ, որպեսզի ճիշտ հայերենով ներկայացվի ցուցանակը կամ վահանակը:
Ներկայացնելով ծրագրերը՝ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ Լեզվի կոմիտեն առաջարկել է ստեղծել հայերենի ընդհանուր էլեկտրոնային տերմինարան: Դավիթ Գյուրիջինյանը նկատեց, որ վաղուց բառարանները չեն թարմացվել, և հազարավոր բառեր դրանցում ընդգրկված չեն: Էլեկտրոնային տերմինարան ստեղծելու ծրագիրը հաստատվելուն պես կոմիտեն հաջորդ տարի կիրականացնի՝ ընդգրկելով գործընկեր կառույցների:
«Դա շատ կարևոր ծրագիր է, տերմինարանի էլեկտրոնային տարբերակը թույլ կտա պարբերաբար համալրել, նոր տերմիններ ավելացնել: Տպագիրի դեպքում այդ հնարավորությունը չկա»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարիների ընթացքում հայերենի խոսակցականն ու գրականը շատ են հեռացել միմյանցից: Երբեմն դրան նպաստել են հեռուստաընկերությունները:
«Մեր մշակութային ավանդույթը, դժբախտաբար, շատ է զատել խոսակցականն ու գրականը: Գրականը շատ-շատ մաքրվել է, հեռուստաընկերություններն էլ խոսակցականն իջեցրել են, իջեցրել են, երբեմն դա արել են կեղծ նոտաներով: Հիմա պետք է հավասարակշռված աշխատանք արվի»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:
Հուլիսից հոկտեմբեր ամիսներին Լեզվի կոմիտեն ստացել է ամսական 30-33 գրանցված դիմում-նամակ՝ լեզվական տարբեր պարզաբանումներ ստանալու համար։ Այս ընթացքում լրատվամիջոցները շուրջ 70 հրապարակմամբ անդրադարձել են Լեզվի կոմիտեի գործունեությանն ու լեզվական պարզաբանումներին։ Համագործակցության հուշագրեր են կնքվել կամ համագործակցության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր լրատվամիջոցների հետ։
Հունիսից գործում է «Լեզվի կոմիտե / Language Committee» ֆեյսբուքյան էջը, որն արդեն արժանացել է շուրջ 15 հազար հավանումների։ Կոմիտեն ֆեյսբուքյան էջի միջոցով փորձում է նաև կրթական գործունեություն իրականացնել՝ անդրադառնալով տարածված լեզվական սխալներին և ներկայացնելով ու բացատրելով դրանց ճիշտ տարբերակները։
Լեզվի կոմիտեն շարունակում է ուսումնասիրել այլ երկրների լեզվական քաղաքականության փորձը, դրանք անհրաժեշտության դեպքում տեղայնացնելու նպատակով։