Ասում են, որ մետրոյում կարելի է զգալ քաղաքի ռիթմը։ Հանգիստ քաղաքներում մետրոյի կայարաններում սովորաբար մարդ չկա և հանգիստ է, իսկ մեծ քաղաքներում անդադար աղմուկ է և մարդիկ վազում են խելահեղ արագությամբ` չնկատելով միմյանց։ Երևանյան մետրոն նույնպես իր ուրույն ռիթմն ունի։
Կարելի է մի բոլ վայելել՝ ինչպես են բերետներով և վանդակավոր վերարկուով աղջիկները, ականջակալներով տղաները, գիրքը ձեռքին ակնոցավոր կանայք, երեխաներն ու տատիկները, շուրջբոլորը ոչինչ չնկատող սիրահար զույգերը, ինչպես նաև մի շարք այլ մարդիկ սպասում, թե երբ դինամիկներից կանացի ձայնը կհայտարարի հերթական կայարանի մասին։ Նման պահերին ուզում ես ներխուժել մեքենավարի խցիկ, տեսնել մետրոն նրա աչքերով։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մետրոյի մեքենավար Աշոտ Երեմյանի խցիկում և հետևել նրա աշխատանքին, ինչպես նաև պարզել, թե իր աշխատելու 30 տարիներին յուրաքանչյուր օր ինչ է նա տեսնում։
Մենք մտնում և դուրս էինք գալիս թունելներից։ Մեզ ուղեկցում էին լույսերն ու լույսի վառ կայծերը, կայարաններում մարդիկ հետաքրքրությամբ նայում էին խցիկին, հասկանալու համար թե ինչ է այնտեղ կատարվում։ Միայն մեքենավարն էր հանգիստ անջատում ու միացնում կոճակներն ու պատմում, թե ինչպես է այստեղ հայտնվել, և ինչպես է աշխատում ստորգետնյա մեծ աշխարհը։
«17 տարեկան էի, երբ նստեցի գնացքի «ղեկին», այն ժամանակ Երևանում դեռ մետրո չկար։ Մեր թվարկությունից առաջ էր։ Երկաթգծում էի աշխատում։ Բանակից հետո մետրո եկա աշխատելու, ինձ դուր չեկավ, գնացի։ Երկար տարիներ տրամվայի վարորդ էի աշխատում։ 90-ականներին հայտնվեցի այստեղ և այլևս հեռանալ չեմ ցանկանում», – ժպիտով հիշում է Երեմյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am