«Իմ գործը զգուշացնելն ու տարածելն է». Գագիկ Սուրենյան. media.am
Advertisement 1000 x 90

«Իմ գործը զգուշացնելն ու տարածելն է». Գագիկ Սուրենյան. media.am

media.am-ը զրուցել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ և օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանի հետ:

– Շատերը համոզված են, որ Դուք երբեք չեք սխալվում:

– Դա հնարավոր չէ, քանի որ որքան էլ մարդը առաջադիմի ու գիտությունը զարգանա, չի ստացվի կանխատեսել և վերահսկել եղանակային բոլոր փոփոխությունները:

Բայց եթե նկատել եք, վերջին տարիներին մեր կանխատեսումների արդարացվածությունը մոտենում է գրեթե 100%-ին: Այսինքն՝ «Հիդրոմետ»-ի կանխատեսումները անբեկանելի են: Մեկ տարվա ընթացքում ունենում ենք ընդամենը 1-2 լուրջ սխալ, իսկ դա շատ բարձր ցուցանիշ է: Մենք մրցակից են երկրագնդի ցանկացած, նույնիսկ ամենահեղինակավոր հիդրոմետ ծառայության հետ:

– Մենք սովոր ենք եղանակի մասին տեղեկանալ ստանդարտ ձևակերպումներով, իսկ Դուք եղանակի մասին ինֆորմացիան գրեթե ժողովրդական բանահյուսության մակարդակի եք հասցրել: Բառապաշարը հատու՞կ եք մշակել:

– Հեռուստատեսության դաշտում ես միակ մասնագետն եմ, որը եղանակի մասին ինֆորմացիան բացատրել ու ներկայացրել է մասնագիտական լեզվով: Սովորաբար դա արել են մարդիկ, որոնք օդերևութաբանի մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունեին, անգամ քարտեզի վրա սխալ էին ցույց տալիս հյուսիսն ու հարավը: Նրանք դերասաններ էին, երգիչներ ու երգչուհիներ, որոնք պարզապես տեքստ էին կարդում եղանակի մասին՝ լավ չպատկերացնելով էությունը:

Իսկ հեռուստադիտողը դա շատ լավ տեսնում և հասկանում էր: Ի վերջո, տեքստից բացի շատ կարևոր է նաև հաղորդավարի հայացքը, շարժուձևը, ինչի շնորհիվ լսարանի ու հաղորդավարի միջև ստեղծվում է փոխըմբռնում:

Ես կարողացա մեկնաբանել գործընթացն ու հասանելի դարձնել այն ազգաբնակչությանը: Ասենք` եթե տեղի են ունենում ջերմաստիճանի տատանումներ, առատ տեղումներ և այլն, այդ գործընթացը խորությամբ բացատրվում է: Եվ բացատվում է այնպես, որ այն հասանելի լինի ցանկացած բնակչի:

– Կենցաղային համեմատություններն ու հուշումները (ասենք՝ անվադողեր փոխելը կամ գլխարկ և «չուլկիներ» հագնելը) հանրայնացնում են Ձեր անձը: Զգու՞մ եք, որ դառնում եք մեդիա «աստղ»:

– Էլի եմ կրկնում՝ դա պայմանավորված է իմ մասնագետ լինելու հանգամանքով: Նաև այն փաստի հետ, որ բացի ինձանից «Հիդրոմետ» ծառայության ոչ մի աշխատակից դուրս չի եկել մեդիա ոլորտ: Փայլուն մասնագետներ ունենք, որոնք, սակայն, չեն շփվել լայն լսարանի հետ: Լսել եմ, որ ինձ աստղով մարդ են անվանում:Դուք էլ լավ գիտեք, որ եթե էկրանին հայտնվող անձը դիտողի համար հաճելի չլինի, դիտողը նրան չի էլ լսի:

Իսկ «չուլկիների» մասին իմ գրառումն, իհարկե, կատակ էր: Որոշ մարդկանց դուր չի գալիս, որ «Հիդրոմետ» ծառայությունը հանդես է գալիս հայտարարություններով, որ եղանակը ցրտելու է և ձյան տեսքով տեղումներ են լինելու: Հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներն են դժգոհում, որ անընդհատ վատ լուրեր ենք հայտնում: Ես էլ գրառում արեցի, որ մեր հայտարարությունները չեն արվում, որ դուք որոշեք «գիտրի» կամ «չուլկի» հանգնել, այլ նպատակ ունեն զգուշացնելու մարդկանց, որպեսզի փորձանքի մեջ չընկնեն:

Մենք կարող ենք հազարավոր անգամներ նախազգուշացնել ոչ բարենպաստ եղանակային պայմանների մասին, բայց, միևնույն է, ճանապարհներին վթարներ և զոհեր են լինում: Իսկ վթարների պատճառներից հիմնականը հենց կապրոնե անվադողերն են, որոնք չեն օգնում մերկասառույցի պարագայում:

Մեր աշխատանքը առավելագույն օպերատիվություն պահանջողներից է: Հարկավոր է անընդհատ տեղեկատվական հոսքի մեջ լինել, քանի որ տեղեկությունը հաճախ փոխվում է, վերամշակվում: Եվ ես փորձում եմ օպերատիվ լինել:

Ինչ-որ աստվածային բան կա կանխատեսման մեջ, քանի որ գործ ունեք մի բան հետ, որը դեռ չկա, բայց գիտեք, որ գալու է: Կանխատեսումը և՛ գիտություն է, և՛ միստիկա:

– Հարգելիս, ամեն ինչ շատ ավելի հստակ է: Ես մեր մասնագիտությունը նմանեցնում են բժշկությանը, քանի որ մենք գործ ունենք նույն գիտական ստուգաբանությունն ունեցող եզրերի՝ դիագնոզի և պրոգնոզի հետ: Բժիշկը հետազոտում է մեր օրգանիզմն ու ախտորոշում օրգանների աշխատանքը, իսկ օդերևութաբանը հետազոտում է մթնոլորտը և եզրակացնում, թե ինչպես է այն իրեն պահելու: Գիտական առումով մենք նույն ուղղությամբ ենք շարժվում:

– Իսկ ունե՞ք դժգոհություն մեդիայից, թե՞ Ձեզ հարմարավետ եք զգում այդ դաշտում:

– Մեդիա դաշտում աշխատելը շատ պատասխանատու և սթրեսային գործ է: Բացատրեմ, թե ինչու: Օրեր առաջ մենք հատուկ նախազգուշացում տարածեցինք սպասվելիք ձյան, առատ տեղումների, բքի և անբերանպաստ եղանակային պայմանների վերաբերյալ: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մեր կանխատեսումը չիրականանա: Ծախսվում են բազմաթիվ միջոցներ (մարդիկ անվադողեր են փոխում, քաղաքային կառույցները ավազ և աղ են տեղափոխում մարզեր, տեխնիկա են նախապատրաստում), բայց ենթադրենք՝ հանկարծ մեր կանխատեսումը սխալ է դուրս գալիս: Կանխատեսողի համար դա լուրջ դեպրեսիայի առիթ է: Մենք լարման մեջ ենք մինչ այն պահը, երբ կանխատեսումն արդարանում է:

Իսկ այդ կանխատեսումները մեկը կամ երկուսը չեն, դրանք անընդհատ են արվում, և մենք մեր կյանքի ընթացքում ոչ մի րոպե հանգիստ չունենք և մշտական լարվածության մեջ ենք:

– Անընդհատ ասեղների վրա եք…

– Բնության հետ գործ ունենալը խաղ ու պար չէ: Եվ որքան էլ լավ մասնագետ լինենք ու փայլենք մեր գործում, մենք աստվածներ չենք:

Միշտ հնարավոր են շեղումներ, քանի որ բնության մեջ տեղի ունեցող գործընթացները թուլանում են, դանդաղում, ուժգնանում, ժամկետներն են խախտվում և այլն: Եվ դա հասկանալով էլ՝ մենք ապրում և աշխատում ենք սթրեսային իրավիճակում: Կանխատեսումից մինչև արդարացումն ընկած միջակայքը միշտ լի է տհաճ սպասումներով:

– Եթե մոտ օրերս Երևանում ձյուն գա, Երևանը պատրաստ կլինի՞, թե՞ անցյալ տարվա պես ճանապարհները կփակվեն և կանգ կառնի տրանսպորտը:

– Այդ հարցը ինձ չպիտի հասցեագրեք: Իմ գործը զգուշացնելն ու տարածելն է: Ես դա անում եմ՝ փորձելով թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ տարբեր կայքերով և սոցցանցերով որքան հնարավոր է շատ մարդկանց հասցնել լուրը:

Ի վերջո, կան հատուկ պաշտոնական հաղորդագրություններ, որոնք ԱԻՄ-ը ուղարկում է շահագրգիռ մարմիններին: Իհարկե, որպես ՀՀ քաղաքացի՝ ես շատ կցանկանայի, որ քաղաքը պատրաստ լիներ դիմավորել ձյունը, բայց դա ընդամենը իմ ցանկությունն է: Ավելին անել չեմ կարող:

– Իսկ Երևանում ե՞րբ է ձյուն գալու: Հուսանք, որ քաղաքը պատրաստ կլինի ընդունել այդ գեղեցկությունը:

– Հստակ կարող եմ ասել, որ առաջիկա շաբաթում ձյան առատ տեղումներ չեն լինի:

Ձյունն իմ ամենասիրելի մթնոլորտային երևույթն է: Հիշում եմ, որ անցյալ տարվա վերջին օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առատ ձյուն տեղաց Երևանում, ու ձյան ծածկի հաստությունը հասավ 60-70 սմ: Իհարկե, դա կանխատեսված ու բացատրված գործընթաց էր, բայց միաժամանակ իսկական հեքիաթ էր:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Ամբողջությամբ՝
սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր