Հայաստանում աղբի տարանջատման քաղաքականությունը դեռ ամբողջությամբ չի ներդրվել: Ըստ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 2016 թվականի ուսումնասիրության՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները Հայաստանի ջրային տարածքի աղտոտման հիմնական պատճառներն են: Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների` Հայաստան տարեկան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ է ներմուծվում, իսկ արտադրվում է ավելի քան 201 տոննա:
Այնուամենայնիվ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում պլաստիկե թափոնները ոչ միայն կտեսակավորվեն, այլև կպատրաստվեն վերամշակման և կրկնակի օգտագործման շինարարության ոլորտում 2016-ին մեկնարկած «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ: Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի վերամշակման արտադրամաս, որտեղ պլաստիկ թափոնը, որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո, կվերածվի շինանյութի: Նորաստեղծ արտադրամասին բավարար պլաստիկ հումք կմատակարարվի ծրագրի շնորհիվ ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման և հավաքման ենթակառուցվածքների միջոցով, որոնք կձգվեն Եղեգնաձորից մինչև Մեղրի՝ ընդգրկելով Վայոց ձորի և Սյունիքի 9 համայնքները: Փողոցների եզրաքարերի և սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի գործարանի հոսքագծին պլաստիկ թափոն մատակարարող համայնքների հանրային տարածքները բարեկարգելու համար:
Ամբողջությամբ՝ eunewsletter.am