Ազատ ստեղծագործող և օրենք. հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ
– Պարոն Արծրունի, ի՞նչ է մշակույթը և ո՞րն է մշակութային քաղաքականության մասին Ձեր պատկերացումը:
– Մեր ազգի պարագայում մշակույթն այն բանաձևն է, որն օրինաչափում է մեր ազգային ինքնությունը: Այսինքն, դա այն լծակն ու միջոցն է, որը թույլ է տալիս ընկալել սեփական ինքնությունը, մշակութային տեսակը, երկրորդ` տարբերվել մնացած մշակույթներից: Այս առումով պետության հիմնական գործառույթներից մեկն այդ մշակույթի և այդ բանաձևի հանրահռչակումն է ոչ միայն երկրի ներսում, այլև` դրսում: Վերջերս Ֆրանկոֆոնիայի ֆորումի ականատեսը եղանք, և դա պետական մոտեցման փայլուն օրինակ էր: Աշխարհի տարբեր պետություններ միավորվեցին մշակութային մի ձևաչափում, որը չունի սահման ու տարածություն, բայց վերահսկվում ու խրախուսվում է պետության կողմից. մշակութային իդենտիֆիկացիայի խնդիրը կարևորված էր պետության կողմից: Սա’ է իմ պատկերացումը մշակույթի և պետական քաղաքականության մասին: Արվեստագետները մշակույթի կրիչներն ու կայացնողներն են: Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ ու հնարավորություններ ստեղծագործողների համար առաջին հերթին` ինքնադրսևորվելու, երկրորդը` զարգանալու, երրորդը` ստեղծագործությունը ներկայանալի դարձնելու համար:
– Ձեր նշած բոլոր դրույթներն ամփոփված են Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում /20.11.2002/` մշակութային և ստեղծագործական գործունեության ազատություն, ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, աջակցություն ստեղծագործական աշխատանքների միջազգային շփումների ընդլայնմանը: Օրենքի հիմքում, կարծես, ազատ ստեղծագործողի պետական պաշտպանվածությունն է: Հռչակագրային առումով, անշուշտ, հրաշալի օրենք է: Բայց օրենքի այդ դրույթները որքանո՞վ են իրացվում, որքանո՞վ է ազատ ստեղծագործողն զգում այդ հռչակագրի կիրառումը:
– Երբ կարդում ենք մշակույթի մասին հայաստանյան միակ փաստաթուղթը, տեսնում ենք, որ, այո, առանցքում ազատ ստեղծագործող անձն է և նրա կողմից ստեղծված արժեքը: Օրենքը նկարագրում է պետության պարտավորությունները ստեղծագործող անձի առջև` օրենքի միջոցով հանրահռչակելով նրա առաջնայնությունը: Սա շատ կարևոր է, որովհետև նույնիսկ դեկլարատիվ առումով նմանօրինակ փաստաթղթեր ոչ բոլոր պետություններն ունեն: Իր բնույթով այդ օրենքն օրինաստեղծ է, որի հիման վրա պիտի գոյանային նոր օրենքներ` թատրոնի, կինոյի, ազատ արվեստագետի մասին և այլն: 2002-ին ստորագրվեց այդ օրենքը, ինչից հետո դադարեց օրինաստեղծ ընթացքը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ օրենքի մասին բոլորը մոռացան: Այդ օրենքը կարգավորման հստակ մեխանիզմներ չի տալիս, դրանով պետությունը պարտադրում է ստեղծել ոլորտային օրենքներ, որոնք նախևառաջ կհամակարգեն հարաբերություններ և կտան ստեղծագործող անձի իրավաբանական նկարագիրը: Ստեղծագործողը նույնպես քաղաքացի է և իր` արվեստագետի կարգավիճակը նկարագրող հատուկ օրենքի պահանջ ունի, ինչպես, օրինակ, լրագրողին քաղաքացիական կարգավիճակ տվողը Խոսքի ազատության մասին օրենքն է: Պետության առաջարկած տարբերակի համաձայն ես պետք է իմ` ստեղծագործողի կարգավիճակը փոխարինեմ առնվազն անհատ ձեռներեցի կամ հասարակական կազմակերպության կարգավիճակով: Ստացվում է, որ ստեղծագործող անձին պետության տված միակ հնարավորությունը դեպի գործարարություն տանող ուղենիշն է: Բայց Դուք լավ գիտեք, որ ստեղծագործական ոլորտը չի նկարագրվում տնտեսագիտական ալգորիթմերով, որովհետև ստեղծագործողը կարող է ունենալ երկարատև անկում կամ ստեղծագործական դադար, կամ այդ ընթացքում պարզապես չստեղծագործի, բայց պարտադրվի ձեռներեց-տնտեսվարողի իր ընթացիկ ամենամսյա պարտավորությունները կատարել: Այստեղ ես տեսնում եմ մեծ հակասություն:
– Եվ ո՞րն է լուծումը` ըստ Ձեզ:
– Իհարկե, հարաբերությունների կարգավորումը, իսկ դա տալիս է միայն օրենքը: Եթե չկա գործող օրենք, ազատ ստեղծագործողների մի հսկայական զանգված /ստեղծագործական բուհերի գործազուրկ շրջանավարտներից սկսած, Հայաստանից գաղթած և համաշխարհային ճանաչում ստացած ստացած արվեստագետներով վերջացրած/ պետական ատյանների կողմից մատնվում են ազատ մեկնաբանության` ֆինանսների նախարարությունն իր վարկածն է առաջ քաշում, հարկայինն` իրենը, իսկ մշակույթի նախարարությունը չի միջամտում այդ գործերին` զբաղվելով միայն հաստիքային արվեստագետների հետ կապված հարցերով:
Ամբողջությամբ՝ mincult.am