Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով նախկինում քննություն իրականացրած քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը համարում ապօրինի:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հարությունյանը, որն այժմ Մոսկվայում բուժում է ստանում, տեղեկացրեց, որ իր գտնվելու վայրը հայտնի է եղել քննություն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը և ինքը չի կարող հետախուզվել:
«Մեղադրանքը ոչ միայն չեմ ընդունում, այն ապօրինություն է, հետախուզումը՝ առավել ևս: Համեմատության մեջ դնել, թե որն է ավելի ապօրինի, ինձ թվում է այդ ոլորտում ավելի շատ հաջողություն կունենանք, քան դրանց փորձենք իրավական գնահատական տալ», – մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը:
Նա պնդեց, որ մեղադրանքը չընդունելով հանդերձ, հետևողական է լինելու, որ այդ ապօրինությունների հետ առնչություն ունեցած յուրաքանչյուր ոք անպայման պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:
«Ընթացքը ցույց կտա, ես լինելու եմ հետևողական», – նշեց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
Հարցին, թե հնարավոր չէ՞ր իր կողմից ապացույցների կեղծում, ինչպես երեկ հաղորդել էր Հատուկ քննչական ծառայությունը, Վահագն Հարությունյանը արձագանքեց.
«Իհարկե, հնարավոր չէ, նման բան չի եղել, լինել չէր կարող: Ես չգիտեմ՝ ինչ դնեմ սրա անունը, սա քրեադատավարության ոլորտից դուրս հետապնդում է իմ անձի նկատմամբ: Ինձանից ինչ-որ համագործակցություն էին ակնկալում և այլն, իհարկե, ես համագործակցելու ոչ մի բան չունեմ կապված մարտի 1-ի գործի քննության հետ: Քրեական գործը եզակի այն քրեական գործերից է եղել, որը քննվել է հրապարակայնության ամենագերադրական մակարդակի վրա: Որևէ քրեական գործ այդքան հրապարակային չի ներկայացվել հանրությանը, որքան մարտի 1-ի գործը: Գործում առկա փաստաթղթերի ամբողջ ծավալը եղել է շատ մարդկանց, փաստահավաք խմբի ԱԺ հանձնաժողովի տրամադրության տակ»:
Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ իրենից համագործակցություն են ակնկալել, Հարությունյանը պատասխանեց. «Ես էլ լավ չեմ հասկանում՝ ինչ են ակնկալում, ես հասկանում եմ՝ խոսքը վերաբերում է իրենց որդեգրած գործի ուղուն, ինչը իրենց պատկերացմամբ, ամպագորգոռ հայտարարում են, թե բացահայտել են, դրա հիմնավորումներն են փորձում տալ: Անտեղի են ակնկալում»:
Հարությունյանի պնդմամբ, այս քրեական գործի նախաքննության շրջանակներում հետագա գործողությունները և ընթացքը իրեն ցույց են տվել, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում:
Անդրադառնալով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը, Հարությունյանը պատմեց հետևյալը.
«Հետախուզում հայտարարում են երկու հիմքերի առկայության դեպքում՝ երբ հայտնի չէ գտնվելու վայրը և թաքնվում է քննությունից: Սա հասկանալու համար իրավաբան լինել պետք չէ: Հիմա իմ գտնվելու վայրի մասին՝ ես երկրից մեկնել եմ հուլիսին: Աշխատանքից ազատվելուց հետո մեկնել եմ արտերկիր, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ որոշեցի լուծել իմ առողջական խնդիրները, որոնք բավականին լուրջ էին՝ կապված սրտանոթային համակարգի հետ՝ միջամտություններ, ստենտավորում և ծնկահոդի լուրջ խնդիրներ, որոնք վաղուց տեղի ունեցած ավտովթարի հետևանք էին: Ինչևէ, ժամանակս որոշեցի տրամադրել, լուծել այդ խնդիրները: Սեպտեմբերի 11-ին իմ՝ Երևանի բնակավայր ստացել եմ ծանուցում, իմ ներկայացուցիչ փաստաբանը հատուկ պարզաբանում է ներկայացրել քննիչին այն մասին, որ չեմ կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել իմ բնակության վայրի մասին տեղեկանք, կոնտակտային տվյալներ, և բուժման հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Որևէ արձագանք այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունից չեմ ստացել:
Հաջորդը. հոկտեմբերի 30-ին էր, երբ Երևանի մեր տուն ուղարկվեց ծանուցագիր՝ նույն օրը հարցաքննության ներկայանալու համար, ինչը ինքնին արդեն իրավական չէր: Այդ պահին ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել ծանուցագիր բերող անձի հետ, նրան հայտնել եմ, որ գտնվում եմ Մոսկվա քաղաքում, կազմվել է համապատասխան արձանագրություն, որ գտնվում եմ Մոսկվայում բուժման նպատակով, խնդրել եմ փոխանցել որդուս ծանուցագիրը, որպեսզի ես կարողանամ կապ հաստատել քննիչի հետ, փոխանցել տեղեկատվություն:
Նույն օրը իմ ներկայացուցիչը կրկին պարզաբանել է, որ ես բուժման նպատակով գտնվում եմ Մոսկվա քաղաքում, որ անհրաժետ է բժշկական հետազոտություն, որի վերաբերյալ կա քաղվածք հետազոտությունների, հիվանդության պատմության վերաբերյալ ու ներկայացրել բժշկական փաստթղթի վերաբերյալ պատճենը:
Ես հրավիրվել եմ որպես վկա, ընդ որում՝ վկան իրավունք չունի իր բնակության վայրի մասին հայտնել ու այլ տեղեկանքներ ներկայացնել, բայց ես, ինքս, լինելով քննիչ, գտել եմ նպատակահարմար հավուր պատշաճի ներկայացնել:
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, առավոտյան անձամբ զանգահարել եմ ՀՔԾ, խոսել եմ ծանուցումներ ուղարկած քննիչների հետ, հաստատել իմ ներկայացուցչի ներկայացրած տվյալները, ի լրումն, ներկայացրել եմ Մոսկվայում իմ բնակության վայրի հասցեն և հեռախոսահամարը, որը ես մշտապես օգտագործում եմ: Ես պարզաբանել եմ, որ գտնվում եմ հետազոտման փուլում, առաջիկայում պարզ կլինեն իմ անելիքները: Քննիչներից որևէ մեկը ընդ որում որևէ ակնարկ անգամ չի անում ինձ առաջադրվող մեղադրանքի ու հետախուզման որոշում կայացնելու մասին: Դատեք ինքներդ՝ մարդկանց հետ առավոտյան խոսում եմ իմ գտնվելու վայրի, իմ կոնտակտների վերաբերյալ, բայց մի քանի ժամ հետո նույն անձը միջնորդություն է ներկայացնում դատարան կալանավորելու ու հետախուզում հայտարարելու մասին: Սրա անունը ի՞նչ դնենք»:
Նա ասաց, թե չի կարող այս պահին լիարժեքորեն մեկնաբանել մեղադրանքի որոշումը և դրա մասին կարող է խոսել մեղադրանքի որոշմանը ծանոթանալուց հետո:
Մեր դիտարկմանը, թե ՀՔԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությունում նշվում է մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, մասնավորապես, 1000 պարկուճներ փոխարինելու, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձին ծառայություն հրավիրելու ու հանձնարարություններ տալու մասին, Հարությունյանը արձագանքեց.
«Ի՞նչ է նշանակում դա, հիմա ՀՔԾ-ի որևէ քննիչի եկեք հարցնենք՝ ոստիկանության քանի՞ բարձրաստիճան պաշտոնյայի կարող ես կանչել ու նման հանձնարարություն տալ: Ո՞վ ես, որ նրան նման հանձնարարություն տաս: Քննիչը ո՞նց կարող է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային հանձնարարություն տալ: Քննիչի լիազորությունները հստակ նկարագրված են քրեական դատավարության օրենսգրքում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում