«Պարզե՞լ են՝ արդյոք համաներմամբ ազատ արձակվողն ընդունե՞լ, գիտակցե՞լ է իր մեղքը». հոգեբան
Advertisement 1000 x 90

«Պարզե՞լ են՝ արդյոք համաներմամբ ազատ արձակվողն ընդունե՞լ, գիտակցե՞լ է իր մեղքը». հոգեբան

ԱԺ-ն 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Ներում են այն մարդուն, ով գիտակցել, ընդունել է  սեփական մեղքը։ Կոչ եմ անում, բացի իրավաբանական, մարդասիրական մոտեցումից, նաև հոգեբանականը կիրառել։ Պետք է հոգեբանորեն պարզել՝ արդյոք մարդը իրոք գիտակցել, ընդունե՞լ է իր մեղքը, ապա նոր՝ ազատ արձակել։ Հոգեբանական հետազոտությունը 98 տոկոսով հստակ ցույց կտա մարդու դիրքորոշումը: Կպարզեն՝ նա պատրաս՞տ է կրկին հանցանք չգործել, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ այսօրվա գաղութներն ավելի շուտ հանցագործներ են պատրաստում կամ դաստիարակում։ Այսօրվա դրությամբ նորմալ մարդը կարող է հայտնվել գաղութում ու դառնալ հանցագործ՝ զուտ գաղութային միջավայրի շնորհիվ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ողջունելով համաներումն ու այն մարդասիրական քայլ համարելով՝ նշեց.

«Կարևոր է, որ համաներման հետ լինի վերականգնողական  (ռեաբիլիտացիոն) գործընթաց։ Պրակտիկան ցույց է տալիս, որ, երբ մարդկանց աշխատանքով չեն ապահովում, մեկ տարուց հետո նրանց 50 տոկոսը կրկին հայտնվում է բանտում։ Եվ, որպեսզի մեզ մոտ համաներումը չդառնա մարդասիրական ակցիա, այդ բոլոր գործոնները պետք է հաշվի առնել»։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շարունակելով վերջինիս՝  նկատեց, որ շատերն ազատ արձակվելուց հետո  հանցանք են գործում, որպեսզի կրկին բանտ վերադառնան:

«Սա շատ մտահոգիչ է: Ի՞նչ են անելու մարդիկ, երբ դուրս գան ու աշխատանք չգտնեն: Սոված մարդն անպայման մի հանցանք կգործի, ուստի սոցիալական բաղադրիչի հարցը պետք է լուծել»,- ընդգծեց  նա:

«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» հ/կ ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այս համաներումը համարեց մարդասիրական քայլ:

«Շատ մարդիկ կան, ովքեր ոչ օրինական կերպով են դատապարտվել։ 28 տոկոսով նաև բերդերի ծանրաբեռնվածությունն է թեթևանում։ Ինչ վերաբերում է հոգեբաններին՝ Հայաստանում պետք է ստեղծվի փորձագիտական բազա՝ հայտնի փորձագետներով, հոգեբույժներով, որոնք որոշումներ կընդունեն»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Անի Կարապետյան