Հայկական Հոլիվուդ կամ ինչպես է հյուրընկալ սուտլիկ-պապիկը խորհուրդներ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայկական Հոլիվուդ կամ ինչպես է հյուրընկալ սուտլիկ-պապիկը խորհուրդներ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին. armeniasputnik.am

Բարեսիրտ Էդիկ պապը հետաքրքիր պատմություններ գիտի Խաշթառակի մասին, բայց դժվար է հասկանալ՝ դրանցից որն է ճիշտ, որը` սխալ։

Տավուշը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից է։ Հավանաբար հենց այդ պատճառով է ռեժիսոր Հենրիկ Մալյանն այստեղ նկարել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը։ Խաշթառակի բնակիչները մինչև հիմա էլ հիշում են` ինչպես է Մալյանը նկարել այն դրվագը, որտեղ Մհեր Մկրտչյանը՝ նույն ինքը Ֆրունզիկը, լողացնում Ազատ Շերենցին։

«Այդ ես եմ Մալյանին խորհուրդ տվել նկարել այդ դրվագը։ Հետո էլ ասում էի, որ ինչ-որ մի դրվագում պատմի գյուղի մասին, բայց չհամաձայնվեց։ Իրեն հարգող ռեժիսորը պետք է Խաշթառակում նկարի իր ֆիլմերը։ Խաշթառակում, ոչ թե Աշտարակում։ Եվ ընդհանրապես այդ Հոլիվուդը չի կարող մրցել մեր գյուղի հետ»,- ասում է գյուղի բնակիչ Էդիկ Վանեսյանը։

Պապը կատակով խնդրում է իր ազգանունը չշփոթել Վանեցյանի հետ (ԱԱԾ ղեկավար), որովհետև գերատեսչությունում դա չեն սիրում, և դիմակով մարդիկ կարող են անակնկալ հյուր գալ։ Իսկ հիմա հյուր ընդունել չի կարելի․ ինքնաթոր օղին դեռ չի սառել, և ձմեռը դեռ չեկած` նրանք կարող են խմել ամբողջ պաշարը։ Հետո ցածր ձայնով իր տուն է հրավիրում լրագրողներին։ Խոստանում է հյուրասիրել և շատ հետաքրքիր բաներ պատմել։ Բայց նախօրոք զգուշացնում է` ինքը հայտնի սուտասան է, և պետք է շատ ջանքեր գործադրել՝ իր ասածներին հավատալու համար։

Էդիկ Վանեսյան

«Մեր մարզում բոլորը գիտեն ինձ, միայն ասա` «խաշթառակցի Էդիկը», և միանգամից կասեն՝ ուր գնաս։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մասնագետներ էին եկել, ինձնից խորհուրդ էին հարցնում, թե ինչ անեն, որ մեր գյուղը 20-րդ դարի ամենասիրուն գյուղը ճանաչեն, ես էլ ձևերը ցույց տվեցի»,- պատմում է նա ու քահ-քահ ծիծաղում։

Հետո խիստ դեմքով պահանջում է իրեն լուրջ վերաբերվել, որովհետև ինքը ֆիզիկամաթեմատիկական և պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր է, գեղի առաջին սուտասանը և լավագույն օղի թորողը։ Եվ կրկին ծիծաղում է։

«Սեպտեմբերի 19-ին արի ծնունդիս, 69 տարեկան եմ դառնալու։ Նվերներ պետք չեն, ընտանիքս կնվիրի։ Մոտիկ ազգականներս 10-ն են։ Երկու տղա ունեմ, երկու հարս, հինգ թոռ ու մի կին։ Ափսոս, որ կինը մեկն է»,- կրկին կատակում է նա, հետո հիշում, որ սեպտեմբերն անցել է և նոր օր «նշանակում»` ոչինչ, մայիսին կգաք։

Խառնվելով իր ծննդյան օրերի և սեփական տարիքի մեջ՝ սկսում է տարօրինակ պատմություններ պատմել գյուղացիների մասին, բայց արդյունքը մեկն է՝ նայել, խմել և մոռանալ։ Նայում է հեռացող մարդկանց և անկեղծորեն խոստովանում, որ երբեմն շատ է ձանձրանում և անչափ սիրում է հյուրեր ընդունել, բայց նրանք հազվադեպ են գալիս։ Իսկ այդ ամպլուայով է ներկայանում, որպեսզի ուրախացնի նրանց։

armeniasputnik.am