Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում խմելու ջրի մատակարարման վիճակը շարունակում է մնալ ծանր, ինչի արդյունքում գյուղի 1800 տնտեսություններին խմելու ջուր մատակարարվում է 4 օրը մեկ անգամ, 1-ժամյա տեւողությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, գյուղը չունի խմելու ջրաղբյուրներ, ջրամատակարարման արտաքին ցանց, օրվա կարգավորիչ ջրամբար եւ հիմնականում սնվում է խորքային հորերի ջրերից, որոնց որակը պարզապես անհամատեղելի է սովորական աղբյուրների ջրերի հետ: Դրա հետ մեկտեղ վատթար է նաեւ խմելու ջրատարի ներքին ցանցի վիճակը, որը, կառուցված լինելով ավելի քան կես դար առաջ, գրեթե ամբողջովին քայքայվել է: «Աստղաձորն ունի 1800 տնտեսություն եւ 4800 բնակիչ, որոնց խմելու ջուր կարողանում ենք մատակարարել 4 օրը մեկ՝ մեկժամյա գրաֆիկով: Գյուղը սնվում է խորքային հորերի ջրերից, որոնց որակը խիստ կասկածելի է: Խմելու ջրատարի ներքին ցանցը, որի երկարությունը կազմում է մոտ 35 կիլոմետր, գրեթե քայքայված է, կորուստները մեծ են: Իհարկե, կարող ենք սահմանել ջրամատակարարման ավելի երկար տեւողություն, սակայն այդ դեպքում կտրուկ կավելանան ծախսերը, քանի որ բնակիչները ստիպված կլինեն վճարել ծախսվող լրացուցիչ էլեկտրաէներգիայի դիմաց:
Ջրամատակարարման առկա գրաֆիկի դեպքում յուրաքանչյուր ընտանիքից գանձվում է ամսական 800 դրամ: Եթե խորքային հորերից ջուր մղենք երկու օրը մեկ, ապա այդ վարձավճարները կարող են կրկնապատկվել կան եռապատկվել: Մենք անցած տարիների ընթացքում որոշակի աշխատանքներ կատարել ենք գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կապիտալ նորոգման ուղղությամբ՝ կառուցելով 7 կիլոմետր երկարության ցանց տարբեր թաղամասերում: Որպեսզի կապիտալ նորոգման ենթարկենք ողջ ներքին ցանցը, մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 300 միլիոն դրամ, ինչը վեր է տեղական բյուջեի հնարավորություններից: Դրա համար փորձում ենք յուրաքանչյուր տարում որոշակի հատվածներ հիմնանորոգել, մինչեւ ամբողջանա ներքին ցանցի կառուցումը: Սակայն մեզ ամենից շատ մտահոգող խնդիրը մնում է խմելու ջրի մատակարարման համակարգի արտաքին ցանցի կառուցումը, առանց որի անհնար է պատկերացնել կանոնավոր ջրամատակարարման ապահովումը մի գյուղի համար, որը տարեցտարի աճում ու զարգանում է:
Բավական է ասել, որ մեր գյուղում տարեկան գրանցվում է մոտ 90 ծնունդ՝ 25-30 մահվան դիմաց: Ամբողջ դժվարությունն այն է, որ մեր բնակավայրին մոտիկ գտնվող վարչական տարածքում չկան այնպիսի հզորության ջրաղբյուրներ, որոնք կբավարարեն բնակչության պահանջները: Այդ է պատճառը, որ խորհրդային տարիներին անգամ, երբ ավելի ահավոր վիճակում էր ջրամատակարարումը, իսկ պետության հնարավորությունները՝ շատ մեծ, որոշվեց խնդիրը կարգավորել խորքային հորերի միջոցով, քան թե շատ ավելի մեծ ծախսեր կատարել՝ տասնյակ կիլոմետրեր հեռվից գյուղ ջուր բերելու նպատակով: Սակայն հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում ու չենք կարող այլեւս բավարարվել շահագործման պիտանիությունը կորցրած ջրամատակարարման համակարգով: Մարդիկ ուզում են մշտական ու որակյալ խմելու եւ կենցաղային ջուր ունենալ:
Արտաքին ցանցը, փաստորեն, պետք է սնվի այլ համայնքների ջրաղբյուրներից, ինչի շուրջ մեր մշտական որոնումները շարունակվում են: Պատրաստ ենք արտաքին ու ներքին ցանցի շահագործման իրավասությունը տալ շահագրգիռ կառույցների, միայն թե կարողանանք մեր բնակչությանը կանոնավոր ջուր մատակարարել: Մեզ մոտիկ գտնվող համայնքների այն ջրաղբյուրները, որոնք գտնվում են մեր դիտակետում, ընտրության դեպքում կարող են գյուղ հասցվել մեծ միջոցների՝ ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրման գնով: Բայց այլ ելք չունենք՝ բացի պետության աջակցությունն ակնկալելուց»,- խնդրի էությունը ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան