ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակումը ֆեյսբուքյան էջում:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ Այս տարի հրավիրում ենք նաև ՀՀ բոլոր դպրոցներին՝ միանալու նախաձեռնությանը, և հինգ օրերի ընթացքում անցկացնել մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։ Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։
Միանալով միջազգային շարժմանը՝ առաջարկում ենք դպրոցում նոյեմբերի 5-9-ը անցկացնել հետևյալ նախաձեռնությունները կամ դրանց մի մասը։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի և միջին դպրոցի բարձր դասարանների համար։
1. Մեդիագրագիտության դաս․ ուսուցիչը (հասարակագիտություն, ինֆորմատիկա) կարող է ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի նյութերի ու թեմաների հիման վրա (https://media.am/media-literacy-handbook) նախապատրաստել դաս։
2. Դիտում – քննարկում․Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Բունուս» կրթական նախաձեռնության հետ համատեղ պատրաստել է երեք վիդեո դաս։ Առաջարկում ենք դասարանում դիտել դրանցից որևէ մեկը և քննարկել նյութը աշակերտների հետ։
«Մեդիագրագիտություն․լուրը, լրագրությունն ու հասարակությունը», https://www.boonus.am/lesson/65
«Պահապան շները» լրագրության մեջ, https://www.boonus.am/lesson/66
«Ինչպես վերլուծել տեղեկությունները», https://www.boonus.am/lesson/67
3. Խաղի ժամ․ առաջարկեք աշակերտներին սովորել խաղալով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած երեք կրթական խաղերը սովորեցնում են մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքները։ Դրանք հասանելի են օնլայն։