Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հայկական արտադրության փողկապ չի կարողանում գտնել, Sputnik Արմենիայի սյունակագրին ստիպել է փողկապների հետ կապված պատմություններ հիշել։
Ժամանակն է, որ Հայաստանում աքսեսուարներ արտադրողները համալրեն Նիկոլ Փաշինյանի պահարանում բացակայող իրը։ Երբ հայ վարպետները վարչապետի պաշտոնակատարի համար արժանի փողկապ կարեն, նրանք կառավարության ղեկավարի տեսքը հարյուրտոկոսանոց հայրենական կդարձնեին։ Մնացածը` կոստյումը, շապիկը, գուլպան և նույնիսկ ձեռքի ժամացույցը, պատրաստված են Հայաստանում։
«Հիշո՞ւմ եք` ես ասում էի` նպատակ եմ դրել, որ ամբողջ հագուկապս պիտի հայկական արտադրության լինի»։ Փաշինյանն ասաց, Փաշինյանն արեց։
«Այժմ հայտարարում եմ` այն ամենը, ինչ տեսնում եք հագիս, փողկապից բացի, հայկական արտադրության է։ Այդպիսով ես աջակցում եմ հայրենական արտադրողին»,- մի օր ԱԺ-ում ասաց վարչապետը։
Հայաստանի և Կանադայի վարչապետները ցուցադրում են իրենց գուլպաները
Փողկապի մասին մի փոքր ավելի մանրամասն։ Ասում են` ով կոշիկ չունի, մերկ է։ Այս հարցում լավ են աշխատել (և սա դեռ մեղմ է ասված) հայ կոշկագործները` ամբողջ ԽՍՀՄ-ով թնդացող «Մասիս» ընկերության գլխավորությամբ։ Կոշկագործներին չէին զիջում նաև տեքստիլ արտադրողներն իրենց գեղեցիկ, հարմարավետ, նորաձև արտադրանքով, և այս հարցում «Գարուն» ընկերությունը, թերևս, բոլորից շատ էր հաջողության հասել։ Բայց հայկական թեթև արդյունաբերությունը մշտապես կաղում էր փողկապների հարցում։
Կարծես թե 130-150 սմ երկարությամբ և 7-9 սմ լայնությամբ հասարակ իր է` գրեթե «Պատրաստիր ինքդ» շարքից, բայց, այ քեզ հետաքրքիր բան, Հայաստանում փողկապ չեն կարել, և արական բնակչությունը պարանոցին կապել է Մոսկվայի «Լուչ» գործարանի արտադրանքը։ Սկզբունքորեն կարելի է ապրել նաև «Լուչով», կարելի է նույնիսկ առանց փողկապի, բայց…
Որտեղից է փողկապն առաջացել, և ինչու է այն պետք տղամարդուն։ Ինչպես և ամեն ինչ այս աշխարհում, փողկապը «ծնվել» է Չինաստանում, առաջին կայսեր Ցին Շիխուան-դիի օրոք և հայտնաբերվել դամբարաններում հուղարկավորված ազնվազարմ պարոնների և մարտիկների (Տերակոտե բանակ – խմբ.) պատճենների վզին։
Փողկապը Եվրոպայում է հայտնվել 17-րդ դարի երկրորդ կեսին։ Պատմությունը հետևյալն է։ Փարիզ է մեկնել խորվաթ զինվորների գունդը, սպաները մետաքսյա վառ վզկապներով են եղել (թաշկինակներ)։ Ֆրանսիացիները, որոնք ծնված օրից մեծ տեղ են տալիս նորաձևությանը, հետաքրքրվել են` սա ի՞նչ է։ Ֆրանսերեն չիմացող խորվաթները մտածել են, թե իրենց հարցնում են` դու ո՞վ ես, և պատասխանել են` խորվաթ։ Այդպես վզկապները անուն են ստացել ֆրանսիական «Croates» (Խորվաթ) բառից, ավելի ուշ բառը փոփոխությունների է ենթարկվել և դարձել Cravat, որը մի փոքր այլ գրությամբ պահպանվում է մինչև այսօր։
… Եթե ամեն ինչ այդպես է, ապա Հայաստանում ամենալուրջ մարդիկ ժամանակին աշխատում էին կուսակցությունում և կառավարությունում, որովհետև բոլորը մի մարդու պես փողկապ էին կապում։ Առանց փողկապի բյուրոկրատը նույնն է, ինչ գտածոն` վաճառել, մատնել ցանկացող թշնամու համար։ Ավելի պարզ ասած` ազատախոհ, եթե չասենք` այլախոհ։
Իհարկե, բացառություններ էլ կային։ Կուսակցական-կառավարական հավաքներին առանց փողկապի էր գալիս միայն ԵՊՀ նախկին ռեկտոր ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը (որը վերջերս մահացավ)։ Անփոխարինելի «վոդոլազկան» աշնանային և ձմեռային սեզոնին և օձիքը չկոճկած վերնաշապիկը տարվա տաք եղանակին հարցեր էին ծնում։ «Այդպես հարմար է ինձ» պատասխանը չէր ընդունվում. առանց փողկապի հարմար էր ոչ միայն Համբարձումյանին։ Առավել ևս, որ փողկապի առաջացման վարկածներից մեկը պնդում է, որ դրանք սերում են Հենրի Նավառացուց, որին խոստացել էին կախաղան հանել, իսկ նա, թշնամիներին ծաղրելով, սկսել էր վզին պարանի կտոր կապել։
Մեր դեպքում ամեն ինչ ավելի պարզ է. Համբարձումյանը մտերիմ էր Կարեն Դեմիրճյանի հետ և կարող էր իրեն այնպիսի ազատություն թույլ տալ, որը չէր կարող թույլ տալ ոչ ոք։
… Որքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի սպասել «Made in Аrmenia» պիտակով փողկապին, դժվար է ասել։