«Օպերատոր Արթուր Ապրեսովին կասեմ, թող նա էլ գա։ Միասին ենք 1992-94 թվականներին Արցախում եղել, միասին էլ կպատմենք։ Ես ու Ապրեսը մի ամբողջություն ենք»,- ի պատասխան հարցազրույցի առաջարկիս ասաց Դմիտրի Պիսարենկոն։ Նրանք, կողք կողքի նստած, այս կամ այն դեպքը հիշելիս ճակատներն իրար էին զարկում: Դա տարիների մտերմությամբ առաջացած ժեստ է, որի իմաստն ու արժեքը միայն իրենք կարող են հասկանալ։
– Ձեր համատեղ գործուղումն Արցախ ե՞րբ ու ինչպե՞ս եղավ։
Դմիտրի Պիսարենկո – Ես պետհամալսարանի ուսանող էի, թղթակցում էի «Հայաստանի Հանրապետություն» թերթի ռուսական բաժնին։ Դեռ 1992-ից էի Արցախ գործուղվել որպես լրագրող։ Անգամ հասցրել էի ականի բեկորից վիրավորվել։ Թերթում հայտարարություն կարդացի, թե «Ա1» հեռուստաընկերությանը լրագրողներ են պետք։ Գնացի, աշխատանքի ընդունվեցի։ Տնօրեն Մեսրոպ Մովսիսյանն ինձ գործուղեց Արցախ։ Առավոտյան պետք է ուղղաթիռով մեկնեինք։ Հեռուստաընկերություն եկավ օպերատոր Արթուր Ապրեսովը։ Փետրվարն էր, նրա հագին մի բարակ բաճկոն կար. չգիտեր, որ ինքն էլ է հետս Արցախ գնալու։ Այսպես թռանք Մարտակերտ։ Հրամանատար Սամվել Կարապետյանի (Օգանովի) մոտ էինք։ Ես՝ ռուս, Ապրեսը՝ ռուսախոս։ Ապրեսը Բաքվից էր եկել Երևան։ Նրա ընտանիքը փրկվել էր ջարդերից։ Ի դեպ, 1992-ին առաջին անգամ ուղղաթիռից եմ տեսել, թե ինչպես են ադրբեջանցիների վայրագություններից ու ջարդերից փրկված հայ փախստականների անվերջանալի շարքերն անցնում Լաչինի ճանապարհով։ Այդ պահին պատկերացրի 1915 թվականը, հայ գաղթականների տառապանքները։ Մի խոսքով՝ Ապրեսի հետ նկարեցինք մեր առաջին թեժ մարտը։
– Այդպես միանգամի՞ց, գնացիք ու սկսեցիք հենց մարտական գործողությունների՞ց։ Դու Արցախում եղել, նկարահանումներ արել էիր, բայց, Արթուր, դու առաջին անգամ էիր պատերազմի դաշտում։ Ինչպե՞ս կողմնորոշվեցիր ու անմիջապես գործի անցար։ Իսկ վտա՞նգը։
Արթուր Ապրեսով – Վտանգ չկար, չէի զգում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ամեն մեկս մեր գործը գիտեինք, տղերքը կռվում էին, ես պիտի նկարեի հնարավորինս լավ ու պատկերավոր։ Բաճկոնս խանգարում էր, հանեցի ու նետեցի Դիմային։ Տեսախցիկս առա ու վազեցի առաջ: Մեր տղերքը կռվելով գնում էին, ես վազքով առաջ անցա նրանցից, որպեսզի ամեն ինչ դիմացից նկարեմ։ Հասա բարձունքի տակ, շրջվեցի ու սկսեցի նկարել մերոնց հարձակումը։ Դիման նրանց հետ էր՝ բաճկոնս ձեռքին։ Մենք տարօրինակ բառեր ու ժեստեր էինք փոխանակում, բայց այդ պահին իրար հասկանալն ուղղակի անհնար էր։
Դմիտրի Պիսարենկո – Ապրեսն առաջ մղվելով՝ նկարում էր, իսկ ես անհոդաբաշխ խոսքերով ուզում էի նրան հասկացնել՝ դու գի՞ժ ես, ախր երկու կողմերից կրակում են, դու մերոնցից առաջ ես ընկել։ Ո՞վ կհավատա, որ ոչ թե, տրամաբանորեն, հետևից ես նկարել, այլ՝ դիմացից։ Հասկանո՞ւմ եք, դրանք վայրկյաններ են, որ ժամեր են թվում։ Այդ պահերին բոլոր զգացողություններդ սրվում են, դու այլևս մարդ չես, այլ գազան, որն առաջնորդվում է ինքնապաշտպանական բնազդով, որը պատրաստ է հակառակորդին ոչնչացնել ինչով հնարավոր է, անգամ ոչ թե զենքով, այլ ձեռքերով։
– Երբևէ զենք ունեցե՞լ եք, զենք բռնե՞լ եք։ Լրագրողներից շատերը պատմում են, որ տեսախցիկի, բարձրախոսի հետ նաև զենք են ունեցել։
Դմիտրի Պիսարենկո – Կա´մ Արցախ պիտի գնայի զենքով ու մինչև պատերազմի ավարտն այլևս չվերադառնայի Երևան, կա´մ կատարեի լրագրողական պարտքս։ Երկուսն իրար հետ չի լինի։ Բացի այդ, լրագրողների աշխատանքն այդ տարիներին շատ կարևոր էր։ Մեր ռեպորտաժներից քաղաքական մի շարք որոշումներ էին կախված։ Ապրեսն ու ես զենք չենք բռնել, բայց ապրել ենք, ինչպես բոլորը։ Ուտելիքը նույնն էր՝ նույն չոր հացը, տաք ջուրը, մի կտոր կարագն ու մի քիչ շաքարավազը։ Կռվողների պես մենք էլ էինք դիրքերում կանգնում։ Ես ցերեկով եմ կանգնել, իսկ Ապրեսը՝ գիշերով։
Արթուր Ապրեսով – Մենք զենք չենք ունեցել, որովհետև հասկացել էինք, որ աշխատանքի ժամանակ այն մեզ ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Պատկերացնո՞ւմ եք՝ օպերատորը տեսախցիկով վազում է, որ նկարի, իսկ նրա ուսից զենք է կախված։ Այդպես աշխատել հնարավոր չէ։ Մենք Արցախ էինք գնացել ոչ թե զենքով կռվելու, այլ քարոզչական կռիվ մղելու։
Բայց մի կարճ ժամանակ ես զենք ունեցել եմ, այն էլ ի՜նչ զենք։ Մարտերից մեկի ընթացքում թուրքի դիրք գրավեցինք։ Ես նկարելով առաջ գնացի ու հասա նրանց գնդացրին։ Ձեռքս դրեցի վրան ու ասացի՝ սա իմն է։ Տղերքը միաբերան, թե քո վաստակած ավարն է, առաջինը դու ես հասել գնդացրին, դու էլ վերցրու. պատերազմի օրենք է։ Գնդացիրը հետս վերցրի։ Բայց ես ի՞նչ անեի այդ զենքը։ Տեսա, որ մեր տանկերի վրա գնդացիր չկա, տղերքը թե՝ տուր մեզ։ Տվեցի։
– Բայց ես շատ պատմություններ եմ լսել, որ լրագրողներն, ամեն դեպքում, զենք են պահել։ Պատերազմ էր, ի՞նչ իմանաս՝ ի՞նչ կլիներ։ Աստված մի արասցե, գերի ընկնելն էլ բացառված չէր։
Դմիտրի Պիսարենկո – Պատերազմից այնպիսի՜ կերպարներ, դեմքեր ու դրվագներ են տպավորվել։ Հիշում եմ՝ բարձրահասակ մի տղամարդ մոտեցավ մեզ ու ցույց տալով մեր տեսախցիկը՝ ռուսերեն հարցրեց. «Պրոֆեսիոնա՞լ է… Իմն էլ է պրոֆեսիոնալ»։ Ու խոհանոցի մեծ դանակը հանեց-ցույց տվեց։ Ստեփանակերտում մսավաճառ էր եղել ու հիմա ազատամարտիկ էր դարձել։ Հետո շարունակեց ռուսերեն. «Ռո՞ւս ես»։ Ես հպարտ կեցվածքով հայերեն պատասխանեցի՝ հա, ռուս եմ, բայց Երևանում եմ ծնվել-մեծացել։ Արթուրին ցույց տալով՝ ասաց. «Նրան որ բռնեն, դեռ ոչինչ, միանգամից կսպանեն, բայց, այ, քեզ որ բռնեն, քիթդ ու ականջներդ կկտրեն, ծակ կմտցնեն, հետո իրենց հեռուստատեսությամբ ցույց կտան ու կասեն, թե իբր դու ռուս վարձկան ես ու կռվում ես հայերի կողմից։ Այնպես որ վերցրեք էս նռնակները, միշտ մոտներդ պահեք, մեկ էլ տեսար՝ պետք եկան, ի՞նչ իմանաս»։
Սա որ հիմա պատմում եմ, թվում է՝ գեղեցիկ պատմություն է կամ կինո, բայց իրականություն է։ Մեր մտքով անգամ չէր անցնում՝ բա որ մեզ մի բան պատահի՞, ախր մենք տուն, ընտանիք, մայր ունենք։
Արթուր Ապրեսով – Այդ օրվանից երկուսիս մոտ էլ նռնակ կար։ Մարդ ես էլի, եթե մեկիս համարձակությունը չհերիքեր նռնակի օղակը քաշել, մյուսս գոնե աներ դա։
– Լրագրողական ու օպերատորական ի՞նչ «ավար» ունեցաք դուք։
Դմիտրի Պիսարենկո – Չնայած Ապրեսն էր նկարողը, բայց ես խոսեմ նրա փոխարեն։
Ասեմ, որ Ղարաբաղում մենք մականուն վաստակեցինք։ Մարտից հետո, տղերքի հետ նստած, նկարահանած նյութը տեսախցիկով հետ տվեցինք, նայեցինք։ Ղարաբաղցիներից ամեն մեկը մի տեղից արձագանքեց.«Վայ, էս իմ քամակն ա, էս էլ քո քամակն ա…»: Այդպես մեր անունը մնաց՝ քամակ նկարողներ։
Մենք հաճախ ենք տեսնում վավերագրական ֆիլմեր 1941-45 թվականների Մեծ հայրենականի ճակատամարտերից։ Դրանք պատմական խրոնիկա են։ Ապրեսի նկարածներն էլ այդ արժեքն ունեն։ Ժամանակը կգա, ասածս կհաստատվի։ Բոլոր հեռուստաընկերությունների արխիվներում նրա նկարած կադրերը կան։ Շատերն այդ նկարահանումներն իրենց են վերագրում, ոչինչ, այդպես էլ է լինում։ Մեր նյութը եթեր էին հեռարձակում Reuters-ը, TF1-ը, Вести-ն, արտասահմանյան ու ռուսական այլ լրատվամիջոցներ։ Երբ հեռուստատեսությունները կեսգիշերին Հայաստանի հիմնն են հնչեցնում, կադրերի շարք են ցուցադրում, տեսած կլինեք՝ պատգարակով մի վիրավոր ազատամարտիկի են տանում։ Ապրեսի նկարածն է դա։ Արկն ընկավ ուղիղ այն թփի վրա, որի մոտ էի կանգնած մի քանի վայրկյան առաջ։ Կանգնած էլ կմնայի, եթե Ապրեսն ինձ այդտեղից չքաշեր-տաներ։ Իմ հեռանալուց հետո արկն ընկավ ու մերոնցից երկուսին վիրավորեց։ Նրանցից մեկը հենց պատգարակի վրայի մարտիկն է։
Արթուր Ապրեսով – Մենք մեծ մասամբ դաշտերում ու անտառներում էինք, որտեղ էլեկտրականություն չկար, տեսախցիկի մարտկոցները լիցքավորելու հնարավորություն չկար։ Այդ պատճառով էլ խնայողաբար էի օգտագործում իմ տեխնիկան։ Նկարում էի, Դիման ասում էր՝ չէ, քիչ է, բայց ինքն էլ էր հասկանում, որ մարտկոցը պիտի խնայեինք, որպեսզի հաջորդ օրերին էլ կարողանայինք նկարել։ Ես ու Դիման կարող էինք լինել Ղարաբաղի ամբողջ տարածքում, որտեղ ուզեինք՝ կնկարեինք։ Ինքնագովեստ չլինի, բայց մեզ իսկապես վստահում էին Ղարաբաղում։ Գաղտնիք չէ, որ պատերազմում ամեն ինչ չէ, որ կարելի է նկարել ու եթեր տալ: Դիման ռուս է, բայց մերոնք գիտեին՝ նա ամեն ինչ անում է թույլատրելիի սահմաններում, ի նպաստ Արցախի։ Պատերազմի ժամանակ շատ անսպասելի բաներ են լինում. պիտի զգոն լինես, որ բաց չթողնես, նկարես։
Մարտակերտի Մեծ շեն գյուղի ազատագրման ժամանակ հասանք թուրքի դիրքեր։ Բարձրանում էինք, հանկարծ շինելով մի կերպարանք հայտնվեց։ Մերոնք շինելով չէին. հասկացանք, որ թշնամու կողմից է։ Մինչ նա ձեռքը կտաներ զենքին, 15 տարեկան մի հրազդանցի տղա ունեինք, թը՛խկ, կրակեց։ Դա վայրկյանից էլ քիչ տևեց։ Շինելով կերպարանքն ընկավ։ Ես նկարել եմ։ Չէր մահացել։ Որպեսզի շատ չտանջվի, մեր տղաներն արագ խփեցին։ Հիշում եմ՝ այդ օրը մենք ոչ մի կորուստ չունեցանք, իսկ թուրքերը 10-15 զոհ ունեցան։
– Միշտ չէ, որ պատկերները կադրեր են դառնում ժապավենի վրա, մեծ մասը հիշողության ժապավենին է տպվում, այդպե՞ս է։
Դմիտրի Պիսարենկո – Երբ գլխավերևումդ լսում ես արկի սուլոցը ու մտքումդ համոզված ասում՝ հիմա ուղիղ վրաս է ընկնելու, այդ պահին խեղճանում ես, քեզ ոչնչություն զգում։ Ու երբ արկը քեզնից հեռու է ընկնում, նախատում ես քեզ՝ վախկոտ, թուլամորթ, բա դու տղամարդ ե՞ս։ Այս զգացողությունները նկարել հնարավոր չէ, բայց դու ապրում ես դրանք։
Արթուր Ապրեսով – Մարտկոցները խնայելու համար դրվագներ, պատկերներ կան, որ չեմ նկարել, դրանք հիշողությանս մեջ են մնացել։ Հիշողությանս մեջ են մնացել մեր գլուխկոնծիները։ Կրակահերթերի տակ գլուխկոնծի տալով էինք անցնում։ Գնդակ է, կպավ՝ կպավ։ Չկպավ՝ բախտդ բերել է։ Դիման ինձնից մի մետր անգամ չի հեռացել։ Ինքը գլուխկոնծի տալով անցնում էր կրակահերթի տակով ու սպասում՝ տեսնի՝ ես էլ անցա՞։
Դմիտրի Պիսարենկո – Էդ գլուխկոնծիները համաշխարհային ռեկորդներ էին, հավատացեք։ Դրանց շնորհիվ կյանքեր էին փրկվում։ Դեպքեր, փոքր թվացող երևույթներ կան, որ հետո շատ մեծ արժեք են ստանում, շատ թանկ ու անփոխարինելի են դառնում։
Կռիվը մի վայրկյան է տևում, բայց կա կյանք, երբ կռիվը դադարում է։ Այդ ընթացքում են ձևավորվում մարդկային հարաբերությունները, մարդիկ հարազատ ու անփոխարինելի են դառնում միմյանց համար։
Հիշում եմ՝ Մարտակերտի Հարությունագոմեր գյուղն էինք ազատագրել։ Գյուղում մարդ չկար։ Մտանք մի տուն. պիտի քնեինք։ Մի լենինականցի Ֆելո ունեինք։ Որտեղից որտեղ մանկական մահճակալ ճարեց։ Իսկն իր համար էր. Ֆելոյի բոյը 1 ու 20 էլ չկար։ Մահճակալը բերել է, թե՝ ո՞վ է հետս քնելու, տղերք, եկեք։
Արթուր Ապրեսով – Պատերազմից ենք պատմում ու պատմում, իսկ ինձ ու Դիմային ո՞վ էր ճանապարհում Ղարաբաղ… Դիմայի լիտվուհի տատիկը, որ հիմա 100 տարեկան է։ Ազնվական կին է։ Մեզ մի լավ կերակրում էր ու ժպիտով, հավեսով ճանապարհում գործուղման։ Բոլորս էլ տատ ունենք, բայց Դիմայի տատն ուրիշ է։ Ո´չ նվնվալ, ո´չ ախուվախ անել։ Մեզ ուրախ ճամփի էր դնում, որ ողջ-առողջ վերադառնանք։
– Փաստորեն, պիտի պատերազմին պարտական լինեք ձեր 25-ամյա ընկերության համար։
Դմիտրի Պիսարենկո – Մի դրվագ պատմեմ, ու ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Գիշերը չոր խոտի վրա պիտի քնեինք։ Ապրեսը տեսախցիկը դրեց գլխի տակ ու քնեց։ Ինքը մի բարակ բաճկոնով էր, իսկ ես՝ ուսանողական վերարկուով, որ հազիվ 5-րդ դասարանցու վրայով լիներ։ Բայց իմ վերարկուն, նրա բաճկոնի համեմատ, փառք էր։ Ես Ապրեսից մի տարով մեծ եմ ու դեռ այն ժամանակվանից մեծ եղբոր հոգատարությամբ եմ վերաբերվում նրան։ Վերարկուս հանեցի, կամաց գցեցի Ապրեսի վրա, մեջքս դեմ տվի նրա մեջքին, որ երկուսս էլ տաքանանք, ու քնեցի։ Գիշերվա մի պահ արթնացա, տեսա՝ վերարկուս ոչ թե նրա, այլ ինձ վրա է։ Մտածեցի՝ երևի սահել է։ Նորից զգույշ գցեցի Ապրեսի վրա։ Առավոտյան արթնացա, տեսնեմ՝ վերարկուս էլի ինձ վրա է։ Պարզվեց՝ Ապրեսն էլ իր հերթին կրտսեր եղբոր հոգատարություն է ցուցաբերել… Մենք տղաներ էինք, պատերազմը մեզ տղամարդ դարձրեց։ Շատ էի ուզում, որ Բաքվում ծնված-մեծացած Ապրեսն իմ՝ ռուսիս միջոցով սիրեր ու ճանաչեր Հայաստանն ու Արցախը։ Հավատացեք, մենք երջանիկ տղամարդ ենք, որովհետև պատերազմի միջոցով հասկացանք՝ ինչ է ընկերությունը, նվիրվածությունը։
Արթուր Ապրեսով – Ես չեմ կարող ճոխ բառապաշարով նկարագրել մեր ընկերությունը։ Դիմային մի բան եմ ասել ու նա անմիջապես համաձայնել է, հասկացել, որ ուղիղ նշանակետին եմ խփել. ես նրա, իսկ ինքը իմ կյանքի ընկերն է։
Նաիրա Փայտյան