Արկադի Կարապետյանի հրապարակումը.
«Ուզում եմ հակիրճ կարծիքս արտահայտել կապված վերջերս հարկային մարմինների կողմից վարվող քաղաքականության, մասնավորապես՝ այսպես կոչված «խոպանչիներին» հարկային դաշտ բերելու օրենսդրական նախագծի վերաբերյալ:
Խիստ սխալ եմ համարում այս մոտեցումը և այստեղ կա առնվազն երկու հիմնարար պատճառ, որոնք կուզենաի պարզաբանել.
1. «Ինստիտուցիոնալ» պատճառ
Այսպիսի որոշումներ պահանջում են մանրակրկիթ փորձագիտական ուսումնասիրություն: Կարծում եմ այս առաջարկը պռոֆեսիոնալների կողմից համապատասխան կերպ չի հետազոտվել, քանի որ հաշվի առած չեն այն հետևանքները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Երբ նոր օրինագիծ է մշակվում, հարկավոր է պատշաճ ուսումնասիրել, արդյոք սուբյեկտները, ում գործողություններ կարգավորելուն են ուղղված նոր օրենքի դրույթները, չեն ստանալու այլ կերպ գործելու ստիմուլներ: Խոսքը տնտեսագիտությունում և քաղաքագիտությունում հայտնի «կոբրայի էֆեկտ» երևույթի մասին է: Այս տերմինը առաջացել է` 19-րդ դարում՝ Հնդկաստանում տեղի ունեցած դեպքից հետո: Անգլիացիները, ում գաղութն էր հանդիսանում Հնդկաստանը այդ ժամանակ, օրենք էին մշակել՝ ուղղված կոբրաների քանակը կրճատելուն (նրանց մեծ պոպուլյացիան վտանգ էր ներկայացնում գյուղացիների համար): Ամեն սպանված կոբրայի դիմաց հանձնողը ստանում էր ինչ որ սահմանված գումար: Այսպիսով բնակչությանը շահադրդում էին վերացնել կոբրաներին: Բայց հետագայում տեղի էր ունեցել բոլորովին հակառակը. այս օրենքը ընդունելուց հետո տեղացիները տեսան հեշտ գումար վաստակելու հնարավորություն: Նրանք, թողնելով իրենց աշխատանքը, սկսեցին կոբրա բազմացնել, սպանել և գումար ստանալ: Երբ դա ի հայտ եկավ, օրենքը չեղյալ համարվեց: Ի պատասխան` հնդկացիները բաց թողեցին իրենց մոտ եղած կոբրաներին, քանի որ այլևս իրենցից «արժեք» չէին ներկայացնում: Արդյունքում օձերի քանակը գերազանցեց անգամ նախկինում եղած մակարդակը:
Հարկելով տրանսֆերտները, իշխանությունները ակնկալում են ավելացնել հարկային մուտքերը: Բայց այս քաղաքականությունը կարող է (ընդգծում եմ՝ կարող է, ոչ թե ամպայման) հակառակ էֆեկտ ունենալ՝ իրականում մուտքերը կարող են անգամ նվազել: Այստեղ խնդիրը նրանում է, որ տրանսֆերտները հարկելու պարագայում արտերկրներում աշխատողները կարող են հաշվարկել և տեսնել հետևյալը. ավելի ձեռնտու է իրենց ընտանիքի անդամներին տեղափոխել իրենց հիմնական աշխատանքի վայրը, քան վճարել այդ հարկը: Արդյունքում տրանսֆերտները կպակասեն: Դա իր հերթին կհանգեցնի ՀՀ տարածքում սպառողական պահանջարկի անկմանը, ինչին կհետևի արտադրության կրճատում իր բոլոր հետևանքներով՝ հարկվող բազայի նվազեցում, գործազրկություն, աղքատության մակարդակի աճ, արտագաղթի էլ ավելի արագ տեմպեր: Այս դեպքում գործնականում տեսնում ենք «կոբրայիէֆեկտ»-ը:
2. «Փիլիսոփայական» պատճառ
Բայց վերոնշյալը խնդրի միայն մեկ կողմն է: Ամենավտանգավորը այստեղ այն է, որ նոր իշխանությունները շարունակում են վարել նախորդների սխալ քաղաքականությունը՝ ամենայնդեպս հարկային ոլորտում որոշումներ կայացնելիս, այն է՝ հարկային քաղաքականությունը շարունակվում է մնալ որպես բյուջե «լցնելու» միջոց, այլ ոչ թե որպես տնտեսությունը կարգավորելու և տնտեսական զարգացումը խթանելու հիմնական գործիքներից մեկը: Իշխանությունները վերջապես պետք է հասկանան, որ «Դու պետք է վճարես հարկեր» քաղաքականությունը չի աշխատել, չի աշխատում ու երբեք էլ չի աշխատի ոչ Հայաստանում, ոչ էլ ինչ որ այլ տեղ: Այդ հարկերը պետությունը պետք է «վաստակի», այսինքն նրա կողմից տնտեսության մեջ ներդրվածը պետք է գոնե մի փոքր գերազանցի հավաքվելիք հարկերի մեծությունը: Այլապես տնտեսվարողները կընտրեն աշխատել այնտեղ, որտեղ ավելի «էժան է», այսինքն` ստվերում, կամ որոշեն արտագաղթել: Ես հարց եմ տալիս. ինչ է արել իշխանությունը (վերաբերում է բոլոր անցած իշխանություններին) այդ մարդկանց համար, ովքեր չգիտես ինչ պայմաններում աշխատում են արտասահմանում և մի փոքր ապրուստ վաստակում իրենց ընտանիքների համար: Ընդհանրապես ոչինչ: Հակառակը՝ տրանսֆերտները անկախ Հայաստանի ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում եղել են կայուն եկամտի ամենամեծ աղբյուրը (ինչպես նաև արտարժույթի): Այն մարդիկ, ովքեր ասում են, որ ՀՀ-ի արտահանման ամենամեծ հոդվածը հանքաարդյունաբերությունից է գոյանում, մեղմ ասած, լավ չեն հաշվում, քանի որ արտահանման ամենամեծ հոդվածը այս տարիներին եղել և մնում է «աշխատանքային ուժ» հոդվածը, որը կազմում են մարդիկ, ում մենք «արտահանել ենք» և ովքեր մեր համար ապահովում են այդ ներհոսքերը:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՊԵԿ-ի թոփ մենեջմենթը ժողովրդական լեզվով ասած` ուզում է կոտրել ճյուղը, որի վրա նստած է: Սա ինչ է. տարրական տնտեսագիտական կանոնների չիմացություն, թե անձնական նախասիրություններից կամ շահերից բխող ինչ որ քայլ: Որ մեկն էլ որ լինի, դա, կարծում եմ, չի համապատասխանում նրանց կողմից զբաղեցրած պաշտոններին: Կարծում եմ՝ խորհրդարանական ընտրություններից հետո մենք պետք է տեսնենք ՊԵԿ-ում կադրային լուրջ փոփոխություններ:
Ի վերջո նոր իշխանությունները պետք է կողմնորոշվեն, թե ինչ տեսլականով են հանդես գալիս ընտրողների առջև և ինչ քաղաքականություն են վարելու հետո: Մինչ այսօր մենք լսում ենք միայն ինչ որ ընդհանուր ձևակերպումներ, լոզունգներ և այլն, մինչդեռ կոնկրետ տնտեսական բարեփոխումների ծրագիր մինչ օրս չկա, չկա այսպես կոչված ընդհանուր տնտեսական վեկտոր: Առաջին հերթին հենց սա է մտահոգիչը:
P.S. Իրականում շատ բան ունեմ ասելու թե հարկային քաղաքականության, թե ՀՀ տնտեսության ընդհանուր զարգացման վերաբերյալ: Շատ մտքեր կան, որոնց հետ կուզենայի կիսվել, լսել արձագանքներ և դարձնել քննարկման առարկա: Այս թեմայով բոլոր հետաքրքրվողներին ես հրավիրում եմ կազմակերպել բաց քննարկումներ: Ֆորմատը դուք որոշեք: Ինձ համար ցանկացած ֆորմատը ընդունելի է: Բոլորիդ պատրաստ եմ լսել»: