Բրյուսել կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն «սաստեց» եվրոպացիներին, քանի որ «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներին աջակցելու համար գովեստներից բացի ոչինչ չառաջարկվեց: Փաշինյանը միանշանակ ակնարկեց, որ նույնիսկ ավանդական դոնոր երկրների կողմից Հայաստանի նկատմամբ զուսպ հարաբերությունների դեպքում էլ երկիրը միջոցներ կգտնի արմատական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար: Իսկ իրականում մենք ունե՞նք այդպիսի թաքնված նյութական և մտավոր ռեսուրսներ, և ինչպե՞ս կարող ենք դրանք արդյունավետորեն տնօրինել: Սա թերևս ամենալուրջ խնդիրն է, որի լուծումից է կախված Հայաստանի ապագան, անվտանգությունը և բարգավաճումը:
Այս թեմաների շուրջ ԱրմԻնֆո գործակալության տնօրեն և մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ:
Էդվարդ Մարտինի, վերջին զրույցի ընթացքում մենք Ձեզ հետ խոսեցինք մեր ներկայիս հասարակության բարոյական և արժեքային բնութագրերի մասին, փորձեցինք հստակեցնել պատճառա–հետևանքային ասպեկտները, թե ինչու երկիրը և հասարակությունը հայտնվեցին այս իրավիճակում, որպեսզի ի վերջո հասկանք, արդյո՞ք երկիրն ի վիճակի է ընթանալ առաջ: Ես հաճախ եմ օգտագործում մի ունիվերսալ աֆորիզմ, որը չեմ հիշում, թե հին աշխարհի որ իմաստունին է պատկանում, բայց ճշմարտորեն ասում է. «Պատը գլխով քանդելիս մի ափսոսա աղյուսները»: Մենք, իմ կարծիքով, այսօր դեմ ենք առել այդ պատին և պետք է գործենք համարձակորեն, առանց հետ նայելու: Փաշինյանն արդեն բացահայտորեն հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կան իրավապահ մարմինների կողմից սաբոտաժի դեպքեր, իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ իմիտացիոն ստվեր է գցում նոր իշխանությունների գործողությունների վրա:
Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համարձակորեն և անզիջում, դա կասկածի ենթակա չէ: Դուք կհարցնեք, արդյո՞ք պետք է դուրս հանել ողջ կեղտը, այն, ինչ հնարավոր է դուրս հանել, ձեռքերում ունենալով ներկայիս իրավական գործիքակազմը: Միանաշանակ – այո: Ընդ որում, կասկած չկա, որ դա պետք է արվի արագ, կոշտ, ես կասեի՝ շատ ավելի կոշտ, քան արվում է այսօր: Կոռուպցիոն գործարքներում և գողության մեջ ներգրավված անձինք պետք է խիստ պատժվեն: Պարտադիր: Մի անգամ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունն իր առջև մարդկանց նստեցնելու նպատակ չի դրել, ավելի լավ է նրանք թալանվածը վերադարձնեն բյուջե և շարունակեն ապրել: Ոչ, գտնում եմ ես, ոչ մի դեպքում: Նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, որոշ ժամանակ անցկացնեն անազատության մեջ, որպեսզի ժամանակ ունենան մտածելու, թե իրականում ինչ են արել: Թող դա խրատ լինի մյուսներին, նրանց մոտ առաջացնի հասարակության հանդեպ վախի ու պատասխանատվության զգացում: Դրա համար գոյություն ունի քրեական իրավունք և քրեական պատասխանատվության ինստիտուտ: Եվ պետք չէ այդ ամենը շփոթել ժողովրդավարության հետ, քանի որ ժողովրդավարությունն առաջին հերթին սոցիալական արդարություն է, իսկ պատասխանատվությունից խուսափելն ու փրկագին վճարելը՝ արդեն անբարոյական է:
Այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ կնստի …
Եկեք չշփոթենք մեկը մյուսի հետ, եկեք լավը վատից տարբերենք: Եթե խոսք է գնում այն մասին, որ ինչ-որ մեկը բիզնեսում թաքցրել է հարկերը, այո, դա խախտում է, դա հարկային հանցագործություն է, և դրա համար անհրաժեշտ է պատժել ֆինանսապես: Թեև ամբողջ աշխարհում դրա համար էլ է նախատեսվում քրեական պատասխանատվություն: Իսկ ինչո՞ւ պետք է այդ անձանց նկատմամբ հանդուրժողական լինենք: Որովհետև Հայաստանում ցանկացած բիզնես եղել և շարունակում է ամբողջությամբ, կամ մասամբ, մնալ ստվերային հատվածում: Հակառակ դեպքում այդ բիզնեսը գոյություն չէր ունենա: Գործել է մի «համընդհանուր» համակարգ, որի համաձայն, եթե ուզում ես զբաղվել բիզնեսով, ձգտել ինքնաբավության և շահութաբերության, ապա, գործնականում, չես կարող չդառնալ այդ մեծ և հանցավոր համակարգի մասնակիցը, դու պետք է, որպես կանոն, թաքցնես եկամուտներիդ մի մասը, կաշառք տաս, տանիք ունենաս: Ավելին, որքան բարձր է այդ տանիքը, այնքան ավելի թանկ է այն քո վրա նստում, իսկ որքան ցածր է՝ ավելի էժան, բայց ավելի պակաս հուսալի: Եվ մարդկանց չի կարելի մեղադրել նման հարաբերություններում հայտնվելու համար: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ դրանք էին խաղի կանոնները: Չէ՞ որ բիզնեսը նաև ստեղծագործություն է, ստեղծագործության տեսակ, և շատ մարդիկ իրենց սիրած գործով են զբաղվում, ոչ միայն գումար վաստակելու համար: Շատերը մեծ հաճույք են ստանում բիզնես գործընթացներից և այլ կերպ չեն պատկերացնում իրենց: Եվ դա շատ լավ է, որ այդ ստեղծագործության «համը» երկրում դեռ պահպանվել է, այն արմատախիլ չեն արել:
Գոյություն ունի այսպես կոչված տրանսակցիոն ծախքերի մի ամբողջ տնտեսագիտական տեսություն, որի ամենահայտնի ներկայացուցիչը պերուացի տնտեսագետ Էռնանդո դե Սոտոն է: Ըստ նրա, քանի դեռ բիզնեսին ձեռնտու է գործել ստվերային հատվածում, քան օրինական դաշտում, այն միշտ էլ իր ապաստանը կգտնի այնտեղ: Այս առումով գործարար միջավայրի ձևավորման համար նշանակալից գործոն է հանդիսանում, իհարկե, հարկային համակարգը, որը պետք է անհապաղ արդիականացվի: Իսկ եթե խոսենք ժամանակակից շուկայական տնտեսության առավել հիմնարար հիմունքներից, ապա անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ հինգ խումբ ինստիտուտները, որոնք, ցավոք, իրենց անարդյունավետության, այդ թվում նաև թերիության և/կամ ձևականության շնորհիվ, հանդիսանում են հասարակության և պետության անարդյունավետության բուն պատճառները: Դրանք են`սեփականության իրավունքի պաշտպանության, տնտեսական մրցակցության պաշտպանության, «պայմանագրային հարկադրանքի», վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության, քաղաքացու ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները: Դրանք բոլորն էլ ենթակա են արմատական փոփոխությունների: Սակայն այդ ինստիտուտների արդյունավետությանը հասնելու համար անհրաժեշտ է համալիր ձևով արդիականացնել տնտեսության պետական կարգավորման և հանրային կառավարման ողջ համակարգը, այդ թվում նաև հարկաբյուջետային, դրամավարկային, դատաիրավական, հակամենաշնորհային, կոռուպցիայի դեմ պայքարի, և այլ կարգավորման մեխանիզմները:
Ամբողջությամբ՝ arm.info