Նոյեմբերի 21-ին, ուշ երեկոյան, ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում ավարտվեց արհեստական խոչընդոտի վրա հետիոտնային անցման աշխատանքները: Մինչև գծանշումների կատարումը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանության միջնորդությամբ կատարեցին արհեստական խոչընդոտի ասֆալտ-բետբոնե աշխատանքները, որից հետո կատարվեցին հետիոտնային գծանշումները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո նշված հատվածում առավելագույն արագությունը սահմանվեց 40 կմ/ժ արագություն: Առաջիկա օրերին նշված հատվածում տեղադրվելու է նաև լուսացույց: Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 19-ին, 1 ժամից ավելի լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ռուբինյանց փողոցի հարակից 2 տասնյակից ավելի շենքերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները վերջապես խոսքից անցնեն գործի: Բնակիչները տևական ժամանակ է՝ պահանջում են, որպեսզի նշված փողոցում տեղադրեն լուսաֆոր և արհեստական անհարթություններ, քանի որ այս փողոցում բազմաթիվ անգամ տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «10 օր առաջ նույն պատկերն էր. փակեցինք ճանապարհը, սակայն ճանապարհային ոստիկանությունից ու Երևանի քաղաքապետարանից ժամանեցին, խոստացան, որ խնդիրը կլուծեն ի շահ բնակչի, մենք էլ հավատացինք նրանց խոսքերին ու դադարեցրեցինք բողոքի ակցիան: Մեկ շաբաթ ժամանակ էին ուզել, մենք 10 օրից ավել սպասեցինք: Այս փողոցի հարևանությամբ կան ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ, մանկապարտեզներ: Երեխաներին ճանապարհելիս, խաչակնքվում ենք, որ երեխաները անվտանգ անցնեն փողոցը: Տարեցներն էլ մեծ դժվարությամբ են անցնում փողոցը, քանի որ որոշ «ուղեղներն շպրիցով հանած» վարորդներ իրենց դնում են կասկադյորի տեղ ու այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ չգիտես ինչ ասես: Երևանի էլիտար թաղամասերում դնում են էդ լուսաֆորները, իսկ էս թաղամասերում մինչ այժ չեն դնում: Արագաչափը մասամբ սթափեցնում էր որոշ վարորդների, դա էլ հանցեին: Հիմա ինչ անենք, ամեն օր ճանապարհը փակ պահե՞նք, որ բնակիչներս չդառնանք հաշմանդամ, կամ Թոխմախ ու Կարմիր բլուր չտանեն: Եթե այդպես շարունակվի, պատկան մարմինները տեղներից ժաժ չգան, ապա ճանապարհը չենք բացելու: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ քայլի ենք դիմում, արդեն համբերության բաժակը լցվել է: Եթե մտքներին տեղ լինի, մեկ օրվա ընթացքում խնդիրը կլուծեն, այլ ոչ թե կգան հերթական փափուկ բարձը կդնեն ու կգնան»: