Գրեթե երկու շաբաթ առաջ Life.panorama.am-ի հետ զրույցում Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմեց, որ ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Տիգրան Գալստյանը հրաժարվել են իրենց տրամադրել նախկին Գրապալատի շենքը՝ պատճառաբանելով, որ այն ազգային հուշարձան է համարվում, մինչդեռ նախկին Մշակույթի նախարարը շենքն արդեն իսկ տրամադարել էր Երեւանի Մնջախաղի պետական թատրոնին: Մեզ հետ զրույցում Ժիրայր Դադասյանն իր վրդովմունքը հայտնեց մասնավորապես Տիգրան Գալստյանի վերաբերմունքից եւ որ Մշակույթի նախարարությունում մշակութային գործիչներին չեն ճանաչում ու արժանվույն չեն գնահատում: Life.panorama.am-ի հարցազրույցը անմիջապես մեծ տարածում գտավ, մամուլի ուշադրությունը գրավվեց այս խնդիրը եւ ահա, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարեց՝ Մնջախաղի պետական թատրոնն արդեն շենք ունի. Երկարատեւ փնտրտուքից հետո ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ որոշվել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գործունեության համար հատկացնել մի շենք, որը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում: Այս շենքում երկար տարիներ տեղակայված է եղել Հանրապետական զինկոմիսարիատը:
«Նախ ուզում եմ ասել, որ մեդիան այս հարցով պարզապես փայլուն աշխատեց, սա նաեւ մեր մեդիայի հաղթանակն է: Ես այնքան զգացված եմ, իսկապես հուզվել էի, որ մեր մեդիան այդքան կարեւորեց մեր խնդիրը եւ շարունակ դրա մասին բարձրաձայնելով՝ հասանք լուծման»,- նշել է Ժ. Դադասյանն ու շարունակեց.
«Իհարկե, այս պահին շատ ուրախ ենք, բայց ավելի ուրախ կլինենք, երբ կտրենք շենքի բացման կարմիր ժապավենը, որը այս պահին չգիտեմ, թե երբ կլինի: Շենքը գեղեցիկ ճակատ ու ճարտարապետություն ունի, այն եռահարկ կառույց է, որից երկրորդ եւ երրորդ հարկերն են մեզ տրամադրելու, իսկ առաջին հարկում գաղափար կա այլ կառույցներ տեղավորելու, միտք կա այդտեղ ցուցասրահ բացելու եւ ես դրա համար ուրախ կլինեմ, այպիսով շենքը կդառնա մշակույթի շատ գեղեցիկ վայր»:
Ժիրայր Դադասյանի փոխանցմամբ՝ թատրոնից զատ, շենքում նաեւ կբացվի Մնջախաղի կենտրոն:
«Ես տիկին նախարարին բացատրեցի, որ մենք միայն թատրոնով չենք զբաղվում, մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնք իրականցնում ենք: Օրինակ՝ ունենք խուլերի ստուդիա, նրանց համար թատրոն եմ ուզում բացել, որպեսզի նրանք վաստակեն իրենց արվեստով, նաեւ միջազգային փառատոն ունենք, որը կազմակերպում ենք ամեն տարի, գաղափար ունենք ստեղծել նաեւ կլոունադայի թատրոն: Այսինքն՝ ծրագրերը շատ են, պարզպաես պետք են պայմաններ: Մենք կարող ենք մեր ժանրը զարգացնել տարբեր ուղղություններով, քանի որ մնջախաղի ժանրը ինքնին բամազժանր է: Այս ամենը ես անվանել եմ Մնջախաղի կենտրոն, որը այս արվեստի տունը կլինի: Այսպիսիվ՝ շենք տրամադրվելով ոչ միայն Մնջախաղի պետական թատրոնի շենքի, այլ առհասարակ՝ այս ժանրի հարցն է լուծվում»,- ավարտեց Ժիրայր Դադասյանը: