Շատ լրատվամիջոցներ, օրինակ՝ Հանրայինը, չեն ապահովում բազմակողմանիությունը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Շատ լրատվամիջոցներ, օրինակ՝ Հանրայինը, չեն ապահովում բազմակողմանիությունը. hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում» արդեն սկսել է նախընտրական քարոզչությունը եւ քննադատությունների առիթ տվել։ Հիմա էլ որոշել է քայլերթ կազմակերպել Երեւանում․ նոյեմբերի 24-ին Մասիվից քայլելով իջնելու է Կենտրոն։ Սա եւս քարոզչական հնարք է, քանի որ Փաշինյանը հեղափոխություն արեց հենց քայլելու միջոցով։ Այս ամենն արդեն իսկ գնահատվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում։ Իր ձեւակերպմամբ՝ «օղորմածիկ» Ընտրական օրենսգրքի վրա աշխատած եւ ընտրական պրոցեսներում լայն փորձառություն ունեցող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում վարչական ռեսուրսի չարաշահումն այսպես ձեւակերպեց․

«Վարչական ռեսուրսի չարաշահումն այն դրսեւորումն է, երբ որ հանրային միջոցները որեւէ կերպ օգտագործվում են ինչ-որ մի կուսակցության համար, եւ մյուս կուսակցություններն այդ միջոցներից օգտվելու հնարավորություն չունեն։ Եթե վարչապետը՝ որպես անձ, դուրս է գալիս, ոչ աշխատանքային օրով ինչ-որ քայլերթ է անում, ապա այստեղ որեւէ խախտում չկա, քանի որ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է՝ նախքան նախընտրական քարոզչությունը քարոզչությունն արգելված չէ»։ Եվ եթե վարչապետը գնում է Գեղարքունիքի մարզ ու ելույթ ունենում, որտեղ նկատվում են ակնհայտ քարոզչության տարրեր, դա ֆորմալ առումով օրենքի խախտում չէ։

– Այդ դեպքում ի՞նչ է նշանակում նախընտրական քարոզչություն, եւ ո՞րն է դրա ժամանակաշրջանը։

– Դե, հենց դա է, որ էս օրենսգիրքը շատ թերի է սահմանում, թե որն է նախընտրական քարոզչությունը։ Մենք Երեւանի ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ն մեր դեմ դիմում ներկայացրեց, էն ժամանակ ԿԸՀ-ն էլ արձանագրեց, որ նախընտրական քարոզչությունը նորմալ սահմանված չէ։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն ընդամենը էն ժամանակահատվածն է, երբ քարոզչության որոշ էլեմենտներ կանոնակարգված են։

– Իսկ նոր Ընտրական օրենսգրքով, որի վրա Դուք աշխատում էիք, եւ որը չընդունվեց, այդ խնդիրը փորձե՞լ եք կարգավորել։

– Էդ խնդիրը հետեւյալ կերպ էինք փորձել կարգավորել․ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը երկարացնում էինք, որպեսզի բոլորի համար հավասար պայմանների երաշխիքներն ավելի երկար լինեն, ոչ թե 12 օր։ Էդ եղանակով էր, ոչ թե որ արգելեինք, որովհետեւ չես կարող արգելել քարոզչությունը, չես կարող արգելել քաղաքական կամ պետական գործչին՝ ասելու, թե ինքը ինչ լավ բաներ է արել։

– Դիցուք՝ օրենքի բաց կա, բայց արդյոք ընդունելի՞ է այն, որ պետական պաշտոնյաները, օգտվելով օրենքի բացից, քարոզչությունից դուրս քարոզչություն են անում։ Ի վերջո, մենք ՀՀԿ-ին ժամանակին քննադատում էինք հենց դրա համար։

– Չէ, հանրապետականների ժամանակ օրենքն ուղղակի բացահայտ խախտվում, ոտնահարվում էր։ Օրինակ՝ դպրոցների տնօրեններին հրահանգվում էր կուսակցության համար ձայն բերել, հա՞, դա վարչական ռեսուրսի ամենաբացահայտ խախտում էր։

– Դե, հիմա էլ նրբորեն է խախտվում, դպրոցի տնօրենները հեղափոխության ֆոնին գնում են վարչապետին տեսնելու եւ նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ սելֆի անելու։

– Էստեղ խնդիրն այն է, որ ապահովվեն հավասար պայմանները, օրինակ՝ պետությունը դպրոցի տնօրենին չասի, որ այ, դու, եթե ուզում ես, որպեսզի քո դպրոցի տանիքը վերանորոգենք, պիտի մեզ էսքան ձայն տաս կամ մեզ հետ սելֆի անես, կամ գաս մեր միտինգին։ Այսինքն՝ պետք է առհասարակ դաշտն այնպիսին լինի, որ որքան իշխանության թեկնածուն կարող է նախքան քարոզարշավն ինքն իրեն գովի, նույնքան էլ ընդդիմախոսները կարողանան նախքան քարոզարշավը սկսեն իրեն քննադատել։

– Հիմա դաշտն այդպիսի՞ն է, հավասար պայմաններ ապահովվա՞ծ են բոլորի համար։

– Որոշ առումներով՝ այո, որոշ առումով՝ ոչ։ Ես չեմ ասի, որ դաշտն իդեալական է էս առումով, էլի։

– Բայց թվում էր, թե հեղափոխությունից հետո այդ հավասար պայմաններն իդեալական ձեւով ապահովված պետք է լինեին։

– Դե, հիմա խնդիրն այն է, որ մենք տեսնում ենք, որ շատ լրատվամիջոցներ կան, ովքեր չեն ապահովում բազմակողմանիությունը։ Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը։ Առավել եւս, երբ որ ընտրությունները մոտենում են, թեկուզեւ նախընտրական քարոզչությունը չսկսված, եւ երբ որ իշխանությունն ինչ-որ քայլ է անում, ինքն իր մասին ինչ-որ հայտարարություններ է անում, այդ նույն Հանրային հեռուստաընկերությունը կամ մյուս լրատվամիջոցները գնան եւ այլ՝ հակառակ կարծիք էլ հարցնեն այդ ելույթը լուսաբանելուց։ Սա է կարեւոր։ Թե չէ արգելել, որ իշխանությունն ինքն իրեն գովի, մի քիչ անհեթեթ է։

– Բայց Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաներն այս շրջանում ակնհայտ առավելություն ունեն, ասենք, Լեւոն Շիրինյանի, «Մենք» դաշինքի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, մյուսների նկատմամբ՝ կարող են նման աշխատանքային այցեր կազմակերպել ու դրա անվան տակ քարոզչություն անել, իսկ մյուսները՝ ոչ։

– Կարող է Լեւոն Շիրինյանը կամ, չգիտեմ, Արմեն Աշոտյանը հայտարարեն, որ գալիս են էսինչ օրը էսինչ մարզը կամ երթ են անելու էսինչ օրը, էսինչ ժամին, ժողովուրդ ջան, եկեք միացեք։ Բայց էստեղ կրկին հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք, բազմակողմանի լուսաբանման մեջ է։

– Ամեն դեպքում ընդունո՞ւմ եք, որ այս պահին իշխանություններն ակնհայտ առավելություն ունեն մյուս ուժերի նկատմամբ։

– Ես պիտի ասեմ, որ աշխարհում ցանկացած իշխանություն միշտ էս առումով առավելություն ունի, բայց կարեւոր է, որ պետությունում գործեն էնպիսի մեխանիզմներ, որոնք հակակշռեն էդ առավելությունները։ Ինչ կարգավորում ուզում ես, տուր, չես կարող արգելել, որ իշխանությունը, օրինակ, էն լավ որոշումները չկայացնի ընտրությունների նախաշեմին։

hraparak.am



Նման նյութեր