ՀՀ Մշակույթի նախարարության եւ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի՝ վերջին վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ Life.panorama.am-ի հետ զրույցում իր գնահատականն է տվել Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը:
«Ես Մշակույթի նախարարի մասին ոչ մի կարծիք չունեմ, ոչ կողմ եմ նրան, ոչ դեմ, այսինքն՝ անտարբեր եմ. քանի դետ Մշակույթի նախարարը դեռ թատրոնի դուռը չի բացել, ես նրա մասին կարծիք հայտնել չեմ կարող: Մեր թատրոնում լինում են մի շարք պրեմիերաներ, եւ ես վերջին վեց ամսվա մեջ չեմ տեսել, որ Մշակույթի նախարարը դրանց ներկա լինի: Սա ես չեմ ընդունում, ըստ իս՝ Մշակույթի նախարարը պետք է շատ ուշադիր լինի թատրոնների եւ առհասարակ արվեստի հանդեպ»,- նշեց Ջուլիետա Ստեփանյանը՝ անդրադառնալով նաեւ վերջերս Լիլիթ Մակունցի մերժմանը, որ Օպերայի եւ Բալետի Ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպվի Օպերայում շենքում.
«Դա շատ վտանգավոր ու ցավալի քայլ էր նրա կողմից, ինչպե՞ս կարելի էր այդպես վերաբերվել»,- հավելեց նա:
Հարցին, թե ում նա կցանկանար առաջիկայում տեսնել այս պաշտոնին, պատասխանեց.
«Թե ում կտեսնեի այդ պաշտոնում, ես չեմ կարող ասել, դրա իրավունքն էլ չունեմ: Միայն մի բան գիտեմ՝ նա պետք է պարտադիր լինի մշակույթի մարդ: Պիտի Մշակույթի նախարարը ոլորտին քաջատեղյակ մարդ լինի, ով կճանաչի մեր ազգի արժանավոր դեմքերին, նրանց պատմությանը, հակառակ դեպքում՝ ընտրված նախարարը չճանաչելով նրանց՝ չի կարող արժանավայել գնահատել նրանց: Ոլորտին անտեղյակ մարդը իր կողքին եղած մարդկանց է լսում, իսկ դա ինչ-ոչ տեղ սխալ է, իմանալով հանդերձ՝ կարելի է խորհրդակցել, չիմանալ խորհրդակցելը, ո՞րն է: Ուզում եմ՝ այդ պաշտոնին գիտակ մարդ լինի, ով ոչ թե ուղղակի պաշտոն կզբաղեցնի, այլ կծառայի թե ոլորտին, թե երկրին, ինչպես մենք ենք ծառայում: Շատ եմ ցանկանում, որ մեր պետությունը իսկապես մեծ ուշադրություն դարձնի արվեստին, որովհետեւ այն իսկապես կատաստրոֆիկ վիճակում է»:
Գրեթե վեց ամիս առաջ, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ, մարդկանց եւ այդ թվում մշակույթի գործիչներից շատերի հույսերն ու սպասելիքները մեծ էին, հարցին, թե Ջ. Ստեփանյանը այժմ հիասթափություններ ունի՞, նշեց.
«Հույսերս բացարձակ չեն արդարացվել, ես շատ հուսահատված եմ կոնկրետ մեր ոլորտի նշանակումից: Ես ուղղակի զարմացած եմ մեր վարչապետի վրա, ով կարողացավ այդքան շուտափույթ ու ոլորտից անկախ մեկին նշանակել: Գիտեք, ես Լիլիթ Մակունցի դեմ ոչինչ չունեմ, գուցե նա շատ խելացի աղջիկ է, շատ պիտանի մարդ, բայց ոչ այս ոլորտի համար: Այս առումով ես մի քիչ հիասփաված եմ, բայց նաեւ մեծ հույսեր ունեմ, կարծում եմ՝ դեռ ամեն ինչ կփոխվի, ու Նիկոլ Փաշինյանն էլ կվերանայի իր ընտրած մարդկանց՝ թիմակիցներին, հակառակ դեպքում մեր մշակույթն ուղղակի կկործանվի»:
Ջուլիետա Ստեփանյանը մատնանշեց նաեւ դերասանների աշխատավարձի խնդիրը:
«Պետք է մի փոքր ուշադրություն դարձնել դերասանների աշխատավարձերին: Դերասանը պետք է հպարտ թատրոն մտնի եւ հպարտ դուրս գա այնտեղից: Դերասանը պետք է առանձնահատուկ տեղ ունենա, քանի որ նա իր գործունեությամբ ներկայացնում է ամենատարբեր տղամարդկանց ու կանանց բնավորություններ, իսկ դա հեշտ աշխատանք չէ: Առհասարակ՝ դժվար աշխատանքը պետք է գնահատել ու արժեւորել: Ցավալի է, որ դրսում մեր արտիստները գնահատվում են, իսկ ներսում՝ հարազատ երկրում, նրանք չեն էլ նկատվում: Այսօր անգամ նրանք գնահատվում են ընկեր, ծանոթ, բարեկամ սկզբունքով: Արժեք ունեցող դերասանին պետք է արժեւորել անկախ իր ունեցած ծանոթների շրջանակից»,- ընդգծեց մեր զրուցակիցը: