Հայաստանը կղզի է, յուրահատուկ կղզի՝ ցամաքով շրջապատված։ Կղզի է ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական աշխարհագրության տեսանկյունից: Հայաստանը կղզի է, քանի դեռ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններից ելնելով չի կարողանում օգտվել իր աշխարհագրական դիրքից, քանի դեռ մատնանշում է իր աշխարհագրական դիրքը սեփական պատմական անհաջողությունների համար։ Հայաստանը կղզի է, քանի դեռ մենք կարծում ենք, թե աշխարհը մեզ պետք է օգնի, ձեռք մեկնի, փրկի։ Մինչդեռ մենք մի բանում մնում ենք միամիտ. բացառապես շահերով առաջնորդվող աշխարհում զգայականը որոշում կայացնելու հիմք չէ, չենք ցանկանում հասկանալ, որ չկան մշտական դաշնակիցներ, և շահն է միակ մշտական աշխարհաքաղաքական ճշմարտությունը։ Կղզի ենք, քանի դեռ չենք կարողանում անգամ մեր բնական դաշնակցին՝ համաշխարհային հայկական աշխարհը` սփյուռքը ներառել Հայաստանի շուրջ՝ Հայաստանը դարձնելով հայկականի կենտրոնը։
Հայաստանը քաղաքական աշխարհագրության իր դրությամբ բացառիկ է։ Աշխարհում կա դեպի բաց ծով ելք չունեցող ՄԱԿ-ի անդամ 44 պետություն (բոլոր պետությունների շուրջ ¼-ը)։ Այս երկրները ներկայացնում են աշխարհի երկրների տարածքի շուրջ 11%-ը և բնակչության ընդամենը շուրջ 6%-ը։ Այս անհամաչափությունը երևի թե պայմանավորված է նրանով, որ ցամաքային երկրներից շատերը կամ գտնվում են լեռներում, ինչպես մերը, կամ էլ իրենց տարածքի մի զգալի մասը անապատ է և, հետևաբար, նրանք հարաբերականորեն ավելի թույլ բնակեցված են։ Այդ 44 երկրներից ընդամենը 9-ն են Հայաստանից տարածքով ավելի փոքր և 11-ը՝ բնակչությամբ։ Եթե վերցնենք այս երկու գործոնները միասին, ապա և՛ տարածքով, և՛ բնակչությամբ Հայաստանից փոքր է ընդամենը 7 երկիր, որոնց մեծ մասը Եվրոպայի գաճաճ երկրներն են։ Ստացվում է, որ իր տարածքային և մարդկային ռեսուրսներով Հայաստանը ցամաքային երկրների շարքում ամենաթույլ հագեցվածներից է։ Իսկ եթե վերցնենք այդ 44-ից միայն այն երկրները, որոնք հարևանների հետ ունեն լուրջ քաղաքական խնդիրներ (առնվազն մեկի հետ դիվանագիտական հարաբերությունների կամ որևէ ներկայացուցչության բացակայություն), ապա մեզ հետ նույն շարքում կլինեն ընդամենը երկուսը, որոնցից մեկը հենց մեր հարևան Ադրբեջանն է, որը, այնուամենայնիվ, լիճ հանդիսացող Կասպից ծովով միջազգային ելք ունի։ (Այդ երկուսից մյուսը՝ Բութանը, հարևան Հնդկաստանի հետ ունի անվտանգության երաշխավորման պայմանագիր, որը ենթադրում է սեփական բանակի անհրաժեշտության բացակայություն)։ Այսպիսով, ամբողջ աշխարհում Հայաստանը եզակի է, որպես ամբողջությամբ ցամաքով շրջապատված երկիր, որն ունի թեկուզ մեկ հարևան պետության (մեր դեպքում՝ երկուսի) հետ լրջագույն քաղաքական խնդիր, և որի վրա է դրված սեփական անվտանգության ապահովումը։
Աշխարհագրությունը ճակատագիր է։ Այս ճշմարտության արձանագրումը վերագրում են Նապոլեոն I կայսրին։ Հայաստանից դուրս գտնվելիս հաճախ կարելի է առնչվել մի փաստի, երբ հայի կամ հայկականի մասին մարդիկ լսել են, սակայն տեղեկություն անգամ չունեն հայկական պետության՝ Հայաստանի մասին։ Մեր՝ կղզի լինելը դադարելու համար, ի թիվս այլ տեղաշարժի, պետք է հասկանալ, որ աշխարհը մեզանով չէ, որ ապրում է և մեր մասին չէ, որ անդադար խոսում է։ Մյուս կողմից, անհրաժեշտ է հասնել նրան, որ Հայաստանի մասին դրական խոսեն, և դա հիմնականում անեն ազգությամբ ոչ հայերը։ Հայաստանը պետք է լուրջ վերլուծության ենթարկի իր տարածաշրջանի ընձեռած հնարավորությունների լիարժեք օգտագործման հեռանկարները` հատկապես հաշվի առնելով հայկական աշխարհի առկայությունը տարածաշրջանում, ինչպես նաև այն փաստը, որ, օրինակ, Երևանից 2,5-3 ժամ թռիչքի հեռավորության վրա Հայաստանը հասանելի է դառնում 20-ից ավելի երկրի…
Թռիչքային զագացման համար մեզ անհրաժեշտ է մտքի թռիչք, թռիչք՝ մեզ ընկալելու որպես համաշխարհային ազգ և, որպես դրա ածանցյալ, տարածաշրջանային մտածելակերպից դուրս՝ ավելի լայն թռչելու ընկալում։ Ի՞նչ կարելի է անել։ Վերացական բնույթի քննակումներից հեռու մնալ և, առաջին հերթին, սովորել երկրի զարգացմանն ուղղված սփյուռքի ներգրավման հաջող փորձ ունեցող երկրներից։ Սփյուռքը ներգրավելը ինքնանպատակ չէ։ Մեր դեպքում այն դեպի աշխարհ դուրս գալու և ներկայանալու ճանապարհ է: Հնարավոր է այն միակ արդյունավետ ճանապարհն է։ Տնտեսական զարգացման տեսանկյունից սփյուռքի ներգրավման հաջողված փորձ ունեցող Հայաստանի հետ համեմատելի երկրները ընդամենը երկուսն են՝ Իռլանդիան և Իսրայելը: Կայուն և արագ զարգացման անփոխարինելի նախապայմաններից մեկը ուրիշի հաջողված փորձն ուսումնասիրելն է, որը չի ենթադրում նույնությամբ կրկնօրինակում կամ սեփական ինքնության վտանգում, սակայն պահանջում է սովորել հաջողություններից և, իհարկե, ձախողումներից։
Վահագն Վարդանյան
«Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտոր (PhD)
Հան (չինական) ակադեմիայի փոխտնօրեն, ք. Հոնկոնգ
Ամբողջությամբ՝ hetq.am