Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճմռթված խաղաթղթի նմանվող շինություններ և քաոս. տպավորություններ ավերված Գյումրիից. armeniasputnik.am

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը «ցնցեց» աշխարհը։ Աղետի ճիրաններում հայտնված ազգին օգնության եկան շատ-շատերը։ Sputnik Արմենիային իրենց 30-ամյա վաղեմության հուշերն են ներկայացնում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամներն, ովքեր այդ օրերին Գյումրիում էին։

Բժշկահոգեբանական աջակցություն և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Հայաստան եկավ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ընդամենը 3 օր անց: Կազմակերպությունն առաջին անգամ էր հայտնվել նման ծավալների աղետի ենթարկված վայրում: Նրանց բժիշկների կողմից մեծ հոգեբանական օգնություն էր ցուցաբերվում հատկապես երեխաներին:

Երկրաշարժից ավերված դպրոցի աշակերտները

Ճմռթված խաղաթղթի նմանվող փլված կառույցներ. «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ներկայացուցիչ Մարի-Քրիստին Ֆերիրի Գյումրիից ստացած առաջին տպավորություն էր: «Շատերը  շարունակում էին այդ կառույցների մոտ մնալ՝ հուսով, որ կգտնեն կորած հարազատներին, կամ էլ ինչ-որ մի իր, հագուստի կտոր, որը կհիշեցներ նրան»,- պատմում է ականատեսը:

Բժշկական ու հոգեբանական օգնության կազմակերպման համար առաջին օրերին Գյումրիում չկային նույնիսկ տարրական պայմաններ: Բժիշկներն ու հոգեբաները ստիպված էին աշխատել ցուրտ ու անհարմար վրաններում:

«Մի մանկապարտեզի շենքի վրա էինք 60 հոգով աշխատում և ի պատասխան մեր աջակցության, բնակչությունն ամեն երեկո մեզ հաց ուտելու էր հրավիրում, մածունով տոլմա հյուրասիրում: Դա շատ տպավորիչ ու հուզիչ էր, ու դա  էլ հույս էր տալիս մեր թիմերին աշխատելու և ավելին անելու այն պայմաններում, ինչ կար,  ու ոչ մեկը չէր բողոքում»,- նշում է Մարի-Քրիստին Ֆերիրին՝  փաստելով աշխատանքի բերումով եղել է նաև Պերուի, Հայիթի, Պակիստանի, Ինդոնեզիայի երկրաշարժից տուժած բնակավայրերիում, բայց ամենահուզիչը Գյումրիում էր: «30 տարի է անցել, բայց ես շատ բաներ չեմ մոռացել: Հայաստանի հետ կապված զգացումները շատ ուժեղ են»։

Փրկարարների ճամբարը Սպիտակում

Կազմակերպության պատմության մեջ Հայաստանում 1988 թվականից հետո իրականացվող ծրագիրը համարվում է ամենամեծը: Դա են փաստում այդ օրերին Հայաստանում գտնվող բժիշկներն ու փրկարարները: «Սկզբում շատ դժվար էր, քաոս էր, որն առաջացել էր ոչ միայն տեղի ունեցածից, այլ նաև օգնության ժամանած կազմակերպությունների խառնաշփոթից»,- Sputnik Արմենիային պատմեց ԲԱՍ Ֆրանսիայի նախագահ Մկրտիչ Թերզյանը:

Մարի-Քրիստին Ֆերիրի

Մի քանի շաբաթների ընթացքում կազմակերպության 72 բժիշկ-մասանգետ ժամանեց Հայաստան, հատուկ դեպի Գյումրի իրականացվեց 7 չվերթ, բերվեց 250 տոննա դեղորայք և  այլ բժշկական սարքավորումներ:

armeniasputnik.am