Գյումրեցիներից շատերի նման Ասատրյանների համար 88 թվականը վերածնվելու, մահվան դեմ պայքարելու ու փորձությունների տարի դարձավ։ Այսօր էլ` 30 տարի անց, նրանք չեն կարողանում առանց արցունքների հիշել այդ օրերը։ Sputnik Արմենիայի «Երկրաշարժը` ականատեսի աչքերով» նախագծի շրջանակում ներկայացնում ենք մի պատմություն, որը շատերի համար կարող է անհավանական թվալ։
Դուխիկն ու Հրանտը մեկ տարվա ամուսիններ էին, բոլոր երիտասարդների նման երազում էին երջանիկ ու ամուր ընտանիք ունենալ: 1988 թվականի նոյեմբերի 15-ին ծնվեց առաջնեկը՝ Աշոտը, և երիտասարդների` ամուր ընտանիք ունենալու երազանքն ավելի ամրապնդվեց, բայց վրա հասավ դեկտեմբերի 7-ը։
Հրանտ և Դուխիկ Ասատրյանները
Տանը երկուսով էին՝ մայրն ու որդին։ Փոքրիկն ընդամենը 22 օրական էր: Երբ գրանցվեց առաջին ցնցումը, 21–ամյա կինը բնազդաբար գրկեց որդուն ու փորձեց փախչել: Թե ինչ տեղի ունեցավ հետո, ինչպես փլվեց Անտառավան թաղամասում գտնվող իրենց 5 հարկանի շենքը, ու իրենք էլ հայտնվեցին փլատակների տակ, կինն աղոտ է հիշում: «Մութ էր, երեխան լացում էր, ոտքերս սաստիկ ցավում էին, խեղդվում էի փոշուց: Որդիս ծածկոցով էր փաթաթված: Ծածկոցն այնպես արեցի, որ շատ փոշի չշնչի։ Ձեռքով պահեցի, որ վրան քար չընկնի: 21 տարեկան էի, չէի հասկանում` ինչ է կատարվում»,- պատմում է կինը և ավելացնում, որ մինչ այդ դեպքը կոմպոտներ շատ էր սիրում, հատկապես`դեղձի ու բալի։ Բայց փլատակների տակ, երբ աչքերը փակում էր, և խեղդող ծարավի պատճառով աչքի առաջ էին գալիս կոմպոտները, ինքն ընտանիքի անդամներից կոմպոտ էր ուզում, ու ոչ մեկը չէր տալիս։ Դրանից հետո մինչ օրս կինը կոմպոտ չի սիրում: Հենց այդպես առանց հաց ու ջրի մայրն ու որդի մնացին 4 օր:
«Ուզում էի որդուս կերակրել, բայց հետո մտածեցի՝ մեկ անգամ կերակրեմ, բա հետո՞…»,- հիշում է կինը:
Որդին անընդհատ լացում էր, ու երիտասարդ մայրը ոտքի վնասվածքի պատճառով չէր կարողանում որևէ բան անել: Ցավից երբեմն ուշագնաց էր լինում, հետո կրկին գիտակցության գալիս ու փորձում էր օրորելով հանգստացնել տղային:
Աշոտ Ասատրյանը
Այդ ընթացքում փլատակների տակ ձայներ էին հասնում, իսկ որդին շարունակ լացում էր: Կինը բղավում ու օգնություն էր խնդրում. «Օգնե՛ք, բայց զգուշ եղեք. այստեղ երեխա կա»: Իրենց հարազատներին փնտրող ու դեռ գտնելու հույսը չկորցրած ընտանիքի անդամները այդ ամբողջ ընթացքում հերթապահում էին փլատակների մոտ:
«Օգնության էին եկել Արտաշատի Դվին գյուղից։ Թաթոս անունով երիտասարդ էր օգնողը»,- հիշում է Դուխիկի ամուսինը՝ Հրանտը:
Աշոտի լացի ձայնով գտան փլատակի տակ հայտնված հարազատներին, փոքրիկ անցքից հաջողվեց դուրս բերել որդուն, իսկ մորը հանեցին մոտ 8 ժամ անց:
Հրանտ և Դուխիկ Ասատրյանները
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am