Իշխանավորները ամբողջ տարի ոչինչ չեն անում, բայց ամեն տարի դեկտեմբերի 7-ին «մեծ շուքով» նշում են երկրաշարժի օրը. Անահիտ Քոչարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Իշխանավորները ամբողջ տարի ոչինչ չեն անում, բայց ամեն տարի դեկտեմբերի 7-ին «մեծ շուքով» նշում են երկրաշարժի օրը. Անահիտ Քոչարյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստուհի, գյումրեցի Անահիտ Քոչարյանը: Վերջինս այսօր՝ 1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց, չցանկացավ խոսել հիշողությունների մասին: Նրա խոսքով՝ դա ցավ է, որի հետ գումրեցիները ապրելու են մինչև կյանքի վերջ, բայց կարևոր է ոչ թե ցավի մասին հիշել, այլ սպիները ամոքել կոնկրետ գործերով:

«Չեմ ուզում խոսել երկրաշարժի մասին, որովհետև մենք 30 տարի պատմել ենք, լսել ենք, վերապրել ենք, դա բնական աղետ էր, սարսափելի մի բան, որ պատահեց մեզ հետ: Բայց անցել է 30 տարի և ինձ այսօր ավելի շատ զայրացնում է այն փաստը, որ մեր իշխանավորները ամբողջ տարի կարող են ոչինչ չանել, բայց ամեն տարի դեկտեմբերի 7-ին, չեմ վախենա այս բառն ասել, մեծ շուքով նշել այդ օրը, գան Գյումրի, ծաղկեփնջեր դնեն, գլուխ խոնարհեն: Ավելի լավ չէ՞ր, մենք էդպիսի շուքով չնշեինք այդ օրը, բայց այսօր տնակներում ապրող մարդիկ չլինեին, այսօր Գյումրին աղետի գոտի չլիներ»,- նշեց Անահիտ Քոչարյանն ու շարունակեց.

«Այսօր ես անպայման ուզում եմ հիշել այն շինարարներին, որոնք ժամանակին կառուցել են Գյումրու թատրոնի շենքը: Ես խոնարվում եմ նրանց առաջ, որովհետև մեր շենքը կանգնուն մնաց նրանց շնորհիվ. Նրանք խղճով ու հոգով էին կառուցել մեր շենքը, որը անգամ չվնասվեց այդ արհավիրքից: Եթե մնացած շենքերն էլ կառուցելիս նման մոտեցում լիներ, երևի այդքան ավերակներ, հետևաբար զոհեր չէինք ունենա: Ես ցավում եմ, որ այսօր էլ այդ առումով դասեր չեն քաղվում:

Այսօր էլ նորակառույց շատ շենքերում մարդիկ ապրում են, բայց նույնիսկ առանց երկրաշարժի է պատը կամ առաստաղը փլվում ու տեսնում են, որ ցեմետի ու ավազի փոխարեն աղբ է լցված: Գիտեք, երկրաշարժի զոհերից ոչ մեկին ոչ ոք չի մոռանա: Ժամանակը պարզապես մարդկանց հանդարտեցնում է ու սովորեցնում վշտի հետ ապրել, բայց այդ կորուստը միշտ ներսումդ է ու ստիպված ես ամբողջ կյանքում դա տանել: Պարզապես ավելի լավ կլիներ, որ կարողանայինք դասեր քաղել, իմաստանալ ու մտածել մեր երեխաների վաղվա օրվա մասին, որպեսզի նրանք վթարային շենքերում չապրեն»:

Անահիտ Քոչարյանը չցանկացավ խոսել իր հիշողությունների մասին, միայն նշեց, որ այդ օրը եղել է թատրոնում՝ քննարկելու Սումգայիթի ջարդերից տուժածներին օգնելու հարցը: Հենց թատրոնի շենքն էլ նրանց փրկել է. այդ օրը զոհվել են երկու դերասանուհի, դաշնակարուհին, գրական մասի վարիչը, որոնք չէին եկել թատրոն:

«Իմ ընտանիքում զոհեր չեղան, արյունակցական երկրորդ կապի կորուստներ ունեցա, բայց կարևոր չէ՝ ընտանիքումդ եղան կորուստներ, թե ոչ, ամեն մի կորուստը քոնն էր, ամեն զոհված անծանոթ արդեն քեզ հարազատ էր, այդ օրերին հնարավոր չէր ուրախանալ, որ ընտանիքումդ զոհ չկա»,- ավարտեց ՀՀ ժողովրդական արտիստուհին:

life.panorama.am