Ե՛վ սրտի կանչով, և՛ ամենամոտը Վրաստանն էր, այդ պատճառով Սպիտակի երկրաշարժի սարսափելի օրերին առաջին արձագանքն այնտեղից եղավ։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն մարդկանց, ովքեր թողնելով տները, ընտանիքներին ու աշխատանքը, օր ու գիշեր աշխատում էին աղետի գոտում։ Փրկարարներից ու հոգեբաններից շատերը այդպես էլ չկարողացան ուշքի գալ հոգեբանական տրավմաներից։
Երեսուն տարի առաջ Վրաստանն առաջիններից էր, որ օգնության եկավ Հայաստանին. մի քանի ժամվա ընթացքում հազարավոր մարդիկ ժամանեցին քանդված երկիր։ Թբիլիսին և վրացական այլ քաղաքներն ընդունում էին անօթևան մնացածներին։ Sputnik Գրուզիայի մեր գործընկերները հանդիպել են այդ սարսափելի օրերի ականատեսներին։
Օթար Տում–Նաչկեբիա, նախկին փրկարար, 80 տարեկան
«Այդ օրն առավոտվանից մելիորացիայի ու ջրային տնտեսության նախարարությունում ժողով ունեինք. ստորգետնյա ցնցումները զգացվում էին նաև Թբիլիսիում, իսկ արդեն մի քանի րոպե անց իմացանք, որ էպիկենտրոնը Սպիտակում էր, ու որ այնտեղ սարսափելի բան է տեղի ունեցել։
Այդ ժամանակ արդեն փրկարարական աշխատանքների փորձ ունեի, որ ձեռք էի բերել Տաշքենդի երկրաշարժի ու Չերնոբիլի աղետի ժամանակ։ Միանգամից սկսեցինք հավաքվել Հայաստան գալու, ութ մեքենայով էինք գալիս, ճանապարհին մեզ Վրաստանից այլ փրկարարներ էլ էին միանում։ Հիշում եմ` երբ Սպիտակ էինք մտնում, տեղացիները սկսեցին բղավել` հրեշտակը գալիս է։ Ասում էին, որ Աստված իրենց հրեշտակների է ուղարկել, թեև ինչ հրեշտակ, մենք չէինք կարող հրաշք գործել։
Մեզ իսկական սարսափ էր սպասում. սև մառախուղում ինչ-որ աղմուկ, նվաղոցներ ու լաց էր լսվում, ոչ ոք չէր հասկանում` ինչ է կատարվում, ամեն ինչ խառնվել էր։ Ինչ–որ պահի Լենինականում հայտնվեցինք, այստեղ ամեն ինչ նույնքան սարսափելի էր։
Մեզ հաջողվեց Լենինականում երեխաների փրկել, բեկորների տակից երկու դասարան երեխա հանեցինք։
Շատերը մահանում էին անընդհատ փլվող բեկորների տակ։ Ամենասարսափելին ընտրությունն էր` ում փրկես, ում` ոչ։ Եթե ինչ-որ մեկը խրված էր փլատակների մեջ, նա կարող էր սպասել, վազում էինք այն մարդկանց մոտ, ով արդեն մահանում էր։ Հիշում եմ` փլատակների տակ մնացած մի տղամարդու հանդիպեցի։ Ես վերցրեցի ճկվող խողովակը, անցկացրեցի այն բեկորների արանքով, որ նրան գինի խմեցնեի, որ ուժերը պահպանվեն։ Ապա` ձեռքս մտցրեցի, նա բռնեց դաստակս ու կապեց իրեն էլեկտրականության լարով։ Վախենում էր, որ կթողնեմ իրեն։ Փառք Աստծո` մեզ հաջողվեց հանել նրան։
Լենինականում մեծ արտադրական մասնաշենք կար, որը տեղաշարժվել ու ընկել էր կողքին կանգնած շենքի բաղնիքի ու հանդերձարանի վրա։ Այնտեղ կանայք էին, մոտ 300 մարդ։ Բոլորը ջրահեղձ էին եղել։ Մենք երկար ժամանակ հանում էինք նրանց։ Բոլորը մերկ էին, նրանց մարմինները չէին փտում, որովհետև ուժեղ սառնամանիք էր։ Դա երկրաշարժի ժամանակ իմ տեսած ամենասարսափելի տեսարանն էր։ Երբ մարմինները սկսեցին հալչել, կանայք սկսեցին շարժվել։
Սարսափելի պատմություններն անթիվ են։ Աշխատում եմ չհիշել դրանք, որ չխելագարվել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am