«Մենք մարդկանց հնարավորություն ենք տվել գոնե իրենց հարազատներին քրիստոնեաբար թաղելու»,- ասում է բրիտանացի փրկիչ Ռեջի Բերին՝ նայելով Սպիտակի գերեզմանոցի գերեզմանաքարերին: 30 տարի առաջ նա հրշեջ ընկերների հետ եկավ Հայաստան, որպեսզի փրկի մարդկանց: Սակայն նրանց «բաժին էին մնացել» միայն մարմիններ: Շատ մարմիններ:
Սպիտակի բլուրի գերեզմանոցում գերեզմանը գերեզմանի վրա է, ընտանիքը՝ ընտանիքի, մահվան նույն տարեթվով՝ 1988 թ. դեկտեմբերի 7՝ օր, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Շատ գերեզմանաքարերի տակ թաղված են այն մարդիկ, ում մարմիններն ավերակների տակից գտել է Ռեջի Բերին:
1988-ի դեկտեմբերի 7-ին Խորհրդային Միությանն օգնության հասան տարբեր արևմտյան երկրների փրկարար ջոկատներ: Դրանց թվում էին նաև անգլիական Լանկաշիր կոմսության 23 հրշեջ:
Այդ ջոկատի երկու անդամ՝ հրամանատար Փոլ Բյորնսն ու հրշեջ Ռեջի Բերին, BBC-ի և Հայաստանի հանրային ռադիոյի թղթակիցների հետ միասին 30 տարի անց կրկին Սպիտակում են:
1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից 19 րոպե առաջ, սարսափելի ստորգետնյա հարվածն ավիրեց Սպիտակ քաղաքն ու Հայաստանի հյուսիսում գտնվող մի քանի այլ քաղաքների հազարավոր շինություններ: Երկրաշարժի արդյունքում զոհվեց ավելի քան 25 հազար մարդ Սպիտակում, Կիրովականում (ներկայիս՝ Վանաձոր), Լենինականում (ներկայիս՝ Գյումրի), Ստեփանավանում և շրջանի այլ քաղաքներում ու գյուղերում:
ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը երկրաշարժի պահին հատուկ այցով ԱՄՆ-ում էր, և հենց այնտեղ էլ դիմեց արևմտյան երկրներին՝ օգնության հասնելու Հայաստանին: «Կատարելապես արտասովոր մի բան էր այն, որ Գորբաչովը միջազգային օգնության դիմեց, որ արևմտյան փրկիչներին հրավիրեց ԽՍՀՄ: Ես կարծում եմ, որ տեղի բնակիչները ևս զարմացել էին արևմտյան փրկիչներին իրենց երկրում տեսնելով»,- հիշում է Փոլ Գյորնսը:
Իռլանդացի Բյորնսը և նրա անգլիացի ընկերները հավաքվեցին երկու օրում: Հատուկ հանդերձանք, իհարկե, նրանք ունեին: Սնունդ, վերարկուներ, տաք ներքնազգեստ, գուլպաներ ու քնապարկեր առաջին իսկ խնդրանքից հետո նրանց տրամադրեցին Սառը պատերազմում ԽՍՀՄ հակառակորդ մեկ այլ երկրի ներկայացուցիչները՝ Լիվերպուլի Բյորտոնվուդ բազայի ամերիկացի զինվորները:
Բրիտանացի փրկարար Ռեջի Բերի
Ամբողջությամբ՝ blognews.am