«Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար. քաղաքագետ
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար. քաղաքագետ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը շատ քչերն էին կասկածի տակ դնում:

«Ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացմանը»,-ասաց Ալեքսանդր Մարգարովն՝ ավելացնելով, որ «Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար: Նրա խոսքով, պարզ է, որ բնակչության շրջանում կան բավական մեծ սպասելիքներ, խնդիրն այն է, թե նոր կառավարությունն ինչ ծրագիր է ներկայացնելու և ինչպես է դա իրականացնելու:

Խոսելով խորհրդարան անցած քաղաքական մյուս ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիրի գործառույթը, կարծես թե, պետք է իրենց վրա վերցնեն «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը, սակայն, ըստ նրա, դա փոքր-ինչ դժվար է պատկերացնել:

«Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ ծրագրային առումով խորհրդարան անցած քաղաքական ուժերի մոտ շատ տարբերություններ չկան: Մոտեցումները հիմնականում նույնն են, միայն, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ն արտաքին քաղաքական դաշտում կողմնակից է արևմտյան վեկտորին: Մյուս կողմից, այս քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ դաշնակից է եղել, դժվար է պատկերացնել ընդդիմության դերում հանդես գալը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա այս քաղաքական ուժը միշտ հայտարարել է, որ ինքը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն: Մի քիչ դա տարօրինակ է, բայց ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, հետաքրքիր է պատկերացնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը: Նրանք փորձելու են լինել ավելի քննադատող ընդդիմություն խորհրդարանում հայտնվածերի համեմատ:

Անդրադառնալով ընտրությունների քաղաքացիական մասնակցության թվին՝ քաղաքագետը բնական է համարում ընդդիմադիրների կողմից դա շահարկելը:

«Որոշ քաղաքական ուժեր շահարկելու են այս թվերը, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները  խոսելու են այն մասին, որ տեսեք ընտրություններին քիչ մասնակցեցին, հետևաբար դա թույլ է տալիս ասել, որ կա հիասթափություն և այլն: Իշխանական կողմն էլ նշելու է, որ եղել է ազատ ընտրություն, առկա չի եղել վարչական ռեսուրսի կիրառում, թվերն էլ արհեստական ձևով չեն բարձրացվել: Իրականում ճշմարտությունը, երևի, այս երկուսի մեջտեղում է: Մի կողմից ընտրողների մոտ կա հոգնածություն, մյուս կողմից տեսնում են, որ «Իմ քայլը» հանգիստ մեծամասնություն է հավաքելու, մտածում է ընտրատեղամաս գնալու կարիք չկա, մյուս կողմից պետք է հաշվի առնել Հայաստանում գտնվող իրական ընտրողների թիվը»,-հավելեց նա:



Նման նյութեր