Հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը գիտի՝ ինչպես Ամանորին ստեղծել իսկական տոնական մթնոլորտ ու վայելել ամեն պահը։ «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը Ամանորին հատուկ ոգեւորությամբ է նախապատրաստվում, երեւի հենց դա է պատճառը, որ Ամանորի հետ կապված այդքան ջերմ, զվարճալի, տեղ-տեղ նաեւ հուզիչ հիշողություններ ունի։
Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ Wnews.am-ն զրուցել է տարվա ամենասպասված տոնի՝ Ամանորի մասին։
-Տիկի՛ն Թաազյան, ինչի՞ հետ եք ասոցացնում Ամանորը, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար։
-Ամանորն ասոցացվում է որպես նոր բանի սկիզբ։ Նոր տարուն բոլոր մտածմունքներն ու իրադարձությունները մնում են ետեւում, լավի համար շնորհակալություն ես հայտնում՝ հուսալով, որ Նոր տարին էլ ավելի հետաքրքիր ու դրական սկիզբ է ունենալու։
Բոլորիս համար Ամանորն ընտանեկան տոն է։ Ինձ դուր է գալիս տոնական եռուզեռը։ Եղեւնին զարդարում ենք ընտանիքի բոլոր անդամներով, ամեն մեկն ունի իր պարտականությունը, եթե հանկարծ որեւէ մեկն արտերկրում ուղեւորության է լինում, պարտադիր իր համար մի խաղալիք եմ թողնում, որ գա, ինքն իր կողմից կախի, երազանք պահի։ Ի դեպ, ամեն տարի տոնածառի խաղալիքները տարբեր են լինում։ Հաճախ նախորդ խաղալիքներն ընտանիքի անդամներով ձեւափոխում ենք, թարմացնում։ Հիշում եմ՝ մի տարի միջնեկ որդիս որոշեց բոլորից տարբերվել եւ տոնածառ պատրաստել մեր գրադարանի գրքերով, շատ գեղեցիկ էր ստացվել։
Տարիներ առաջ պատահաբար մի շատ հուզիչ տոնական եղեւնու ականատեսը եղա։ Այդ տարի ամուսնուս քույրն էր մահացել, մենք էլ, բնականաբար, Ամանորը տոնելու տրամադրություն չունեինք։ Երեխաներս ձեղնահարկում բոլորից գաղտնի եղեւնին զարդարել էին իրենց հորաքրոջ լուսանկարներով։ Երբ հունվարի 3-ին ձեղնահարկ բարձրացա, պատահական տեսա այդ հուզիչ տոնածառը։
-Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին։
-Նոր տարին ավանդաբար դիմավորում ենք մեր տանը՝ Երեւանում, քանի որ այն մեծ է, տոնածառի լույսերն ու բուխարին միշտ վառված են լինում՝ այդպիսով տոնական շունչ հաղորդելով։
-Ո՞րն էր Ձեր ամենահիշարժան Ամանորը։
-Հիշում եմ՝ հորս կենդանության օրոք Ամանորը դիմավորեցինք ոչ թե Երեւանում, այլ հորս ծննդավայրում՝ Օձունում։ Շատ հետաքրքիր Նոր տարի ունեցանք. ամբողջ ընտանիքն էր հավաքվել։ Օձունն այդ տարի ձյունառատ էր։ Իմ հիշողության մեջ մնացել է մեզ հետ տարած եղեւնին՝ երկնագույն խաղալիքներով, որն ամբողջ ընտանիքի անդամներով զարդարում էինք «Աբբա»-ի երգերի ներքո։ Հիմա, երբ լսում եմ «Աբբա»-ի երգերը, այդ Նոր տարին եմ վերհիշում, որն ասես հորս Նոր տարին լիներ։
Հաջորդ օրը զավեշտալի դեպք եղավ. եղբայրս Եգիպտոսից եգիպտական սպիտակ հագուստ եւ «տյուլբան» (տղամարդկանց գլխաշոր) էր բերել, որը հայրիկս առավոտյան հագավ։ Երբ գյուղի բարեկամները գալիս էին մեզ շնորհավորելու, չէին հասկանում՝ Համլետ Թամազյանը գիշերանոցով է նստած, թե ինչ է հագել, հայրս էլ ներքուստ դրանից ուրախանում էր։
Ամբողջությամբ՝ wnews.am