Երևանի քաղաքապետի հայտարարությունն այն մասին, թե մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը սովորական պատճառաբանություն է որակում:
Այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով ուղևորահոսքի նոր հաշվարկ անելու մասին Հայկ Մարությանի հայտարարությունը։
«Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ` կրկին մեծ գումարով։ Ընդամենը պետք է հասկանալ՝ այս տարիների ընթացքում ուղևորահոսքն ավելացե՞լ է, թե՞ պակասել։ Դա ավելի հեշտ է»,- ասաց Եղիազարյանը:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ 2014 թվականից առ այսօր ուղևորահոսքը մեծ չափով չի փոխվել, հետևաբար, այսօրվա ուղևորահոսքի իրական պատկերը ստանալու համար բավական է մի քանի տոկոսի վերահաշվարկ իրականացնել։
Անդրադառնալով քաղաքապետի` այդ թեմայով հայտարարություններին, Եղիազարյանը դժգոհություն հայտնեց քաղաքապետի «սխալ լեքսիկոնից»` հավելելով, որ Մարությանը երթուղիները շահագործողներին անվանել է «գծատերեր»:
«Ամենամեծ գծատերը քաղաքապետն է»,-ասաց նա։
Հիշեցնենք`2017թ–ի օգոստոսին միջազգային խորհրդատվական WYG ընկերությունը 850 000 ԱՄՆ դոլարով ուսումնասիրել էր 2014թ.–ին հաստատված Երևանի տրանսպորտային ցանցն ու դրական եզրակացություն տվել։
Դեկտեմբերի 21-ին Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխության համար անհրաժեշտ է առնվազն 2 տարի։
Բացի այդ, նրա խոսքով, քաղաքապետարանը դարձյալ դիմել է տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունն իրականացրած միջազգային խորհրդատվական WYG ընկերությանը` լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար, քանի որ քաղաքապետարանում կասկածներ ունեն, որ ուսումնասիրության հիմքում դրված 2014թ.–ի ուղևորահոսքի տվյալներն այսօրվա իրողություններին չեն համապատասխանում։
Հայկ Մարությանի խոսքով`այս նոր ուսումնասիրության տվյալները կստացվեն 2019թ.–ի փետրվարին, որից հետո կներգրավվի մեկ այլ միջազգային վարկանիշ ունեցող ընկերություն` տեսական ծրագիրը գործնականի վերածելու համար։ Դրանից հետո միայն կհայտարարվեն շահագործողների մրցույթները։ Այս գործընթացը, Մարությանի հաշվարկով, կտևի առնվազն`2, առավելագույնը` 4 տարի։