«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Եվրոպայի քոլեջում (College of Europe) մագիստրոսական կրթությունը շարունակող պատմաբան Ծովինար Մարգարյանի պատմությունը։ Ծովինարն ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ մագիստրատուրան։ Աշխատանքային փորձը Հայաստանում եղել է բազմազան, բայց ոչ երկարաժամկետ։
«Արտերկրում սովորելու մասին առաջին մտքերը ծնվեցին համալսարանն ավարտելուց հետո, երբ բավական երկար ժամանակ չէի կարողանում որևէ աշխատանք գտնել։ Իսկ արտերկրում սովորելու փորձը և կարգավիճակը, գաղտնիք չէ, որ առանձնահատուկ ուշադրության է արժանանում մեր երկրի գործատուների շրջանում։ Այնուհետև՝ արտերկրում, և մասնավորապես՝ Եվրոպայում սովորելու ծրագրերը սկսեցի քայլ առ քայլ իրագործել արդեն ընկերներիս շնորհիվ։ Երբ ապրում ես մի միջավայրում և շփվում մարդկանց հետ՝ ամեն վայրկյան տեսնելով նրանց սովորելու ձգտումներն ու պատրաստակամությունը, միշտ ավելի լավը դառնալու, տևական աշխատասիրությամբ կատարելագործվելու փորձերը, դժվար է նման միջավայրում նպատակները չզարգացնելն ու առաջընթացի սեփական ծրագրեր չունենալը․ անկախ քեզանից՝ սկսում ես կրթվելու և զարգանալու հեռանկարներ մշակել, որպեսզի դու ևս չմնաս ստվերում և տեղում չդոփես»,- մեզ պատմեց Ծովինարը։
Նրա խոսքով՝ ուսանողական կյանքը Եվրոպայի քոլեջում շատ հագեցած է, վատնելու ժամանակ չեն ունենում. «Կյանքը եվրոպական քոլեջում կազմակերպված է՝ հաշվի առնելով ամեն մի վայրկյանը։ Ապրում ենք Եվրոպայի և եվրոպական հարևան երկրներից եկած ավելի քան 120 ուսանողների հետ։ Բացի ակադեմիական կյանքից՝ ստեղծված են բոլոր հնարավորություններն ու հարմարությունները ժամանցը կազմակերպելու, ազատ ժամանակն արդյունավետ և հաճելի տնօրինելու համար։ Կամպուսը, որտեղ ապրում ենք, գտնվում է Վարշավայի արվարձաններից մեկում՝ ընդարձակ անտառի մեջ, որտեղ մեր հարևանությամբ ապրում են ամենատարբեր անտառային կենդանիներ. սկսած սկյուռիկներից՝ մինչև եղնիկներ։ Ունենք մարզասրահ, խաղասենյակներ՝ ամենատարբեր խաղերի համար, զվարճանքի սրահներ և այն ամենը, ինչն ուսանողներին կարող է լիցքաթափել ծանրաբեռնված ուսումնական գործընթացի ընթացքում։ Բուն գիտական գործընթացից բացի, ունենք նաև արտալսարանային մի շարք հնարավորություններ, օրինակ՝ ուսանողներից բաղկացած համալսարանական երգչախումբ, որի կազմում եմ նաև ես։ Երգչախմբի շրջանակներում ելույթներ ենք ունենում համալսարանում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ, երբեմն հրավերներ ենք ունենում երգելու նաև համալսարանից դուրս՝ Վարշավայում կազմակերպվող միջոցառումներին»։
Ուսումնառությանը զուգահեռ՝ Եվրոպայի քոլեջի ուսանողները հնարավորություն են ունենում ներկայացնել նաև իրենց ազգային և մշակութային առանձնահատկությունները։ «Այդ շրջանակներում համալսարանում ունենում ենք ազգային կամ տարածաշրջանային օրեր։ Առաջիկայում՝ փետրվարի 2-ին, ունենք կովկասյան տարածաշրջանի օր, որտեղ ներկայացնելու ենք մեր պատմական, մշակութային, նաև խոհանոցային հարստություններն ու առանձնահատկությունները՝ վրացի և ադրբեջանցի ուսանողների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
Ծովինարի խոսքով՝ Եվրոպայի քոլեջում դասերը կազմակերպվում են մի փոքր այլ կերպ, քան մեզ հայտնի հայաստանյան բուհերում. «Քանի որ այստեղ տեղակայված է Եվրոպական քոլեջի միայն մեկ ֆակուլտետը (մյուսները Բելգիայի Բրյուգե քաղաքի գլխամասային մասնաշենքում են), այն հայտնի է՝ որպես «թռչող ֆակուլտետ» (flying faculty), այսինքն՝ մեզ մոտ դասախոսները գալիս են կարճ ժամանակով, անցկացնում են դասախոսությունները և գնում։ Դա է պատճառը, որ ծրագիրը սովորականից ավելի ծանրաբեռնված է․ լինում են օրեր, որոնք կարող են սկսվել առավոտյան 8:30-ից և ձգվել մինչև երեկոյան 21։00-22։00-ն։
Դասավանդող դասախոսներից բացի՝ մեծ հաճախականությամբ հյուրընկալում ենք նաև եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպանների, քաղաքական գործիչների, քանի որ սովորում ենք մի համալսարանում, որը, այսպես ասած՝ եվրոպական քաղաքական դպրոց է, համագործակցում է ԵՄ-ի հետ, և ծրագիրն էլ հենց կոչվում է եվրոպական միջդիսցիպլինար կրթություն՝ ներառելով քաղաքական, տնտեսական, իրավական, պատմական բնագավառներ»։
Ծանրաբեռնվածությանն ու ծրագրի հագեցածությանը զուգահեռ, Ծովինարի խոսքով՝ չափազանց հետաքրքիր է անցնում առօրյան ամենատարբեր երկրներից եկած, ամենաբազմազան մշակույթների կրող ուսանողների հետ. «Ընդհանրապես արտերկրում սովորելու առավելություններից մեկը հենց բազմամշակույթ միջավայրում ապրելու և սովորելու փորձն է, երբ սկսում ես ճանաչել քեզանից տարբեր, բոլորովին այլ արժեհամակարգ ու մտահորիզոն ունեցող, այլ մշակույթով կրթված ու դաստիարակված անհատների։ Օտարազգի դասընկերների հետ շփումը հաճախ ստիպում է շատ հարցերում վերանայել մոտեցումները։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ ինքս դառնում եմ ավելի հանդուրժող և համբերատար։ Եթե Հայաստանում երբեմն կարելի էր խուսափել որոշակի շփումներից և իրավիճակներից, ապա այստեղ, ապրելով ամենատարբեր մարդկանց հետ նույն միաջավայրում, հաճախ հնարավոր չի լինում խուսափել ոչնչից, որը կոփում է մարդկային շատ հատկանիշներ»։
Չթերագնահատելով Հայաստանում ստացած կրթությունը, այնուամենայնիվ, մեր զրուցակիցը նշեց, որ եվրոպական կրթական համակարգը բավականին տարբերվում է հայկականից. «Չնայած՝ վերջին տարիներին, բարեբախտաբար, արտերկրում սովորողների թվի աճին զուգահեռ՝ փոփոխությունների միտում կա նաև մեր հայկական համակարգում։ Արժևորելով Հայաստանում ստացած բազմակողմանի գիտելիքներս, որն իսկապես անգնահատելի է, հատկապես՝ եվրոպական կրթական միջավայրում, որտեղ ամեն ինչ չափազանց կոնկրետացված է տվյալ բնագավառի շրջանակներում, այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այստեղ ամենաառանցքային մեթոդներից մեկը սովորելու և վերլուծելու հմտություններ զարգացնելն է։ Անգամ քննությունները կազմակերպվում են այդ սկզբունքով․ չկան մեզ համար ավանդական քննական հարցաշարեր, չկան հարցեր, որոնց պետք է պատասխանել՝ կոնկրետ գրքերից սովորելով։ Քննություն հանձնելու համար պահանջվում է ուսանողի աշխատող միտքը, վերլուծելու կարողությունը, որը, իհարկե, ձևավորվում է գրականություն կարդալու միջոցով։ Ուսանողն ազատ է շարադրելու իր մտքերը, բայց յուրաքանչուր արտահայտած միտքն ամրապնդելով հիմնավոր փաստարկներով։ Կարծում եմ՝ բացի ակադեմիական գիտելիքներից, դա նաև հրաշալի միջոց է անհատ քաղաքացի ձևավորելու գործում, երբ ամեն ինչ ասվում է հիմնավոր, ինչն էլ օգնում է խուսափել բոցաշունչ, օդից կախված ամեն մի մերկապարանոց կարծիքից»։
Ծովինարն անկեղծացավ՝ ապրելով օտար երկրում, տանից և ընտանիքից հեռու, իհարկե, երբեմն լինում են նաև դժվար պահեր. «Ընդհանուր առմամբ, ուսումնական գործընթացում հաճախ ժամանակ չի լինում՝ երկար մտածելու և կարոտելու համար, բայց անգամ այդ պահերին մենակ չենք զգում, յուրաքանչյուրս այստեղ ենք նաև իրար աջակցելու, ծանր պահերին միմյանց կողքին կանգնելու համար։ Բարեբախտաբար, այստեղ Հայաստանից հինգ ուսանող ենք, իրարից առնում ենք ընտանիքի ու ընկերների կարոտը։ Ժամանակավոր լինելու գիտակցումը ևս օգնում է ավելի հեշտությամբ հաղթահարել ամենատարբեր դժվարությունները»։
Իսկ ինչ վերաբերում է ապագային, ապա Ծովինարը շատ դրական և խոստումնալից հեռանկարներ է տեսնում. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց արդեն որոշ ծրագրեր կան՝ վերադառնալուց հետո Հայաստանում աշխատելու և օգտակար լինելու հետ կապված, քանզի հավատացած եմ, որ արտասահմանում ստացածս կրթությունը, բացի անձնական ձգտումներից, պետք է ծառայի նաև հանրային շահին՝ այդպիսով արդարացնելով բոլոր այն դժվարությունները, որ կրել եմ դա ձեռք բերելու ընթացքում»։
Ռազմիկ Մարտիրոսյան