Առաջիկայում կծնվի «երեք ծնողներից» ևս մեկ երեխա: Բարսելոնայի համալսարանը հայտնում է, որ նորագույն տեխնոլոգիաները օգնել են հղիանալ Հունաստանում բնակվող 32-ամյա կնոջը, որն անպտղությամբ է տառապում:
Embryotools ընկերության գիտական տնօրեն Նունո Կոստա Բորխեսը նշում է, որ օգտագործվել են մեկ տղամարդու և 2 կնոջ համետները (սեռական բջիջներ): Ապագա երեխայի միջուկային ԴՆԹ-ն, որից կախված են նրա բնավորության բոլոր գծերը, ժառանգվել են կենսաբանական մորից: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, որը 37 գեն է պարունակում (գենոմի 1 տոկոսը), երեխան ստացել է դոնոր կնոջից:
Այս միջամտությունը թույլ է տալիս խուսափել մոր կողմից մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են երեխայի մոտ գենետիկ հիվանդություններ զարգացնել: Երեք ծնողներից երեխայի ծնունդը նորություն չէ. այդպիսի առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2016 թվականին Մեքսիկայում:
Վերջերս մկների վրա կատարված փորձերով գիտնականները պարզել են, որ երեք ծնողներից երեխայի ծնվելու տեխնոլոգիային նոր մոտեցումը կարելի է կիրառել նաև կանանց անպտղության դեպքում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ձվաբջիջը դեռևս կարող է միաձուլվել սերմնաբջջին, բայց նորմալ կիսվելու ունակությունը կորցնում է:
Գենետիկներին 2 տարի առաջ հաջողվել էր ստանալ Հունաստանի կառավարության աջակցությունը անպտուղ կնոջ մասնակցությամբ նման առաջին վիրահատության իրականացման համար: Վիրահատությունը հաջող էր անցել. կինը հղիության վերջին եռամսյակում է և սպասում է իր առաջնեկի՝ տղայի լույս աշխարհ գալուն:
Համանման տեխնոլոգիա է կիրառվում ևս 8 անպտուղ կանանց համար. ապագա մայրերը սպասում են սաղմերի իմպլանտացմանը: