Ովքե՞ր են հրավիրվել բանակի 27-ամյակի տոնակատարությանը, ովքե՞ր են ընդունել հրավերն ու ինչ տրամադրությամբ են ներկայացել «Դվին» հյուրանոց։
Հայկական բանակի 27-ամյակը ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ նշել է Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Լրագրողների ու չհրավիրվածների համար միջոցառման մուտքը փակ է, բայց հյուրանոցի մուտքի մոտ տեղի ունեցող ակտիվ անցուդարձից էլ պարզ է դառնում, որ հրավիրվածների թվում միայն իշխանական վերնախավը չէ. այստեղ անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող նախկին պաշտոնյաներ կան։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հյուրանոց մտնելուց առաջ լրագրողներին ասաց, որ Հայաստանի նոր իշխանություններից նեղացած չէ, նույնիսկ ողջունում է Հայաստանում այսօր տիրող իրավիճակը։
«Ես դեռ 2016-ին եմ ասել, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, որոնք կտրուկ առաջընթացի պայմաններ կապահովեն»,- ասաց Օհանյանը։
Իսկ իրեն առաջադրված մեղադրանքն ու քրեական գործը Օհանյանը վստահել է փաստաբաններին։ «Մենք մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- նշեց նախկին նախարարը:
Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանը` Օհանյանը չհերքեց, բայց հստակեցրեց, որ դա եղել է արտակարգ դրության հրամանագրի ստորագրումից հետո, և այդ ընթացքում ոչ մի բախում չի եղել։
Մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը լրագրողների միջոցով հասցրեց միայն իր շնորհավորանքները հղել բանակին։
«Մենակ առողջություն, հաղթանակ, ոչ մի բանից թող չվախենան․ մենք ուժեղ ենք, վերջ»,– ասաց նա։ Լրագրողների այլ հարցերից (հատկապես մարտի 1-ի մասին քրեական գործի մասին) Խաչատուրովին փրկեց միջոցառման հրավիրողը`Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա մոտեցավ Խաչատուրովին, ողջագուրվելով շնորհավորեց ու ներս հրավիրեց։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am